ՀՅԴ Կ՛առաջարկէ Զինուորներու Հիմնադրամին Համար Քաղաքացիներէն Գանձել՝ Անոնց Աշխատավարձին Համաձայն

By Asbarez | Thursday, 17 November 2016



ԵՐԵՒԱՆ.– Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կ՛առաջարկէ աստիճանացոյց սահմանել, որպէսզի առաջարկուող՝ զոհուած կամ վիրաւոր զինուորներու ընտանիքներուն յատկացնելու համար, աշխատավարձերէն 1000ական դրամ գանձելու օրինագիծը, հաւասարաբար չկիրարկուի բոլորին նկատմամբ:

Խորհրդարանին մէջ այս հարցի քննարկման ընթացքին, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեան յայտարարած է, որ ճիշդ է, թէ կայ վստահութեան խնդիր, անցեալի արատները չկրկնելու խնդիր, բայց պէտք է տեղէ մը սկսիլ:

«Ինչո՞ւ այս նախագիծը հէնց այդ առիթներից մէկը չէ: Ամէն ինչից խօսելու փոխարէն՝ աւելի ճիշդ չէ՞ բարելաւել օրէնքը, վստահութեան մթնոլորտ ձեւաւորել: Սանդղակ սահմանելու սկզբունքին կողմ ենք», ըսած է ան եւ 7 հիմնական առաջարկ ներկայացուցած.

«1. Տարբերակները կարելի է քննարկել: Օրինակ՝ նուազագոյն աշխատավարձից բարձր, բայց մինչեւ 100 հազար վարձատրութեան դէպքում՝ 500 դրամ, 100ից 200 հազարի դէպքում՝ 1000 դրամ, 200ից 500 հազարի պարագայում՝ 2000 դրամ, 500 հազարից բարձր՝ 5000 դրամ:

  1. 23րդ յօդուածով առաջարկւում է ստեղծել երեքից եօթ անդամ ունեցող գործադիր յանձնաժողով: Առաջարկում եմ կոնկրէտ թիւ՝ հինգ:
  2. Լաւ է, որ առաջին հինգ տարին հիմնադրամը կառավարելու են Կենտրոնական բանկի աշխատակիցները՝ հասարակական հիմունքներով: Բայց քննարկման թեմա են յօդուած 21ի 2րդ մասի՝ հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը նախորդ տարուայ ընդհանուր ակտիւների մինչեւ 0.5 տոկոս եւ նոյն յօդուածի 3րդ մասի՝ կառավարման ընդհանուր ծախսերը միջոցների մինչեւ 2 տոկոս թոյլատրող սահմանաչափերը:
  3. 24րդ յօդուածով առաջարկւում է հիմնադրամի հոգեբարձուների 9 հոգանոց խորհուրդ ստեղծել: Երեքին նշանակում է կառավարութիւնը, երեքին՝ Կենտրոնական բանկը: Յետոյ այս 6ն ընտրում են միւս երեքին: Կարծում ենք՝ ճիշդ կը լինի առնուազն 2 թեկնածուի առաջարկի խորհրդարանական ընդդիմութիւնը: Թերեւս արժէ խորհրդակցական ձայնի իրաւունքով ներգրաւել Սփիւռքի ներկայացուցիչներին, ասենք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի խորհրդի կազմակերպութիւններից:
  4. Ո՞ւմ վրայ պէտք է տարածուի օրէնքը, յետադարձ ուժ պէ՞տք է ունենայ, թէ ոչ: Ապրիլեան օրերից յետոյ վտահութեան պակասը խառնաշփոթ ստեղծեց: Հազարաւորները օգնում էին՝ ով ում գտնում էր: Կազմակերպուած մեխանիզմ չկար: Բոլորը ստացան ինչ-որ բան, բայց խիստ տարբեր չափերով: Նախորդ պատերազմի մասնակիցների պարագան շատ աւելի բարդ է: Մի անգամ ասել եմ՝ Շուշիի ազատագրմանը մօտ 1000 մարդ է եղել, 4 հազար հոգի մեդալ ունի: Կռուած-չկռուած՝ ազատամարտիկի թուղթ ունեն: Իրական հաշւառում գոյութիւն չունի: Նախորդ կառավարութիւնը խոստացաւ անել, չարեց: Այդ խնդիրը այսօր էլ առկայ է ոչ միայն հասցէականութեան, այլեւ՝ բարոյահոգեբանական առումով: Կարծում ենք՝ միջոցների առկայութեան դէպքում, յատուկ դրոյթով պէտք է երաշխաւորել, որ առնուազն ապրիլեան օրերի հերոսներին պէտք է հատուցել հիմնադրամից:
  5. Կամաւորութեան սկզբունքով Սփիւռքին ներգրաւելու անհրաժեշտութիւնն ակնյայտ է, բայց՝ ճիշդ մօտեցումներով ու քայլերով: Ազգային տուրքի գաղափարը հարկ է հասունացնել ու մեխանիզմներ գտնել:
  6. Այստեղ ամենաշատը արծարծուեց ապօրինի հարստացածի ու չունեւորի, ներքին թշնամանքի թեման: Հիմքեր կան, անշուշտ: Առաջարկում ենք՝ հրապարակայնացնել հիմնադրամին առաջին ամիսը, 1000 դրամից բացի, կամաւոր աւելի գումար վճարածների անունները: Թող պարտաւորուած զգան ու փորձեն մեղմել մթնոլորտը»:


Հարցին գծով խորհրդարանական քննարկումներուն անդրադառնալով՝ Աղուան Վարդանեան նկատել տուած է. «Ամէն ինչից կարելի է խօսել, դժգոհել, բողոքել, շահարկել, ամբոխավարութիւն անել: Լեզուն ոսկոր չունի, մանաւանդ ընտրութիւններ են մօտենում, պատասխանատուութեան զգացումը կարծես հեռանում է այս դահլիճից, տնաւորւում է խօսքի ու գործի հակասականութիւնը»:

comments