By Asbarez | Tuesday, 02 February 2016
ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեան 1 Փետրուարին խորհրդարանին մէջ լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին անդրադարձած է Դաշնակցութիւն–իշխանութիւն համագործակցութեան եւ յստակացուցած, թէ ի՛նչն է պատճառը, որ իշխանութեան հետ համագործակցութեան անցան այս հանգրուանին:
<<Այս Սահմանադրութիւնից բխում են տասը-տասնհինգ շատ կարեւոր օրէնքներ, բխում են մօտ 400ից աւելի օրէնքների փոփոխութիւններ, որոնց մէջ պէտք է լինել համահեղինակ: Փորձը ցոյց տուեց, որ եթէ դու դրսից ես խօսում, քո ասածներն այդքան չի արձանագրւում հետագայ տեքստերի մէջ: Ուզում ենք համահեղինակ լինել բոլոր այս օրէնքների ընդունման հարցում: Սա գլխաւոր նպատակն է: Կողքից՝ միայն դիտորդի դերում հանդէս գալով՝ մենք այդ խնդիրը չէինք կարող լուծել: Սա է ամբողջ նպատակը, որ մենք գնանք աւելի սերտ համագործակցութեան՝ հասկանալով, որ շատերը կարող են դա տարբեր կերպ մեկնաբանել>>, ըսած է պատգամաւորը:
Ան դիտել տուած է, որ երբ Դաշնակցութիւնը որոշէ քայլի մը դիմել, անպայման կը գործադրէ ատիկա: <<Ով ինչ ուզում է խօսի, վերջում արդիւնքները ցոյց կը տան ամէն ինչ: Ոչինչ, թող այս ընթացքում մենք վարկանիշի անկում ունենանք. իշխանութեան հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց աւելի լաւ է՝ մենք այս գինը վճարենք, քան ազգովի պետութիւնը կորցնենք: Դրա համար ենք մենք այս ճանապարհով գնացել եւ չենք էլ վախեցել մեր վարկանիշի ժամանակաւոր կորուստից: Մենք վստահ ենք եղել, որ վերջում արդիւնքները շատ աւելի կարեւոր են, քան այն, ինչ խօսեցին մեր մասին>>, նշած է Ռուստամեան:
Ան նշած է, որ միայն իշխանութիւնը չէ, որ վատ վիճակի մէջ է, այլ ամբողջ երկիրը։ <<Նրանք հասկացան, որ պէտք է գնան այս փոփոխութիւններին, քանի որ այսպէս շարունակել այլեւս հնարաւոր չէ: Ոչինչ, թող այս ընթացքում էլ մի քիչ հայհոյեն: Յանուն գալիք վառ խարոյկի, ես պատրաստ եմ այսօր ծխալ, յանուն վաղուայ ճշմարտութեան, թող հիմա ծխանք: Դաշնակցութիւնը չի կարող պարզ սխեմաներով առաջ գնալ, սա պարզունակ կուսակցութիւն չէ. 32 երկրում Դաշնակցութիւնը կառոյցներ ունի, ցոյց տուէք մէկին, որ դա ունի: Եթէ ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է մէկից, բայց նրան է ձայն տալիս, ուրեմն մեր երկրում մի բան այն չէ: Մենք ուզում ենք համակարգը փոխել: Եթէ միայն այդ դաշտն է մնացել, մենք պատրաստ ենք այդտեղ պայքարել: Ընդդիմութեանը միացանք, մտանք քառեակ, քառեակը մեր ասածները չարեց, տրոհուեց: Քառեակը թող մնար մեր գծի վրայ, մենք մեր խնդիրները կը լուծէինք: Չդիմացան անգամ մի երկու ամիս, նշանակում է՝ սխալ մարտավարութիւն էին ընտրել: Եթէ իշխանութիւնը հեղինակազրկուած է, բոլորիս խնդիրն է դա: Այդ հեղինակազրկուած ուժը մեզ ղեկավարում է: Իրավիճակի մէջ իրական ազդեցութիւն ունեցողը նա է: Մենք մտնում ենք դրա համար, մտնում ենք, որ իշխանութեան որակն էլ փոխենք, երկրում իրավիճակ փոխուի>>, եզրափակած է Արմէն Ռուստամեան:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ