Վարչապետը իր անձնական միջոցներէն կէս միլիոն տոլարի ներդրում պիտի կատարէ Շիրակի մարզի մէջ

By Asbarez | Saturday, 04 February 2017

0204varchabed1

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Վարչապետ Կարէն Կարապետեանի ընտանիքը Շիրակի տնտեսական զարգացման ծրագիրին համար բացուած հիմնադրամին 500 հազար տոլարի ներդրում պիտի կատարէ:

Վարչապետը իր այս մտադրութեան մասին յայտարարծ է Ուրբաթ, Փետրուար 3ին, Գիւմրիի մէջ լրագրողներու հետ ունեցած զրոյցին ընթացքին:

<<Իմ ընտանիքը 500 հազար դոլար ներդրում է անելու, թէ ինչ միջոցներով՝ իմ դեկլարացիայում (ունեցուածքի յայտարարգիրին մէջ-Խմբ.) ներկայացրել եմ>>, յայտնած է վարչապետը:

Կարէն Կարապետեան նաեւ յայտնած է, որ Շիրակի տնտեսական զարգացման համար ներդրումային փաթեթը այս պահուն  կը կազմէ 10 միլիոն դրամ:

<<Մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դրամ է, որը տարբեր աղբիւրներից է, որտեղ մենք առաջարկելու ենք, որ  գիւմրեցի սեփականատէրերը նոյնպէս իրենց գոյքով մասնակցեն, իրենց գոյքը վաճառեն, մենք այդ ծրագիրն իրագործելու ենք: Ի՞նչ ձեւով ասեմ, որ ինձ աւելի շատ հաւատաք>>, յայտնած է վարչապետ Կարապետեան:

Վարչապետը Շիրակի զարգացման ծրագիրի իրականացման հանդէպ թերահաւատութիւն ցոյց տուող եւ երաշխիքներ պահանջող լրագրողներուն պատասխանած է, ըսելով. <<Ես ի՞նչ պէտք է ասեմ, որ դուք դա համարէք երաշխիք, ասում էք՝ երաշխիք տուէք, ի՞նչ ձեւով էք պատկերացնում երաշխիքը, ասէք տամ: Մենք եկել ենք, որպէսզի աշխատատեղ ստեղծենք, դուք գիտէք, որ Գիւմրիում միանգամից ամէն ինչ փոխելը անհնար է, բոլոր հարցերը միանգամից հնարաւոր չէ լուծել>>:

 



comments