ԵՄն եղել եւ մնում Է Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն գործընկերներից մէկը - Վարչապետ

By Asbarez | Saturday, 09 September 2017

0909EU Arm

ԵՐԵՒԱՆ, <<Ազատութիւն>> - Վարչապետ Կարէն Կարապետեանը Սեպտեմբերի 8ին ընդունել է Հայաստանում Եւրամիութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Պէոտր Սվիտալսկիին:

Ըստ կառավարութեան պաշտօնական կայքէջի, հանդիպմանը քննարկուել են Հայաստան-ԵՄ համագործակցութեանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:

<<Ցանկանում եմ վերահաստատել, որ Եւրոպական միութիւնը, ի դէմս իր բոլոր կառոյցների, եղել եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն գործընկերներից մէկը>>, ընդգծել է վարչապետը:

Սվիտալսկին՝ անդրադառնալով գործակցութեան ներկայ փուլին, նշել է, որ նախապատրաստւում են շատ լուրջ իրադարձութեան՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցութեան նոր էջ է լինելու:

Նա հաւաստիացրել է, որ իրենց կողմից արուելու է ամէն ինչ, որպէսզի գործակցութեան բոլոր ուղղութիւնները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի, Միասնական աջակցութեան շրջանակային փաստաթուղթը շատ խոստումնալից է եւ նոր տարրեր է ներառելու:

<<Մենք մեծապէս աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագէտների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա յաւակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թէ ինչպէս Հայաստանում մեր գործողութիւններն աւելի յարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում էք, որ բարեփոխումներն արդիւնաւէտ կը լինեն>>, նշել է դեսպանը:

Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄի կողմից համագործակցութիւնն ու աջակցութիւնը բարեփոխումների ծրագրին՝ հետեւողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում: <<Գնահատելի է, որ ձեր փորձագէտները վերլուծել են կառավարութեան ծրագիրը եւ համակարծիք են, որ մենք ճիշդ ուղու վրայ ենք: Ուզում եմ հաւաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպէս պէտք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաեւ մեր խնդիրներն ու թերութիւնները>>,  ընդգծել է վարչապետը:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի եւ Միասնական աջակցութեան շրջանակի վերաբերեալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, եւ իրենց պատկերացումներն ու մօտեցումները համընկնում են:

Երկուստեք կարեւորուել է ԵՄ աջակցութիւնից օգտուելու համար արդիւնաւէտ ծրագրերի ընտրութիւնը, ինչպէս նաեւ իրականացուելիք ծրագրերի թափանցիկութիւնն ու թիրախային բնոյթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ աւիացիոն (օդանաւոր-դութեան) ոլորտի համաձայնագրի հետ կապուած հարցերին, մտքեր փոխանակել ԵՄում ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ:

Յիշեցնենք՝ աւելի քան երեք տարի Եւրամիութեան հետ բանակցութիւններից յետոյ, 2013 թուականի Սեպտեմբերին Հայաստանը հրաժարուեց Ասոցացման համաձայնագրից եւ ստորագրեց Մաքսային միութեանը, ապա՝ Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցութեան յուշագիրը:

Յետոյ Հայաստանն ու Եւրամիութիւնը համագործակցութեան նոր համաձայնագիր մշակեցին. ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը նախաստորագրուեց 2017 թուականի սկզբին եւ այն կը ստորագրուի ընթացիկ աշնանը:

 



comments