Սամուէլ Ալեքսանեան նոր մենաշնորհ կը փորձէ հաստատել

By Asbarez | Friday, 28 July 2017

0728lefigsamo

ԵՐԵՒԱՆ, <<Հրապարակ>> - Ազգային ժողովի պատգամաւոր Սամուէլ Ալեքսանեան որոշած է ծաւալել հիւսուածեղէնի արտադրութիւն ու այդ նպատակով գնած է Արտաշատի հիւսուածեղէնի գործարանը:  <<Հրապարակ>> թերթը  (լրագրող Հեղինէ Մանուկեանի ստորագրութեամբ) այս մասին կը գրէ.

<<Շուրջ 1500 քմ. տարածք զբաղեցնող հսկայ գործարանում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Գործարանը արտադրելու է տնային հիւսուածեղէն եւ կտորեղէն: Մեզ յաջողուել է պարզել, որ գործարանի գործարկումը, որը նախատեսուած է մինչեւ տարեվերջ կամ 2018ի սկիզբ, իրականացուելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, ովքեր արաբական մի շարք երկրներում արդէն իսկ ունեն կարի գործարաններ: Անհրաժեշտ սարքաւորումների ձեռքբերման համար շուրջ 6 միլիոն եւրօ է ներդրուելու: Նշենք նաեւ, որ Ալեքսանեանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանեանի հիմնած ALEX textile ընկերութիւնն արդէն Օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սուիտերի (վերնաշապիկ-Խմբ.) արտադրութիւն: Այդ նպատակով արդէն իսկ ներդրուել է շուրջ 2 միլիոն եւրօ:

Հայաստանում արտադրուած հիւսուածեղէնի ծաւալի մեծ մասը, ինչպէս պարզեցինք, արտահանւում է հիմնականում Ռուսաստանի Դաշնութիւն: Ալեքսանեանը Հայաստանում սկսելու է նաեւ կտորի մեծ արտադրութիւն, որն ունենալու է օրական 15 տոննա արտադրողականութիւն, եւ այդ նպատակով շուրջ 20 միլիոն եւրոյի ներդրում է կատարուելու: Ինչպէս տեսնում ենք՝ օլիգարխը մոնոպոլիա (մենաշնորհ-Խմբ.) է ձեւաւորում ոչ միայն շաքարաւազի եւ մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաեւ՝ հիւսուածեղէնի: Նշենք, որ պատգամաւորին պատկանող ընկերութեան արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական եւ չինական արտադրանքը, որը նախկինում գերիշխող դիրք ունէր>>:

Հեղինէ Մանուկեան նիւթի աղբիւրը՝ http://hraparak.am/?p=152467&l=am/

 

comments