Արմեն Ռուստամեան - Որեւէ հաշուեյարդար չպէտք է իրականացուի այդ անձանց նկատմամբ

By ARF Press Office | Monday, 01 August 2016

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը <<Երկիր Մեդիայի>> խնդրանքով մեկնաբանել է զինեալների կողմից զէնքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծուած իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջութեամբ.

<<Մենք ողջունում ենք յանձնուելու մասին զինուած խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արիւնահեղութիւնը բացառելու համար: Եւ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաեւ 2 կողմերի ողջախոհութեան արդիւնք, որովհետեւ այն, ինչ իշխանութիւնները համբերատարութեամբ արեցին հետեւելով գործընթացին, նոյնպէս նպաստեց դրան:

Նաեւ այն, որ զինուած խմբի անդամները, իսկապէս հասկանալով եւ լինելով իրենց երկրի հայրենասէրը, եւ ընկալելով, որ այս ամենը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան աւելին չարժէ, քան այն, որ կանխուեն նոր զոհաբերութիւնները եւ նոր արիւնահեղութիւնը: Սա իսկապէս գնահատելի է, եւ այս իրավիճակում, բնականաբար, գլխաւոր հարցը մնում է հետեւեալը. մնացած առումներով գործընթացը պէտք է տեղի ունենայ այն տրամաբանութեամբ, որի մասին մենք յայտարարել էինք: Որեւէ հաշուեյարդար չպէտք է իրականացուի այդ անձանց նկատմամբ: Մենք պէտք է հետեւենք, եւ հասարակութիւնն էլ դա պէտք է անի, որ իսկապէս օրինական եւ ամենամեղմ տրամաբանութեամբ մեղադրանքները, որ ներկայացուելու են կապուած որոշակի յանցագործութիւնների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թոյլ են տալիս, նաեւ օրէնսդրութիւնն է թոյլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերուեն կատարուածին:

Միեւնոյն ժամանակ հասկանում ենք, որ, բնականաբար, այն պատճառները, որոնք այդ մարդկանց հասցրել են այդպիսի յուսահատ քայլի, հասարակութեան մէջ խորն արմատներ գցած պատճառներ են, դրանք պէտք է օր առաջ վերացնել, պէտք է ամեն ինչ անել, որպէսզի մեր երկրում այս աստիճանի դժգոհութիւնները պակասեն եւ վերանան:

Դրա համար մտածուած քայլեր են անհրաժեշտ: Ընդունելով այս դժգոհութիւնը վերացնելու բոլոր մօտեցումներն ու հնարաւորութիւնները՝ մենք չենք ընդունում այն ճանապարհը, որը կարող է մեզ իսկապէս հեռացնել այդ նպատակներին հասնելու առումով, եւ սա հիմնական դասն է, որ պէտք է քաղեն բոլորը՝ ե′ւ իշխանութիւնները, ե′ւ հասարակութիւնը, ե′ւ քաղաքական ուժերը: Կուտակուած խնդիրները լուծելու միակ տրամաբանական ճանապարհն այն ողջամիտ եւ ամբողջ աշխարհում յայտնի ձեւերն ու մեթոդներն են, որոնցով պէտք է թէ′ ժողովրդավարութիւն հաստատուի, թէ′ իրաւական պետութիւն ամրագրուի, թէ′ մարդու իրաւունքները պաշտպանուեն, որ այս դժգոհութիւնն ու բողոքը, որոնք օբեկտիվորեն ժողովրդի եւ հասարակութեան մէջ առկայ են, տեսնենք, որ վերանում են:

Սակայն դրա համար պէտք է տքնաջան աշխատանք, գիտակցուած մօտեցում, մարդիկ, ովքեր դա կարող են անել, այդ գործին պէտք է լծուեն: Սա իսկապէս մեզ բոլորիս պէտք է դաս լինի, որ օր առաջ մեր երկրում հաստատենք այնպիսի կարգեր, այնպիսի համակարգ, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է ոտնահարել իր հայրենակցի իրաւունքները եւ մեզ շեղել մեր ընդհանուր ազգային պետական նպատակներից>>:

 


comments