Ռուսական Իսկանդերները կ՛ապահովեն Արցախի խաղաղութիւնը. Բակօ Սահակեան

By Asbarez | Thursday, 02 March 2017



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ - Արցախի նախագահ Բակօ Սահակեան ռուսական <<Կազեթա>> կայքին տուած է հարցազրոյց մը, որուն ընթացքին պատմած է, թէ ինչպէս կը գնահատէ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

<<<<Իսկանդեր>>ների ներկայութիւնը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնն ապահովելու հարցում: Դրա պատճառը պաշտօնական Բաքուի ագրեսիւ եւ ապակառուցողական քաղաքականութիւնն է, որի <<շնորհիւ>> ուժը, ցաւօք, մեր տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապահովման առաւել արդիւնաւէտ մեխանիզմն է>>, ըսած է նախագահը:

Բակօ Սահակեան նշած է նաեւ, որ Ռուսիան <<շատ կարեւոր եւ ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պաշտպանութեան հարցում>>:

<<Հէնց նրա ջանքերի եւ ուղղակի մասնակցութեան շնորհիւ է 1994 թուականին խաղաղութիւն հաստատուել եւ ստորագրուել Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին անժամկէտ պայմանագիր: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահութեան բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանը ակտիւ մասնակցում է բանակցային գործընթացում եւ ինչպէս միւս համանախագահ երկրները՝ հաւատարիմ է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում կառուցողական մօտեցմանը>>, ըսած է ԼՂՀ նախագահը:

Հակամարտութեան կարգաւորման անդրադառնալով՝ նախագահ Սահակեան յայտնած է, որ <<հարկաւոր է առաջին հերթին վերականգնել բանակցութիւնների լիարժէք ձեւաչափը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մասնակցութեամբ, իսկ Բաքուն պէտք է հրաժարուի իր ագրեսիւ գործողութիւններից>>:

 

comments