ՀՀն պէտք է միակողմանի թոյլ տայ հետաքննական սարքերի տեղադրումը, դրանից յետոյ կոչերը հասցէական կը լինեն

By Asbarez | Thursday, 14 September 2017

0128giro

<<ԹԵՐԹ>>Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆԻ ՀԵՏ

 

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ. խօսքը՝ Մադրիդեան փաթեթի մասին է: <<Թերթ>>ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Վերջինս նշեց, որ անկախ նրանից՝ Հոգլանդն ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրուած փաստաթուղթը իրականում Մադրիդեան փաթեթն է, գուցէ այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրաւունքի սկզբունքներն ու դրանց հիման վրայ առաջարկուող բաղադրիչները:

 

<<ԹԵՐԹ>>- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր այն մասին, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած կը լինէր, եթէ Արեւմուտքն ընդունէր իրենց առաջարկները: Ի՞նչ առաջարկների մասին է խօսքը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ- Գուշակութեամբ չեմ ուզում զբաղուել: Ասուլիսին ներկայ լրագրողներից մէկը լաւ կը լինէր, որ հարցնէր Լաւրովին այս մասին, որովհետեւ հետաքրքիր է, թէ այդ ի՛նչ առաջարկներ են արել, որից Արեւմուտքը հրաժարուել է:

 

<<ԹԵՐԹ>>- Սա չի՞ վկայում արդեօք այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր դիրքորոշումներ ունեն ԼՂ հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ- Պարզ է, որ տարբեր պետութիւններ տարբեր մօտեցումներ կարող են ունենալ, բայց իրականութիւնն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, հանդէս են եկել համատեղ, ներկայացրել են իրենց միասնական դիրքորոշումը: Իրենց տեսակէտը արտայայտւում է համատեղ յայտարարութիւններով:

 

<<ԹԵՐԹ>>- ՄԽ ամերիկացի նախկին նախագահ Ռիչարդ Հոգլանդի առաջ քաշած կէտերը, մասնաւորապէս փոխզիջումների վերաբերեալ, մեծ աղմուկ հանեցին՝ չնայած ՀՀ իշխանութիւններն ասում են, որ այդտեղ նորութիւն չկայ: Ձեր կարծիքով՝ հնարաւո՞ր է ներկայումս փոխզիջումներով լուծել հակամարտութիւնը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ- Ինձ իսկապէս նեղացնում է մեր լրատուամիջոցների մօտեցումն այս հարցին: Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ: Հոգլանդն այս յայտարարութիւնն արեց իր պաշտօնավարման ժամկէտի աւարտից երկու օր առաջ, արդէն որպէս նախկին միջնորդ: Հոգլանդը, պարզապէս, յայտարարեց, որ ազդարարի՝ ես գնում եմ, ուրիշն է գալիս: Այդ յայտարարութիւնից յետոյ ԱՄՆ պետքարտուղարութիւնը հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որտեղ յղում էր արւում Յունիսին ու Յուլիսին կատարուած իրենց յայտարարութիւններին, որտեղ ասւում էր, որ հարցը պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով:

Մեր լրատուամիջոցներն անտեսում են պետքարտուղարութեան պաշտօնական յայտարարութիւնն ու ընկնում են Հոգլանդի ասած մի բանի յետեւից: Հոգլանդի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ, այդ երկուսը միասին Մադրիդեան փաթեթն է:

Անկախ նրանից՝ Հոգլանդը ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրուած փաստաթուղթը իրականում Մադրիդեան փաթեթն է, գուցէ այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրաւունքի սկզբունքներն ու դրանց հիման վրայ առաջարկուող բաղադրիչները:

Իրավիճակն այսօր այնպիսին չէ, որ հարցի կարգաւորման մասին խօսուի: Հիմա Սեպտեմբերին Նիւ Եորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երբ հանդիպէն, չեն խօսելու այն մասին, թէ ինչպէս կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը, ոչ, խօսելու են նրա մասին, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորուածութիւնները կատարուեն: Ակնկալել, վախենալ, որ վաղը մեզ համար անընդունելի բաղադրիչներ կը գործադրուեն, անհիմն է:

 

<<ԹԵՐԹ>>- Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ եթէ Հայաստանի համար նորութիւն չէ փոխզիջումային քաղաքականութիւնն, ապա ինչո՞ւ առարկայական բանակցութիւններ չեն վարւում:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ- Ի՞նչ իմաստ ունի առարկայական բանակցութիւն վարել մէկի հետ, որն ուրիշների ներկայութեամբ պայմանաւորւում է, համաձայնում է, դահլիճից դուրս է գալիս, ասում է նման համաձայնութիւններ չեն եղել: Չի կարելի նման պետութեան, մարդու հետ խօսել: Ադրբեջանը դժգոհ է 3 սկզբունքներից, յատկապէս՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզ-բունքը կիրառելուց: Դրա համար պէտք է թափ տալ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին: Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ չի կարող պատանդ պահել այս բանակցութիւնները:

 

<<ԹԵՐԹ>>- Կարծիքներ կան, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրդի պայմանաւորուածութիւնները Ադրբեջանի կողմից չի էլ կատարուելու, այնինչ հայկական կողմը պնդում է, որ առանց դրա հնարաւոր չէ բանակցութիւնները սկսել: Համաձա՞յն էք:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ- Պայմանաւորուածութիւնները իրական են, մեր պահանջը իրական է: Դրա համար ՀՅԴն առաջարկում է, որ Հայաստանը միակողմանի պէտք է կատարի Վիեննայի պայմանաւորուածութիւնները, ասի, որ եկէք տեղադրէք այդ հետաքննական սարքերը մեր կողմը, որ վերահսկէք զինադադարը: Ադրբեջանը կը մերժի, թող մերժի, եթէ կ՛ասեն, որ միակողմանի, ուրեմն թող թոյլ տան, որ իրենց մօտ էլ տեղադրեն: Հայաստանը պէտք է յայտարարի, որ միակողմանի կատարում է Վիեննայում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Դրանից յետոյ էլ Կասպրչիկը չի ասի, թէ չգիտեմ՝ որ կողմից էին մեզ վրայ կրակում, ընդհանուր բարոյական կոչեր չեն արուի, յայտարարութիւնները հասցէական կը լինեն:

 

 



comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement