By Asbarez | Thursday, 17 November 2016

Հոկտեմբերի 13ին, վաղ առաւօտից Իսահակեանի անուան գրադարանում «անասեանական» մթնոլորտ էր տիրում: Ճեմասրահում հնչում էին մաէստրոյի ստեղծագործութիւնները, կազմակերպւում էր Անասեանի գրական ստեղծագործութիւնների ցուցադրութիւնը, իսկ երեկոյեան սպասւում էր հանդիպում՝ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասեանի հետ:
«Մաէստրօն մաէստրօ է՝ երաժշտութիւն գրի թէ գրական գործ, խմբավար լինի թէ… կարեւորը, որ նա միշտ փայտիկը ձեռքին է պահում, իր փայտիկը՝ ուրիշինը նրա ձեռքում շուտ կոտրուել էր, ուրիշի բաճկոնը մէկ ժամ իսկ չվայելած՝ կորել էր… ամէն ինչ անասեանական եւ անխառն պիտի լինի»:
Արտէմ Սարգսեանի այս գեղեցիկ բնորոշմամբ երեկոյի հանդիսավարը՝ դերասանուհի Գայանէ Սամուէլեանը մեկնարկեց հանդիսութիւնը:
ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, Աւետիք Իսահակեանի անուան Կենտրոնական գրադարանի տնօրէն Յասմիկ Կարապետեանը՝ ողջունելով ներկաներին, փաստեց, որ Հայաստանում «մշակութային աշուն» է՝ կապուած ՀՀ անկախութեան 25ամեակին, Թարգմանչաց տօնին: Ըստ այնմ էլ՝ Իսահակեանի անուան գրադարանը փորձում է օգտագործել այդ գեղեցիկ առիթները եւ մեր մշակութասէր հասարականութեանը ծանօթացնել՝ Սփիւռքից ժամանած մտաւորականներին, մշակոյթի լաւագոյն գործիչների հետ:
Այնուհետեւ Յասմիկ Կարապետեանը շնորհաւորեց ներկաներին՝ Հենրիկ Անասեանի ներկայութիւնը վայելելու համար, եւ մէջբերեց մաէստրոյի խօսքերը. «Հայաստանն ինձ համար նոր թռիչքների, արարումների հիմնական աղբիւրն է: Ես Հայաստանի հողից ու ժողովրդից եմ ուժ ստանում, որպէսզի հարստացնեմ իմ երկացանկը: Ինձ համար Հայաստան գալը նման է աղօթքի»:
Ողջունելով ներկաներին, մաէստրօն նշեց, որ Աւետիք Իսահակեանի անունը սուրբ անուն է եղել իրենց ընտանիքի համար, եւ որ վերջինս ճակատագրական դեր է ունեցել իր ընտանիքի կեանքում:
Իրականութիւնն այն է, որ Իսահակեանի եւ Արշակ Չօպանեանի միջնորդութեամբ է, որ ժամանակին, 1936 թուականին, թոյլատրուել է մաէստրոյի հօրը՝ Յակոբ Անասեանին, ընտանիքով հայրենադարձուել Հայաստան: Եւ այսօր, որպէս երախատագիտութեան փորձ, Անասեանը պարտք է համարել այս երեկոն անցկացնել յատկապէս Իսահակեանի յարկի տակ:
Եւ առաջին ստեղծագործութիւնը, որ ունկնդրեցին ներկաները, Անասեանը գրել էր Մեծ վարպետի «Իմ Արազ» բանաստեղծութեան հիման վրայ:
Յաջորդիւ, Անասեան յօրինող-կատարող երաժշտագէտին, նրա որդիներին՝ ջութակահար, դիրիժոր Արմէն Անասեանին, երգիչ Արամ Անասեանին, ընտանիքի մօրը՝ հիանալի երգչուհի Մարիետա Անասեանին, հանգամանալից ներկայացրեց Երեւանի պետական երաժշտանոցի Ազգային երգեցողութեան բաժնի դասախօս, դոցենտ Մարգարիտ Շահինեանը:
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանը, որը բարեբախտութիւն է ունեցել աշխատելու Հենրիկի հօր՝ պատմաբան, բանասէր, մատենագէտ, Լա Վըրն համալսարանի պատուաւոր դոկտոր Յակոբ Անասեանի հետ:
«Յակոբ Անասեանը խոր նուիրուածութիւն է ունեցել հայագիտութեան նկատմամբ», ասաց ակադեմիկոսը եւ շարունակեց. «Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, Ռումինիայում, գերութեան մէջ անգամ նա գրել է գիտական յօդուածներ: Նկատել եմ», յաւելեց Բարխուդարեանը, «որ աշխատելու ընթացքում ցածրաձայն երգում էր Անասեանը, ասել է թէ երաժշտութիւնը մշտապէս թեւածել է Անասեանների ընտանիքում: Հայրենասիրութիւնն ու սէրը երաժշտութեան հանդէպ ժառանգական բնոյթ է կրում նրանց ընտանիքում: Այսօր նման մարդիկ սակաւ են, որոնք միացնում են հայրենիքն ու Սփիւռքը:
Գրականագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր Սուրէն Դանիէլեանը յիշատակեց, որ պատիւ է ունեցել ճանաչելու Անասեան ընտանիքի ակունքը եւ չգերազանցուած գիտնական Յակոբ Անասեանին, ով իր համար եղել է անհպելի անձնաւորութիւն, եւ ուրախ է, որ ծանօթացել ու մտերմացել է Հենրիկ Անասեանի հետ: Նա նշեց, որ Անասեանները հակադրւում են իրենք իրենց, քանի որ «Անասեան» նշանակում է չխօսող, չ՛արտայայտուող, մինչդեռ նրանք երգով, երաժշտութեամբ, գիտական խօսքով բացուեցին հայոց աշխարհի առջեւ:
Սուրէն Դանիէլեանը շնորհաւորեց մաէստրոյին՝ Հայաստան գալու առթիւ, նշելով, որ նա նոյնիսկ չի էլ գնացել Հայաստանից, իսկ եթէ գնացել է, ուրեմն Հայաստանն է տարել իր հետ: Ապա ողջունեց Մարիետա Անասեանին, ում թովիչ ձայնը վայելել է ինչպէս Էջմիածնի Մայր տաճարում, այնպէս էլ Միացեալ Նահանգներում:
Երեկոյի ընթացքում Հենրիկ Անասեանը նշեց, որ իր համար սկզբունք է եղել օտարութեան մէջ մեր ժողովրդական երգի վարկը բարձրացնելը, որ տասնամեակներ շարունակ խեղուած է եղել մեր ժողովրդի տրամաբանութեան մէջ: Նա սկսել է ժողովրդական երաժշտութիւնը մշակել յատկապէս երգչախմբերի եւ սիմֆոնիկ նուագախմբի համար՝ այն մտայնութեամբ, որպէսզի եւրոպականացնի եւ կարողանայ համաշխարհային բեմ բարձրացնել մեր ժողովրդական երաժշտութիւնը:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ երաժիշտ, երգահան, երաժշտական արտադրիչ, ՀՀ վաստակաւոր արտիստ Արա Գէորգեանը, ով պատմեց Անասեան ընտանիքի հետ 20ամեայ բարեկամութեան մասին: Այնուհետեւ, մաէստրոյին մաղթելով քաջառողջութիւն, երկար տարիների կեանք՝ ընթերցեց Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի բաժնի երաժշտութեան ամբիոնի ուղերձը՝ ուղղուած Հենրիկ Անասեանին:
Ողջ երեկոյի ընթացքում ներկաները դիտեցին Հենրիկ Անասեանի տարբեր տարիների ստեղծագործութիւնների տեսաձայնագրութիւնները եւ ունկնդրեցին գրող Անասեանի գրական ստեղծագործութիւնները՝ դերասանուհի Գայանէ Սամուէլեանի ներկայացմամբ:
Երեկոյի աւարտին Հենրիկ Անասեանը շնորհակալութիւն յայտնեց հիւրերին, իր վաղեմի բարեկամներին, գրադարանի տնօրէնութեանը եւ Անդրէյ Տարկովսկու խօսքերով էլ աւարտեց այս գեղեցիկ երեկոն.
«Հեռանալիս լոյս թողէք, թող այդ լոյսը լինի ջահի լոյս, լամպի լոյս, թէկուզ եւ մոմի լոյս, բայց լոյս լինի: Եթէ մի արուեստագէտ՝ գրող, երաժիշտ հեռանում է առանց լոյս թողնելու, նրան ոչ ոք չի յիշի: Լոյսը նորարութիւնն է արուեստում, գրականութեան եւ երաժշտութեան մէջ… եթէ ես առ այսօր, ութսունիս նախօրեակին մի փոքր լոյս եմ թողել հայ երաժշտութեան եւ գրականութեան մէջ, ուրեմն ի զուր չեմ ապրել…»:
Երեւանի Աւետիք Իսահակեանի անուան Կենտրոնական գրադարանի հասարակայնութեան հետ կապերի եւ միջոցառումների բաժին
Հոկտեմբեր 13, 2016
Երեւան
«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ