By Asbarez | Thursday, 29 September 2016

<<ԺՈՂՈՎՈՒՐԴ>> ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Պարոն Մարգարեան, մեր երկրում որեւէ անգամ ընդդիմութեանը չի յաջողուել ընտրութիւններում յաղթել եւ այդպիսով երկրում իշխանափոխութիւն իրականացնել: Եւ հանրապետութեան կողմից այնքան պահանջուած փոփոխութիւններն ամէն անգամ իշխանութիւնները փորձել են անել՝ վարչապետներին փոխելով: Նախորդ վարչապետը իշխանութեան եկաւ նաեւ <<հրաշալի քառեակում>> ձեր ղեկավարած ուժի անմիջական ջանքերի արդիւնքում, սակայն ընդամէնը երկուսուկէս տարի անց պարզ դարձաւ, որ նա էլ ի զօրու չեղաւ որեւէ բան շտկելու: Ինչ էք կարծում՝ հնարաւո՞ր է երկրում գլոբալ փոփոխութիւններ իրականացնել վարչապետների փոփոխութեամբ:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Ընդհանրապէս փոփոխութիւնները լաւ բան են, չեմ էլ կարծում, որ այդքան յաճախ են տեղի ունենում: Բայց հաւատում եմ, որ անհրաժեշտութիւն կար մէկ նոր մօտեցումի, մէկ նոր ղեկավարման մշակոյթի, եւ յուսով եմ, ուզում եմ հաւատալ, որ այս նոր վարչապետի նշանակումով դա կ՛ունենանք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Ինչու հէ՛նց Կարէն Կարապետեանը, այլ թեկնածու չկա՞ր:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Հիմա ցանկացած մարդու պարագայում կարելի է ասել՝ ինչու այս մէկը, ոչ այն մէկը: Յամենայնդէպս, որոշողը ես չեմ եղել, որոշողը նախագահն է եղել: Կարծում եմ, հնարաւոր թեկնածուների մէջ ինքը լաւագոյններից էր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Իսկ եթէ նա նորից նեղանայ ու գնայ աւելի բարձր աշխատավարձով աշխատանքի, ինչպէս որ եղաւ, երբ նա Երեւանի քաղաքապետն էր:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Կարծում եմ, որ դա շատ պրիմիտիւ, պարզունակ բացատրութիւն է, թէ ինչու Կարէն Կարապետեանը քաղաքապետութեան հանգամանքը թողեց: Չեմ կարծում, որ աւելի լաւ աշխատավարձով աշխատանքի համար թողեց: Չեմ հաւատում, աւելի լուրջ պատճառ կար: Մանրամասնութիւններին տեղեակ չեմ, բայց կարող եմ ինչ որ բաներ ենթադրել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Նաեւ որպէս իշխող կոալիցիայում ընդգրկուած քաղաքական ուժի ղեկավար՝ ի՞նչ էք կարծում՝ ի՞նչ քայլեր պէտք է անի նոր կառավարութիւնը՝ Կարէն Կարապետեանի գլխաւորութեամբ, որպէսզի մեր երկրի՝ 5 միլիարդից աւելի պետական պարտքը աստիճանաբար ոչ թէ աւելանայ, այլ նուազի, որպէսզի արտագաղթի տեմպերը պակասեն, եւ, վերջապէս, աղքատութեան 35 տոկոսանոց ցուցանիշը նուազի:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Գիտէք քայլերը մէկ չեն: Վստահութեան ինստիտուտի վերականգնում, արդար մրցակցութեան, կայունութեան ապահովում եւ դրսի ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում, նաեւ՝ սոցիալական արդարութեան ուղղութեամբ քայլեր, սրանք հերթական քայլերն են, որոնք կարծում եմ, ով որ ուզում է՝ երկրի վիճակը դէպի լաւը փոխուի, պարտաւոր է այս ճանապարհներով ընթանալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Երբ մամուլը գրում էր Յովիկ Աբրահամեանի մօտալուտ հրաժարականի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը յայտարարեց, որ ՀՅԴն տեղեակ չէ կառավարութեան փոփոխութեան մասին: Հետաքրքիր է՝ կոալիցիոն գործընկերները ձեզ տեղեակ չէի՞ն պահել կառավարութեան փոփոխութեան մասին:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Ոչ, երկար ժամանակ էր, որ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը քննութեան նիւթ էր: Դեռ նախքան մեր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը, դեռ նախքան այդ էլ մենք քննել ենք այդ հարցերը նախագահի հետ, եւ նախագահն ունեցել է տրամադրութիւն փոփոխութիւնների: Այլ հարց է, թէ այդ փոփոխութիւնները կոնկրետ ինչպէս պէտք է լինէին: Թէ դա կոնկրետ ինչպէս պէտք է լինէր, բնականաբար, դրանք ամէն մէկ հանգրուանում են պարզւում, յստականում, յղկւում, բայց այս փոփոխութիւնների ծրագիրը դեռ նախքան մեր՝ Հանրապետականի հետ համաձայնագրի ստորագրումը քն-նութեան նիւթ է եղել, իսկ համաձայնագիրն արդէն փաստն է, որ անհրաժեշտ է փոփոխութիւն, քանի որ այն, ինչ որ մենք համաձայնում էինք անել, դա արդէն փոփոխութիւն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Իսկ կոնկրետ վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականի մասին դուք ե՞րբ էք իմացել:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Դէ, հիմա ինչ կարեւոր է… բայց այնպէս չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Տեղեկութիւններ կան, որ Կարէն Կարապետեանը դաշնակցական նախարարներից միայն Լեւոն Մկրտ-չեանի հետ է ցանկանում աշխատել: Խօսե՞լ էք նոր վարչապետի հետ այս թեմայով:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Ոչ միայն: Այդ արտայայտութիւնը աղաւաղուած էք ներկայացնում, լսել եմ, որ բոլո՛ր նախարարներից աւելի շատ կ՛ուզէր Լեւոն Մկրտչեանի հետ աշխատել, ոչ թէ դաշնակցական նախարարներից: Կարծում եմ, որ ինքը նախարարների հետ պրոբլեմ չունի, ուղղակի այս 20 օրուայ աշխատանքային ժամանակաշրջանում ինքը պէտք է եզրակացութիւնների յանգի, ինչպէս է տեսնում կառավարութեան կառուցուածքն ու ձեւաւորումը, տնտեսական ինչ քաղաքականութիւն է ուզում կիրառել երկրում, եւ բնական է, որ այստեղ կարող են հարցեր ստեղծուել: Բայց այս պահին առարկութիւն կամ վերապահութիւն չունի մեր նախարարների նկատմամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Դուք այդ թեմայով խօսե՞լ էք իր հետ:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Բնականաբար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Հիմա բոլոր նախարարները ժամանակաւոր պաշտօնակատարներ են, ե՞րբ են դաշնակցական նախարարները վերանշանակուելու եւ արդեօք վերանշանակուելո՞ւ են:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Սկզ-բունքայնօրէն կայ, որ մեր նախարարները մնալու են, այսքանը, բայց սա ընդհանուր ձեւով: Ինչպէս ասում են՝ ինքը 20 օր դեռ ժամանակ ունի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Տեղեկութիւններ կան, որ 2017թ. ԱԺ ընտրութիւններում Դաշնակցութիւնը Հանրապետական կուսակցութեան հետ դաշինքով է մասնակցելու: Կա՞յ նման ծրագիր, քննարկում եղե՞լ է, թէ ոչ:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Չգիտեմ, յանկարծ մամուլը երբեմն բաներ է մոգոնում, որ մարդու երեւակայութիւնից դուրս է: Այդպիսի բան չկայ, մենք գնալու ենք մեր ծրագրով եւ անհրաժեշտութիւն չկայ որեւէ մէկի հետ դաշինք կազմելու: Ես նման բան առաջին անգամ եմ լսում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Իսկ քաղաքական ո՞ր ուժի հետ էք տեսնում ձեր յետագայ համագործակցութիւնը:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Ճիշդն ասած, բոլորի հետ էլ տեսնում եմ, եթէ կայ նպատակների մէջ ընդհանրութիւն: Իսկ եթէ մօտեցումները համընկնում են, ես չեմ տեսնում պատճառ չհամագործակցելու: Կարծում եմ, որ մենք արդէն համագործակցութեան մէջ ենք Հանրապետական կուսակցութեան հետ, եւ դա ամէն ինչ ասում է, բայց դա չի նշանակում, որ մեզ համար բացառուած է միւսների հետ համագործակցելը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Դաշնակցութիւնը, լինելով իշխանութեան ներսում, մշտապէս հռչակել է իրեն իշխանութեան ներսի ընդդիմութիւն եւ բարձրաձայնել է իշխանութեան թերութիւնների մասին, սակայն տարիների ընթացքում այդ թերութիւնները ոչ թէ նուազել են, այլ աւելի են խորացել:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Նախ ես համոզուած չեմ, որ աւելի խորանում են, մեր երկիրը այն չի այսօր, ինչ որ 20 տարի առաջ էր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Այո՛, այսօր աւելի մեծ է անվստահութիւնը, մարդկանց յուսահատութիւնը, ինչի դրսեւորումները մենք տեսանք յուլիսեան դէպքերի ժամանակ:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Այո՛, այսօր դա կայ, բայց ամէն մի երեւոյթ, որ դու գնահատում ես, համեմատական հասկացողութիւն է: Մէկ կողմից դու քեզ պէտք է գնահատես քո նման ուժերի հետ, բայց որպէսզի ինքնասիրահարուածութեամբ չտարուես, ինքնագոհութիւն չապրես, քեզ պէտք է համեմատես զարգացած երկրների հետ, որին ձգտում ես հասնել: Այս առումով մենք զգացել ենք, որ միշտ էլ առաջ ենք գնում, բայց միշտ էլ գոհ չենք եղել: Ես Հայաստանում եմ 1990 թուականից, եւ բոլոր օրերը ժապաւէնի նման իմ աչքի առջեւով անցնում են: Այսինքն՝ Հայաստանը ամենավատ երկիրը չէ, սա մեր մտքից պէտք է հանենք: Ժողովրդավարութեան առումով մենք շատ-շատ բարձր ենք բոլորից: Թերութիւններ ունենք անշուշտ, դուք ասում էք՝ մենք կառավարութեան մէջ ինչ որ իմաստով բացասական երեւոյթները փորձել ենք մատնանշել, չեմ կարծում, որ Դաշնակցութեան կեցուածքի մէջ բան է փոխուել այն առումով, որ մի ժամանակ ընդդիմութիւն էինք կամ իշխանութիւն, քանի որ մեր մօտեցումները կուսակցական շահից ելնելով մօտեցումներ չեն: Մեր դիրքորոշումները մեր երկրի համար են, մենք չենք կարող ասել, որ երբ ընդդիմութիւն էինք, երկրում կոռուպցիա կար, իսկ երբ իշխանութիւն ենք, կոռուպցիա չկայ, այդպիսի բան չենք կարող ասել: Իբրեւ ընդդիմութիւն՝ այլ բան ունէինք եւ անում էինք, իբրեւ իշխանութիւն՝ մենք հաւատում ենք, որ գործ ունենք անելու եւ անում ենք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Պարոն Մարգարեան, յատկապէս այս ամառ առաւել ակնառու դարձաւ, թէ ինչքան խորն է հանրութեան մի զգալի մասի յուսահատութիւնը: <<Սասնայ ծռեր>>ի կողմից ոստիկանութեան ՊՊԾ գնդի գրաւմանը յաջորդած իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ մարդկանց դժգոհութիւնն այնքան է մեծացել, որ պատրաստ են անգամ զէնքի ուժով հարց լուծելու տարբերակը ողջունել: Ինչպէս յայտնի է <<Սասնայ ծռեր>> խմբի անդամների մէջ կային դաշնակցութեան նախկին անդամներ: Ըստ ձեզ, ինչո՞ւ նրանք դիմեցին այս ծայրայեղ քայլին եւ ինչի հասան ի վերջոյ:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Ես այս հարցով առաջին անգամ եմ խօսում: Պատճառները շատ են: Հայաստանի այդ օրերը չէի համակրում, քանի որ ինձ նեղացրել է, տագնապեցրել է, որովհետեւ ես այն անձերից եմ, եթէ մի բան ասում եմ, ճիշդ է, բրաւօ, գնում եմ, մասնակցում եմ ու փորձում եմ այդ հարցի մէջ լինել առաջին գծում: Ես չէի կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են բրաւօ, ապրէք ասել, բայց իրենց գործը չշարունակեն, իրենց կողքին չկանգնեն, իրենց դիրքորոշումների մէջ հետեւողական չլինեն: Ի՞նչ ստացուեց արդիւնքում: Արդիւնքում ստացուեց, որ ճիշդ է, նրանք նախկին դաշնակցականներ են, բայց ինչ որ տեղ մենք միասին կեանք ենք ունեցել, ես իրենց որպէս մարդ յարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կայ մէջս, որ արդեօք իրենք զոհ չգնացի՞ն քաղաքական ինչ որ վախկոտ մարդկանց հաշիւներին, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց հետ, ես տեսնում էի հեռուստատեսութեամբ, կար 70 տարեկան մարդ, գուցէ դեռ աւելին: Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից աւելի փոքր էին, թող մի շէնք էլ իրենք գրաւէին, եթէ դա ճիշդ ճանապարհն էր: Եթէ դա ճիշդ ուղին էր, թող մի շէնք էլ իրենք գրաւէին, երկրոդը գրաւէին, 4րդը գրաւէին, իսկ եթէ դա դա ճիշդ չէր, ինչպէ՞ս ասեցին բրաւօ: Ախր դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հաւանաբար վճարելու են: Ես իսկապէս դրա համար ափսոսանքի զգացում ունեմ: Նոյնիսկ բարկութեան տրամադրութիւններ են ստեղծւում, երբ ամէն անգամ մտածում եմ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Ամէն դէպքում ինչի՞ հասան <<Սասնայ ծռեր>>ը:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Չի կարելի որեւէ բան ղեկավարել առանց առաջին գծում լինելու, դա մի քիչ անպարկեշտութիւն է, մարդկանց հայրենասիրութիւնը մարդկանց զգացական ապրումները օգտագործես, կրակի մէջ գցես եւ դու մի կողմ կանգնես, դա մարդկային չէ: Դա գաղափարական մարդու պահուածք ու կեցուածք չէ: Ես իսկապէս վատ եմ զգում այն քաղաքական գործիչների համար, այսպէս կոչուած քաղաքական գործիչների համար, որոնք ասեցին բրաւօ, բայց նոյնը չարեցին: Եթէ ճիշդ էր, թող անէին, եթէ ճիշդ չէր, ինչո՞ւ այդ մթնոլորտը ստեղծեցին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Իսկ ո՞րն է ձեր գնահատականը <<Սասնայ ծռեր>>ի այդ քայլին:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Տղերքը գնացին, քանի որ ես կարծում եմ, որ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պէտք է ներեն ինձ, իմ երէկուայ ընկերները, իրենք խաբուեցին: Իրենք կարծեցին, որ հարիւր հազարաւոր ժողովուրդ դուրս կը գայ, իրենց կը պաշտպանի: Իրենք խաբուեցին, քանի որ կարծեցին, թէ դրանով ինչ որ բան կարող էին փոխել, բայց Հոկտեմբերի 27ն էլ ապացուցեց, որ այդ ճանապարհով հնարաւոր չի բան փոխել, ոչ թէ հնարաւոր չի փոխել, դրանից մենք չենք շահում, աւելի վնասւում ենք: Վերջիվերջոյ, եթէ կայ պայքարելու օրինական ձեւ, առնուազն այդ օրինական ձեւը դու պիտի սպառես:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Բայց տղաներն ասում էին, որ օրինական բոլոր ճանապարհները սպառուած են: Ըստ ձեզ, ո՞րն էր օրինական ճանապարհը, որով նրանք կարող էին պայքարել, բայց չարեցին:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Ընտրութիւններ, ժողովրդին կազմակերպել: Նայէք, ո՛ր կուսակցութիւնը Հայաստանում ունի կազմակերպուած շարքեր: Ինչո՞ւ չունեն, որովհետեւ չեն աշխատել, չէ՞: Այնտեղ ոչ ոքի ձեռքը չեն բռնում, կոկորդը չեն սեղմում, բայց տքնաջան աշխատանք է պէտք ժոովրդին քաղաքականօրէն կազմակերպելու համար, դա է միջոցը փոփոխութիւնների: Ես կարող եմ կռուել, պոռթկալ, երբ երկրում անարդարութիւն կայ, սոցիալական ծանր վիճակ կայ, բայց եթէ ես կռւում եմ, պոռթկում եմ, ասում եմ, որ ռուսական բազաները Հայաստանից պէտք է դուրս գան, որովհետեւ դա ինչ որ այլ պետութիւնների պահանջն է, դա այս ժողովրդի դարդ ու ցաւի հետ ի՞նչ կապ ունի, դա արդէն լրիւ ուրիշ բան է: ժողովրդի բողոքի, անարդարութեան սոցիալական վատ վիճակի հետ ի՞նչ առնչութիւն ունի, թէ հայ -թուրքական սահմանը ռուսակա՞ն ուժերն են պահում, թէ հայկական: Ոչ էլ այդ տղաներն են դրանում համոզուած: Ես վստահ եմ, որ իրենք էլ այդ համոզումները չունեն, ես վստահ եմ, որ մէկ ուրիշը իրենց համար գրել է այդ տեքստը եւ յետոյ թաքնուել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ- Այսինքն՝ ինչ որ ուժեր տղաներին ուղղորդել էին:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ- Դէ վերջիվերջոյ, ես այդ տղաներին շատ լաւ գիտեմ, ես այդ տղաների մի մասին առնուազն շատ-շատ լաւ գիտեմ, վատ իմաստով չեմ ասում, բայց նրանք ղեկավարուող անձինք են: Իրենց համոզումներն էլ, նրանց ներաշխարհն էլ գիտեմ: Այն պահանջները, որոնք ներկայացուեցին, առնուազն այս մասով, իրենց հետ առնչութիւն չունէին:
<<Ժողովուրդ>> օրաթերթ
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ