''Ոչ Թալանին'' եւ ''Էլեկտրիկ Երեւան''ի նախաձեռնողն արտագաղթեց Հայաստանից

By Asbarez | Friday, 30 June 2017

ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ

 

0630maximsargsyan

Քաղաքացիական ակտիւիստ, քաղաքացիական անհնազանդութեան տարբեր շարժումների մասնակից եւ հիմնադիր Մաքսիմ Սարգսեանն օրերս արտագաղթել է Հայաստանից: Իր ֆէյսբուքեան էջում նա տեղադրել է մեր քաղաքի՝ ինքնաթիռից արուած լուսանկարը ու իր քայլի հետեւեալ բացատրութիւնը. <<Որոշումը, որը կայացրեցի, բարդ էր, բայցեւ անխուսափելի: Հայաստանում այլեւս կործանման էի գնում՝ չունենալով աշխատանք եւ ունենալով վարկեր, պարտքեր, առողջական եւ այլ խնդիրներ, երկրից գոնէ ժամանակաւորապէս հեռանալս անխուսափելի էր: Իսկ հիմա այլեւս նայում ու քայլում եմ միմիայն առաջ>>:

Մեզ հետ զրոյցում Մաքսիմ Սարգսեանը մեկնաբանեց. <<Այլ տարբերակ չունէի, ի՞նչ արած, ժամանակաւոր է էս ամէնը՝ էդ տրամադրուածութեամբ եմ մեկնել>>: Նա մասնագիտութեամբ իրաւագէտ է, նաեւ՝ լուսանկարիչ: Համոզուած է, որ քաղաքացիական ակտիւ կեցուածքն էր պատճառը, որ Հայաստանում աշխատանք չէր գտնում: Մաքսիմ Սարգսեանի վերջին ակցիան Ապրիլի 22ին տեղի ունեցաւ: Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս ներկայացնում էր իր տարեկան զեկոյցը, նա մի քանի քաղաքացիական ակտիւիստների հետ միասին ներս մտաւ, եւ Թաթոյեանի սեղանին փակցրեցին <<ՀՀԿ իրաւունքների պաշտպան>> գրութիւնը:

3 տարի առաջ, այս օրերին Մաքսիմ Սարգսեանն իր ընկերների հետ Երեւանում բողոքի հզօր ակցիաներ էր կազմակերպում: Երիտասարդները փակել էին Բաղրամեան պողոտան՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու կառավարութեան որոշումը: Իշխանութիւնը չկատարեց <<Էլեկտրիկ Երեւան>>ի պահանջը, ընդամէնը միջանկեալ որոշում ընդունեց՝ 7 դրամները մէկ տարի սուբսիդաւորելու (հատուցելու-Խմբ.) մասին: Իրականում սա խորամանկութիւն էր, սոցիալական ցն-ցումներից խուսափելուն միտուած հնարք, որն ստացուեց: Մաքսիմը, որն <<Էլեկտրիկ Երեւան>>ի կազմակերպիչներից էր եւ <<Ոչ թալանին>> նախաձեռնութեան հիմնադիրներից, գտնում է, որ այն ժամանակ յաղթելու շանս կար: Այսօր ի՞նչ է մտածում այդ դէպքերի մասին: Ի՞նչն էր ճիշտ, ի՞նչը սխալ:

<<Սխալն ու ճիշդն էլ չեմ վերլուծել՝ անփորձ էինք ու շատ բան այդ պահին այլ կերպ էինք ընկալում: Որեւէ այլ մէկը չի կարող պնդել, որ ինքը լինէր, այլ կերպ կ՛անէր: Կարծում եմ՝ բալանսաւորուած (հաւասարակշռուած-Խմբ.) էր, ու ճիշդ քայլերն աւելին էին, քան սխալները>>:

<<Էլեկտրիկ Երեւան>>ի յայտնի դէմքերից արտագաղթել է նաեւ <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցութեան անդամ Կարօ Ղուկասեանը: Նա մէկ օրում շարժման խորհրդանիշը դարձաւ, երբ լուսանկարը, որում ինքը մատ է ցոյց տալիս ցուցարարներին ջրցան մեքենաներով ջրող ոստիկաններին, տարածուեց աշխարհով մէկ: Կարօ Ղուկասեանը բնակւում է Անապայում: Նա լողափին սրճարան է աշխատեցնում, բայց վստահեցնում է, որ շուտով վերադառնալու է:

 

Սիւզան Սսիմոնեանի նիւթի աղբիւրը՝ http://hraparak.am/?p=150248&l=am/

 

 

 


comments