Օգնութեան ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձաւ, որ անհրաժեշտ է յաւելեալ՝ հրշէջ-ինքնաթիռի ներգրաւում

By Asbarez | Friday, 18 August 2017

0817davitdonoyan

 

ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԻ ՄԱՍԻՆ <<ՆԻՈՒԶ>>Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Օգնութեան ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձաւ, որ անհրաժեշտ է յաւելեալ՝ հրշէջ-ինքնաթիռի ներգրաւում: Այս մասին <<Նիուզ>>ին տուած հարցազրոյցում նշել է արտակարգ իրավիճակների նախարար Դաւիթ Տօնոյեանը՝ անդրադառնալով Խոսրովի Անտառ պետական արգելոցում բռնկուած հրդեհին եւ դրա մարման աշխատանքներին:

ՆԻՈՒԶ - Պարոն Տօնոյեան, ինչո՞ւ Խոսրովի Անտառի հրդեհը մարելու համար աւելի շուտ չդիմեցիք ՌԴին՝ ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ - Առաջին երկու օրերին հրդեհի ծաւալները եւ դրա տարածման առանձնայատկութիւնները դեռ չէին մատնանշում հրշէջ աւիացիայի ներգրաւման անհրաժեշտութիւն, ցանկացած երկիր նման պայմաններում արձագանգում եւ պայքարում է սկզբում իր ուժերով, ապա, իրավիճակի որոշակի վատթարացման պարագայում, դիմում միջազգային օգնութեան: Նշեմ, որ մենք հրդեհի մասին ահազանգը ստացել ենք Օգոստոսի 12ին եւ ՌԴ ԱԻՆ օգնութեանն ենք դիմել Օգոստոսի 14ի առաւօտեան: Նշուած ժամանակահատուածում արդէն իրականացուել էր տարածքի հետախուզութիւն, իրավիճակի բացայայտում՝ կիրառուել էր մեր երկրի ՊՆ օդուժը, ինչպէս նաեւ՝ կիրառել էինք նմանատիպ հրդեհների դէմ պայքարելու համար նախատեսուած հրդեհաշիջման 6 եղանակները՝ այդ թւում ուղղաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը: Օգնութեան ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձաւ, որ անհրաժեշտ է յաւելեալ՝ հրշէջ-ինքնաթիռի ներգրաւում:

 

ՆԻՈՒԶ - Կարելի՞ է ասել, որ Հայաստանը նման աղէտների դիմագրաւելու պատրաստ չէ:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ - Իհարկէ, ոչ: Ցանկացած պետութիւն՝ անկախ իր հնարաւորութիւններից, արտակարգ իրավիճակի մասշտաբներով պայմանաւորուած, երբեմն բախւում է այնպիսի խնդիրների եւ յայտնւում է այնպիսի բարդ իրավիճակում, որ անխուսափելիօրէն առաջանում է միջազգային օգնութեանը դիմելու անհրաժեշտութիւն: Անտառային հդեհները՝ յատկապէս լեռնային տեղանքում, առանձնայատուկ բարդութիւն ունեն, ինչը պայմանաւորուած է բազմաթիւ գործօններով՝ թէ՛ աշխարհագրական, թէ՛ օդերեւութաբանական, թէ՛ հրդեհաշիջման ռիսկայնութեան: Ամենեւին ցանկութիւն չունենալով արդարացում փնտռել՝ ուզում եմ անդրադառնալ 2007թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում եւ 2010թ. ՌԴ տարածքում  բռնկուած հդեհներին: Կարծում եմ՝ համամիտ էք ինձ հետ, որ նշուած պետութիւններն ունեն արտակարգ իրավիճակներին արձագանգելու բարձր պատրաստականութեան աստիճան, անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ, նոյնիսկ արբանեակային աջակցութիւն, սակայն հրդեհների դէմ պայքարը տեւեց շաբաթներ, իսկ Ռուսաստանի Դաշնութիւնում հրդեհաշիջմանը ներգրաւուեցին նաեւ Հայաստանի Հանրապետութեան փրկարար ուժերը. 28 հայ հրշէջ-փրկարար եւ 4 միաւոր տեխնիկա (արհեստագիտական կազմածներ-Խմբ.) 15 օր շարունակ մասնակցել են ՌԴ տարածքում բռնկուած անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Հարկ եմ համարում նշել, որ այդ պետութիւններում այրուած անտառների մակերեսը հասնում էր հարիւր հազարաւոր հեկտարների՝ այն դէպքում, երբ հրդեհաշիջման գործընթացին ներգրաւուած էին հարիւրապատիկ աւելի ուժեր եւ միջոցներ:

 

ՆԻՈՒԶ - Մէկ ինքնաթիռը արդեօք բաւարա՞ր է հրդեհը մարելու համար, թէ ՀՀ ԱԻՆը լրացուցիչ օժանդակութեան կարիք կ՛ունենայ:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ - Ներկայ դրութեամբ արգելոցի հրդեհի 16 կմ. պարագծից 13.5 կմը մարուել եւ մեկուսացուել է, համատեղ ջանքերով ակտիւ աշխատանքներ են տարւում հրդեհի մնացած 2.5 կմ. պարագիծը մարելու ուղղութեամբ: Եթէ ծագի լրացուցիչ օդուժի ներգրաւուման անհրաժեշտութիւն, ապա կը դիտարկուի նաեւ այդ հարցը եւ կարծում եմ՝ որեւէ խոչընդոտ չի լինի:

 

ՆԻՈՒԶ - Բնապահպաններն ահազանգում են, որ հրդեհն ընդգրկում է արգելոցի մեծ մասը, այս պահի դրութեամբ որքա՞ն է կազմում արգելոցին հասցուած վնասը:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ - Եթէ խօսքը վնասի նիւթական գնահատականի մասին է, ապա, որպէս լիազօր մարմին, իրենց խօսքը կ՛ասեն բնապահպանները: Խոսրովի արգելոցը զբաղեցնում է շուրջ 29,000 հա. մակերես, ներկայումս Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրուել է 16 կմ. պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա. մակերեսով անտառներ:

 

ՆԻՈՒԶ - Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ համակարգի ի՞նչ խնդիրներ, բացթողումներ ի յայտ եկան:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ - Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ՝ պայմանաւորուած ե՛ւ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.), ե՛ւ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) գործօններով: Արգելոցի գրեթէ ամբողջ տարածքում բացակայում են հեռախօսակապը, հրդեհի օջախների սահմանագծին մօտեցման ուղիները, որոնք էլ նպաստեցին եւ պատճառ դարձան հրդեհաշիջման թէ՛ կազմակերպման, թէ՛ իրականացման բարդացմանը: Արգելոցի անտառային եւ լեռնային բարդ ռելիեֆի (մակերեւոյթի, Խմբ.) պայմաններում պահանջւում էր ամենագնաց հրշէջ տեխնիկայի մեծ քանակութիւն: Այնուամենայնիւ, ուզում եմ նշել, որ հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիւ յաջողուեց զգալիօրէն կանխել հրդեհի՝ առաւել մեծ ծաւալումը: Որպէս խնդիր եմ դիտարկում համակարգի տեխնիկական բազայի համալրումը ամենագնաց հրշէջ տեխնիկայի բաւարար քանակութեամբ:

 

ՆԻՈՒԶ - Ին՞չ կանխարգելիչ միջոցառումներ էք նախատեսում՝ յետագայում նման աղէտների կրկնութիւնը բացառելու համար:

ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ - Սա համընդհանուր խնդիր է եւ դրական արդիւնք ստանալու համար հարկ կը լինի կենտրոնացնել մի շարք պետական մարմինների ուժերն ու միջոցները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնն իր իրաւասութեան շրջանակներում մշտապէս իրազեկում է բնակչութեանը, իրականացնում տարաբնոյթ միջոցառումներ՝ հանրապետութիւնում անհրաժեշտ հրդեհային անվտանգութեան աստիճանն ապահովելու ուղղութեամբ եւ վստահ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են իրականացնում շահագրգիռ այլ պատկան մարմինները եւս: Աղէտների ռիսկի (վտանգի-Խմբ.) նուազեցմանն ուղղուած կանխարգելիչ միջոցների կարեւոր գործիքակազմ է նաեւ մեր քաղաքացիների ուսուցումը. իւրաքանչիւրս պէտք է գիտակցենք աղէտների ռիսկի նուազեցման վարքականոնների պահպանման կենսական անհրաժեշտութիւնը:

 

<<ՆԻՈՒԶ>>

 



comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement