Քաղաքական դաշտում գործընկերներ չունենք - Զարուհի Փոստանջեան

By Asbarez | Saturday, 09 September 2017

0909postajian


ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - <<Երկիր ծիրանի>> կուսակցութեան նախագահ Զարուհի Փոստանջեանը Սեպտեմբերի 8ին լրագրողներին ներկայացրեց իրենց կուսակցութեան գաղափարախօսութիւնը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ իրենց նպատակն է տապալել գործող իշխանութիւնը: <<Մեր գործունէութիւնը պիտի լինի տապալել այս իշխանութիւնը: Թէ ինչպէ՞ս, շուտով այդ մասին տեղեկացուած կը լինէք: Դա պիտի լինի հանրային լսարանի առջեւ՝ ուղիղ եթերներով: Մեր հիմնական խնդիրն է ձեւաւորել ընտրանի, որը կը կազմակերպի ժամանակաւոր կառավարութիւն>>, ասաց Փոստանջեանը:

Ինչ վերաբերում է Երեւանի աւագանու <<Ելք>> խմբակցութեան՝ երեւանեան փողոցների անուանափոխութեան ծրագրին, նա ասաց, որ իրենք արմատական փոփոխութիւնների կողմնակից են, ոչ թէ՝ կոսմետիկ (գեղագիտական): <<Հարցն այն է, թէ ինչո՞վ ենք մենք դրանք փոխում: Ես կողմ եմ, որ չպէտք է Լենինգրադեան փողոց ունենանք, քանի որ Լենինը չարիք է եղել մեզ համար, ինչի հետեւանքները զգում ենք մինչեւ այսօր: Այս առումով պէտք է փոխուի, սակայն եթէ այն Ազգալդեանի անուամբ ենք փոխում, ապա ես չեմ կարծում, որ նրա անուամբ փողոցը պէտք է լինի ծայրամասում: Ազգալդեանի անուան փողոցը պէտք է լինի կենտրոնական փողոցներից>>, ընդգծեց Փոստանջեանը:

Նրա խօսքով՝ իրենք ընդդիմադիր դաշտում քաղաքական գործընկերներ չունեն: <<Երկիր>>ը հետաքրքրուեց՝ արդեօք <<Երկիր ծիրանի>>ն այժմ միակ ընդդիմադիր ո՞ւժն է: Փոստանջեանն արձագանգեց. <<Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, մեր ծրագիրը եւ մեր սկզբունքները եւ այդ ծրագրով, սկզբունքներով ու օրակարգով ենք առաջնորդուելու>>: Ապա յաւելեց. <<Մենք քաղաքական դաշտում գործընկերներ չունենք>>:

Ինչ վերաբերում է Փոստանջեանի նախկին կուսակցութեան՝ <<Ժառանգութեան>> առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի՝ թաւշեայ յեղափոխութեան մասին յայտարարութիւններին, նաեւ՝ արդեօք Փոստանջեանը <<Ժառանգութիւն>> կուսակցութեա՞նն էլ որպէս ընդդիմադիր չի տեսնում, նա եւս մէկ անգամ նշեց, որ քաղաքական դաշտում գործընկերներ չունեն եւ ասաց. <<Չեմ մեկնաբանում այդ յայտարարութիւնները>>:

 

comments