Մեզ վերահսկիչներ պէտք չեն. մեզ պէտք են օժանդակողներ, միասնական քայլեր կատարողներ - Է. Շարմազանով

By Asbarez | Friday, 09 December 2016

<<ԱԶԱՏՈՒԹԵԱՆ>> ԶՐՈՅՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1209sharmazanov

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկեանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյեանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինէ Խանջեանը որոշել են յաջորդ տարի Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ դիտորդական առաքելութիւն իրականցնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարական եւ թափանիկ ընտրութիւնների անցկացմանը:

<<Մեզ վերահսկիչներ պէտք չեն>>, <<Ազատութեան>> հետ զրոյցում իշխող Հանրապետականի խօսնակ Էդուարդ Շարմազանովն այսպէս արձագանգեց աշխարահռչակ սփիւռքահայ մի շարք գործիչների <<Արդարութիւն Հայաստանում>> նախաձեռնութեանը. <<Անկախ նրանից, թէ Սփիւռքի մեր քոյրերն ու եղբայրները կը գան-չեն գայ՝ ժողովրդավարացման գործընթացները մեր ներքին օրակարգի առաջնային հարցն են: Մի բան եմ ուզում նաեւ մեր Սփիւռքի բարեկամներին ասել, ովքեր որոշել են գան եւ, չգիտեմ, վերահսկեն կամ օժանդակեն, կամ նայեն… Ի՞նչը կանխեն>>:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>- Ընտրակեղծիքները:

Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ- Ես կարծում եմ, որ ամենալաւ կանխողը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին է, իշխանութիւնը եւ քաղաքական ուժերը: Եւ դրա համար մենք գնացինք լայն կոնսենսուսի (համախոհութեան-Խմբ.) եւ էսօր մենք ունենք ամենալաւագոյն ընտրական օրէնսգիրքը: Եթէ շատ մեծ կանխելու ցանկութիւն ունեն, կարող են կանխել նաեւ այն երկրներում, որտեղի քաղաքացիներ են, որտեղ ապրում են, որովհետեւ մենք գոնէ տեսանք, որ Միացեալ Նահանգների վերջին նախագահական կամպանիան (ընտրարշաւ-Խմբ.) ի յայտ բերեց բազում թերութիւններ, որոնք կային այդ ժողովրդավարական երկրում: Մեզ վերահսկիչներ պէտք չեն: Մեզ պէտք են օժանդակողներ, միասնական քայլեր կատարողներ, որպէսզի մենք բոլորս միասին գնանք առաջ:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>- Ի՞նչ էք կարծում, նրանց այդ քայլը կը կանխի՞ հնարաւոր ընտրակեղծիքները՝ հաշուի առնելով, որ ի վերջոյ նրանք աշխարհահռչակ մարդիկ են, եւ նաեւ ամբողջ աշխարհի ուշադրութիւնն է սեւեռուելու:

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ- Ի՞նչ է նշանակում՝ ամբողջ աշխարհի ուշադրութիւնն է սեւեռուելու:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>- Եթէ լինեն խախտումներ, ընտրակեղծիքներ, լցոնումներ եւ այլն, այդ ամէնը ամբողջ նաեւ աշխարհն է իմանալու այդ մարդկանց միջոցով:

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ- Ես նախ խնդրում եմ նախօրօք հնարաւոր դրական մօտեցումներ ունենալ, ոչ թէ բացասական: Ես, ի տարբերութիւն իրենց, ունեմ դրական սպասումներ: Պէտք չէ նախօրօք արդէն բացասական սպասումներով գալ: Կը գան, չեն գայ՝ մենք գնալու ենք ժողովրդավարացման խորացման ճանապարհով: Սա իրենց ասում եմ: Մենք օժանդակողների կարիք ունենք, թէ չէ վերահսկողների պակաս չունենք>>:

Հանրապետական մէկ այլ պատգամաւոր, խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը նշում է, թէ ողջունում են սփիւռքահայ գործիչների որոշումը, բայց՝ պայմանով, որ նրանք չպէտք է փորձեն միջամտել ընտրական գործընթացին. <<Ես չեմ մտածում, որ պէտք է լինեն ընտրակեղծիքներ: Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք՝ թող այցելութիւնները շատ լինեն, ոչ միայն ձեր նշած անձերը, այլ նաեւ մեր միջազգային կառոյցները եւ շատ-շատ մարդիկ։ Մեզ համար դա աւելի օգտակար է, աւելի ձեռնտու է, որ նրանք բոլորը այստեղ ներկայ լինեն եւ ինչքան հնարաւոր է շատ ընտրատարածքներում, շատ տեղամասերում ներկայ լինեն: Բնականաբար ողջունում ենք այդ քայլը: Բայց իրենք դիտորդի կարգավիճակով, առանց միջամտութիւնների, առանց որեւէ… Ընտրութիւնների օրը կարող է նմանատիպ մարդիկ, նաեւ դիտորդները չկարողանան իրենց զսպել եւ քարոզարշաւի ձեւով, ինչ որ ձեւով իրենք իսկ խոչընդոտեն այդ ընտրութիւնները: Մենք պէտք է կոչ անենք, որ բոլորը իրենց առաքելութիւնները կիրառեն իրենց իրաւունքների սահմաններում>>:

Հանրապետական պատգամաւոր Համլետ Յարութիւնեանը, ի տարբերութիւն իր գործընկերների, կարծում է, որ Սերժ Թանկեանի, Ատոմ Էգոյեանի եւ Արսինէ Խանջեանի դիտորդական առաքելութիւնը որոշ չափով կը կանխի ընտրակեղծիքների հնարաւորութիւնը, այդուհանդերձ ընդգծելով՝ եթէ կեղծիքներ անելու ցանկութիւն լինի, թէկուզ աշխարհի բոլոր մարդիկ դիտորդ դառնան, չեն կարողանայ կանխել:

<<Նրանց ներկայութիւնը ընտրատեղամասերում եւ այլն, եւ այլն, բաւականին սթափեցնող գործօն կը լինի: Եւ կարծում եմ, որ դա դրական քայլ է: Բայց ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնութիւնը բաւականին կամք է դրսեւորել, որ կատարելագործի Ընտրական օրէնսգիրքը, եւ մենք գնում ենք այն ճանապարհով, որ բացառուեն ընտրակեղծիքները>>, <<Ազատութեան>> հետ զրոյցում ասաց Յարութիւնեանը:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>- Առանց ընտրակեղծիքների իշխող Հանրապետականը կը կարողանա՞յ յաղթել:

Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ- Հանրապետական կուսակցութիւնը առանց ընտրակեղծիքների էլ, առանց որեւիցէ լրացուցիչ օգնութեան էլ, բնական է, որ պէտք է ունենայ էդ հնարաւորութիւնը:

 

<<ԱԶԱՏՈՒԹԻՒՆ>>- Եթէ կարծում էք, որ Հանրապետականը բոլոր շանսերն ունի յաղթելու, ինչո՞ւ այդ դէպքում անգամ վարչապետը, որը վերջերս դարձաւ ձեր կուսակցութեան անդամ, խոստովանեց, որ անդամակցելով Հանրապետականին իր վարկանիշը ընկնելու է:

Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այդ հարցին կարող է պատասխանել միայն այն մարդը, ով դա ասել է:

 


comments