Կիրո Մանոյան. Աշխարհի ուշադրութիւնը Թուրքիայից շեղուեց դէպի Հայաստան

By A1+ | Tuesday, 19 July 2016



<<Մենք այս ոճին դէմ ենք: Սա անհեռանկար մօտեցում է, եթէ չասեմ, որ նաև վնասակար: Իրականում ամենամեծ վնասը մեզ համար սրա հետևանքով եղաւ նաև արտաքին ճակատի վրայ: Դեռ չգիտենք, թէ ինչպէս կ'աւարտուի այս միջադէպը և եթէ նոր զոհեր խլելու գնով պիտի լինի, ապա դա առաւել խայտառակ է անելու Հայաստանը միջազգային հանրութեան առաջ>>,- <<Ա1+>>-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի և հայ դատի քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ խօսելով յուլիսի 17-ին <<Սասնայ ծռեր>> նախաձեռնութեան անդամների կողմից ոստիկանութեան ՊՊԾ շէնքը գրաւելու և մինչ այսօր այնտեղ մնալու մասին:

Յիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ՝ յուլիսի 16-ին Թուրքիայում, ռազմական յեղաշրջման փորձ էր տեղի ունեցել:

Կիրո Մանոյանի խօսքերով՝  Երևանում տեղի ունեցածն այնքան անսպասելի ու արագ կատարուեց, որ ամբողջ աշխարհի մինչ այդ Թուրքիայի վրա կենտրոնացած ուշադրութիւնը շեղուեց դէպի Հայաստան:

<<Ոչ միայն մեր երկրում ուշադրութիւնը շեղուեց Թուրքիայի իրադարձութիւններից, այլեւ դրսի ուշադրութիւնը և մարդիկ սկսեցին նմանութիւններ փորձել գտնել, որ նմանութեան եզր ոչ մի տեղ չկայ: Այսինքն Հայաստանում տեղի ունեցածն ինչ-որ մի խումբ դժգոհ մարդկանց արարք է և ոչ թե իսկապէս հանրութեան աջակցութիւնը վայելող շարժում, մինչդեռ Թուրքիայում տեղի ունեցածը մի խումբ զինուորականների փորձ էր, որը վստահ եմ, որ կար նրանց կողմնակից մի որոշ խաւ, բայց ոչ այնքան մեծ, որ թուրք զինուորականները յաջողէին: Իսկ Հայաստանում այդ խաւը չկայ էլ>>,-ընդգծում է պարոն Մանոյանն ու միևնոյն ժամանակ նկատում.

<<Այսինքն դա չի նշանակում, որ դժգոհութիւն չկայ Հայաստանում, այլ պարզապէս նշանակում է,որ  Հայաստանում ժողովուրդը  հասկանում է, որ այս միջոցներով հարց չի լուծուի մեր երկրում>>:

Կիրո Մանոյանից հետաքրքրուեցինք նաև, թէ  ՀՅԴ-ի համար ընդունելի՞  է յեղափոխութեան այս տարբերակը:

«Ներողութիւն, սա յեղափոխութիւն չէ: Յեղափոխութիւնը մէկ արարքով չի լինի, յեղափոխութիւնը, եթէ իսկապէս հասունացած լիներ, մենք այսօր կունենային հարիւր-հազարաւոր ճամփայ իջած  ժողովուրդ,ով իր դժգոհութիւնը կ'արտայայտեր,բայց դա չի եղել: Դա է յեղափոխութիւնը, բայց ոչ թէ այսպէս ինչ-որ մարդիկ առաւօտեան ժամին փորձեն ինչ-որ արարք գործեն,թէկուզ ոստիկանական ինչ-որ կենտրոնի վրայ և  յաջողութեան հասնեն այդ պահին: Վերջը՞: սրա շարունակութիւնը կամ վերջը  ո՞րն է: Լաւ, հիմա  իշխանութիւնները համբերում են, բայց մինչև երբ պիտի համբերեն>>,-պատասխանեց նա:

Դուք  զինուած խմբի անդամներին ահաբեկիչներ համարո՞ւմ եք, քանզի իշխանութիւնների կողմից այդ տերմինն է շրջանառութեան մէջ դրուել՝ զինուած խմբի անդամներին  բնութագրելու համար,-հարցեցինք պարոն Մանոյանից:

<<Թող արարքը վերջանայ, գործողութիւնն էլ բարով-խերով վերջանայ, վերջը գնահատականները կտանք: Հիմա առաջնահերթութիւնը հնարաւորինս խաղաղ, առանց զոհերի այդ ամենի վերջանալն է>>,-եզրափակեց նա:

comments