Արցախի Հանրապետութեան հռչակման 25ամեակին առիթով ՀՅ Դաշնակցութեան յայտարարութիւնը

By Asbarez | Friday, 02 September 2016

 

ARF_Logo-colored


Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25ամեակին առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

Սեպտեմբերի 2ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25ամեակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսութեան, ստեղծագործ կեանքի ու նուաճումների տարիներ: Այդ նուաճումները չէին լինի առանց համահայկական միասնութեան ու ներուժի համախմբման:

Այսօր կանգնած ենք անցած տարիների յաջողութիւններն ամրապնդելու, նոր մարտահրաւէրներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրուանում Արցախի խնդրի կարգաւորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը:

Այսօր պատեհ առիթ է մէկ անգամ եւս վերահաստատելու այս առումով ՀՅԴ դիրքորոշումները.

1 - Արցախեան Հարցի կարգաւորման որեւէ համաձայնութիւն պէտք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնուազն՝ Արցախի անկախութիւնը:

2 - Արցախի սահմանները ճշդելիս, պէտք է առաջնորդուել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական՝ աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:

3 - Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդուել Արցախի ժողովրդի 1991թ. անկախութեան եւ 2006թ. Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութեան ընդունման համաժողովրդական հանրաքուէներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ:

4 - Առ այդ ՀՅ Դաշնակցութիւնը՝

- Շարունակում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը: Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան ճանաչմանը:

- Պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը՝ որպէս լիիրաւ բանակցային կողմ ներառելու պահանջը:

- Հետամուտ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպէս Լեռնային Ղարաբաղի անկախութեան եւ անվտանգութեան երաշխիքի:

- Անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման հետ կապուած առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգաւորում:

- Դէմ է վերոնշեալ պահանջը անտեսող որեւէ <<փուլային>> լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագայ լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի: Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթեթային լուծման շրջանակներում.

- Պաշտպանում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան ճանաչման ակտի անհրաժեշտութիւնը` բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դէպքում:

- Հետամուտ է, որպէսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղեալ համարելու բոլոր ճիգերը դատապարտուեն միջազգային համայնքի կողմից:

- Համոզուած է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորները նախ եւ առաջ Հայաստանի Զինուած ուժերն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակն են: Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդիւնաւէտ միջոցներ կիրառուեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար:

- Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայութեան ներուժը՝ արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակայ խնդիրներ է համարում Արցախի բնակչութեան աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղուած համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

2 Սեպտեմբերի 2016

 


comments