Իշխող կուսակցութիւնը վերջնական որոշում չէ առած ՀՅԴի հետ կառավարութիւն կազմելու մասին

By Asbarez | Saturday, 30 January 2016

 

 

0130sharmazanov

ԵՐԵՒԱՆ - 29 Յունուարի երեկոյեան ՀՀԿ գրասենեակին մէջ աւարտեցաւ ՀՀԿ կուսակցութեան Գերագոյն մարմինի նիստը, որմէ ետք Հանրապետական կուսակցութեան խօսնակ Էդուարդ Շարմազանով քննարկուած հարցերուն անդրադառնալով՝ դիտել տուած է, որ Դաշնակցութեան հետ համախմբական կառավարութեան կազմութեան գծով վերջնական որոշում չէ տրուած։

Ան նշած է, որ նիստին ընթացքին քննարկուած է ներքաղաքական, ներկուսակցական եւ արտաքին քաղաքական հարցեր: <<Հիմնականում քննարկումը ծաւալուել է սահմանադրական բարեփոխումներից բխող ընտրական օրէնսգրքի վերաբերեալ ՀՀԿի տեսակէտների շուրջ, բնականաբար քննարկել ենք առաջիկայ նստաշրջանի քառօրեայ աշխատանքների աւելի արդիւնաւէտ աշխատելու կազմակերպումը: Քննարկում է նաեւ տեղի ունեցել տարուայ առաջին եռամսեակում սպասուող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների կուսակցութեան թեկնածուների շուրջ>>, յայտնած է Էդուարդ Շարմազանով:

Ան աւելցուցած է, որ մարդուժի փոփոխութեան վերաբերող հարցեր չեն քննարկուած, իսկ  ՀՅԴին հետ համախմբական կառավարութիւն կազմելուն գծով տակաւին վերջնական որոշում չէ տրուած։ <<Մամուլը նշանակում է, մամուլն ազատում է, մէկին ուղարկում է այլ տեղ, մէկին բերում է, դա մամուլի խնդիրն է, ես էլ չեմ պատրաստւում մամուլում մեկնաբանուող, հրապարակուող բոլոր յօդուածներին անդրադառնալ, քանի որ դրանք այնքան բազմազան են եւ բազմաժանր, որ դժուար է նրանց ամբողջութեամբ պատասխանել: Ես՝ որպէս ՀՀԿի խօսնակ, բազմիցս նշել եմ, որ մենք դռները չենք փակում, մենք համագործակցութեան կողմնակից քաղաքական ուժ ենք, այս համագործակցութիւնը պէտք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴի հետ դեռեւս քննարկւում է համագործակցութեան ձեւաչափը, մի գուցէ յաջորդ նիստի ընթացքում, կամ դրանից յետոյ ես զարգացման մասին կը խօսեմ, բայց այս պահին վերջնական որեւէ բան յստակեցուած չէ: Այս պահին որեւէ պաշտօնների բաշխում, կոալիցիոն քննարկում, որեւէ վերջնական որոշում տեղի չի ունեցելէ:

Մարդու իրաւունքներու պաշտպանի թեկնածուին առնչութեամբ եւս քննարկում չէ կատարուած։ <<Այդ հարցը դեռեւս չենք քննարկել, որովհետեւ ԱԺն նախեւառաջ որոշում պէտք է կայացնի, որպէսզի յանձնաժողովներից մէկին լիազօրի այնտեղ առաջադրելու թեկնածուին, կը լինեն բազում թեկնածուներ, յանձնաժողովը պէտք է քուէարկի մէկ յանձնաժողովի օգտին եւ ներկայացնի ԱԺի դատին: Այս պահին չենք քննարկել, քանի որ ունենք ժամանակ>>:

 


comments