Արցախում բազմազաւակ ընտանիքների համար նախատեսուած տների կառուցումը թափով շարունակւում է

By Asbarez | Thursday, 15 June 2017

0615houses

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Ապառաժ>> - Արցախի տնտեսական աճը մեծապէս պայմանաւորուած է նաեւ երկրում  իրականացուող շինարարութեամբ: Կարեւոր է շինարարութեան իւրաքանչիւր ճիւղ: Քաղաքաշինութեան նախարարութեան բազմաթիւ ծրագրերի կողքին, բնակարանների կառուցումը ռազմավարութիւն կարելի է համարել: Բնակարանաշինութիւնը նպաստում է նաեւ երկրի ժողովրդագրութեան աճին:

Արցախի Հանրապետութեան քաղաքաշինութեան նախարարութեան հաղորդմամբ՝ Արցախում ծնելիութեան եւ բազմազաւակութեան խթանման ծրագրերի շրջանակներում շարունակւում է 6 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Ըստ վիճակագրական տուեալների՝ տարէցտարի այս ծրագիրն իր դրական ազդեցութիւնն է ունենում:

Ըստ շրջանների՝ այս պահի դրութեամբ, Ասկերանի շրջանում ընթացքի մէջ է 4 առանձնատների կառուցման աշխատանքները՝ ծրագրով նախատեսուած է կառուցել եւս 8ը: Մարտակերտի շրջանում՝ ընթացքում է 11, ծրագրով պէտք է կառուցուի եւս 10 առանձնատուն: Մարտունու շրջանում շարունակւում է 5ի, նախատեսուած է եւս 4ի կառուցումը: Հադրութում շարունակւում 5ի, եւս 2ի շինարարութիւնը կը սկսուի առաջիկայում: Շուշիի շրջանում առայժմ նախատեսուած է 1 բնակարանի կառուցում: Շահումեանի շրջանում ընթացիկ փուլում է 6ի կառուցումը, նախատեսուած է եւս մէկը: Քաշաթաղում՝ կառուցման փուլում է 12, պետական ծրագրով նախատեսուած է կառուցել եւս 10 առանձնատուն:

Դրան զուգահեռ, պետութիւնն իրականացնում է նաեւ բնակարանների գնում եւ տրամադրում՝ բազմազաւակ ընտանիքներին:

Բնակարանաշինութեան պետական ծրագրի կողքին կեանքի է կոչւում Հայաստան Համահայկական հիմնադրամի 5 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը: Ներկայումս 16 տուն արդէն յանձնուել է շահառուներին, 15ը կառուցման փուլում են:

Աղբիւրը նշում է, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարութեան համաֆինանսաւորմամբ բնակարանաշինութեան յաջողուած ծրագրեր են իրականացուել  Աղաւնոյ (Արիաւան) բնակավայրում, Նոր Կիլիկիա թաղամասում եւ Իշխանաձոր համայնքում, որոնք իրենց հերթին նպաստել են մեր երկրի ժողովրդագրութեան դինամիկ աճի զարգացմանը:

 



comments