Ճակատէն վիաւորուած զինուորը վերագտած է իր գիտակցութիւնը

By Asbarez | Friday, 05 May 2017

0506tatoul

ԵՐԵՒԱՆ, <<Տիալոկ>> - Արցախի սահմանային դիրքերուն վրայ, Ապրիլ 17ին թշնամիի գնդակով վիրաւորուած 19ամեայ Թաթուլ Յարութիւնեան մահաքունէն դուրս  եկած է, սակայն տակաւին կը պահուի վերակենդանացման բաժանմունքին մէջ:

Թաթուլը վիրաւորուած էր դիպուկահարի գնդակով. փամփուշտը ճակատէն մխրճուած էր քներակին մէջ եւ գլուխի միւս հատուածէն դուրս եկած էր:

<<Որդիս վիրաւորում ստացել է մարտական հերթապահութեան ժամանակ, առաջին գծում է կանգնած եղել: Վիրաւորուել է դիպուկահարի կրակոցից: Գլխից է վիրաւորուել՝ ճակատի ոսկորը ջարդուած է եղել, բլթակները ջարդուած են եղել: Վիրահատութեան միջոցով բժիշկն ասում է փշրուած ոսկորները մէկ առ մէկ  հաւաքել են, մաքրել են: Որդիս հիմա վերակենդանացման բաժանմունքում է: Պալատ տեղափոխելու մասին բժիշկները դեռ ոչ մի բան չեն ասում: Գիտակցութեան է եկել, աչքերը բացել է, տեսնում է, լսում։ Բժիշկներն ասում են սպասել է պէտք, երկարատեւ բուժում  է սպասւում: Ասում է սաղ դէպի լաւն ա գնում երեխու մօտ: Բժիշկներն ասել են՝ ինչ պէտք ա, ինչ մեզանից հասնում ա մենք արել ենք, մնում է տղան  մեզ հետ պայքարի, որ ոտի կանգնի>>, ըսած է Թաթուլի հայրը՝ Արամայիս Յարութիւնեան:

Թաթուլ գիտակցութեան գալէն ետք հայեացքով ու ձեռքերով հասկցուցած է, որ խօսքի կեդրոնը վնասուած է: Ծնողները իւրաքանչիւր փոքր յառաջընթացէն կ՛ոգեւորուին։ Երկու օրէ ի վեր Թաթուլը ուտելիք կ՛ընդունի կոկորդին միացուած յատուկ սարքի միջոցով:

 



comments