facebook twitter links
December 14 2017 | 1:54am AET

Նալբանդեան կ՛անդրադառնայ Ատրպէյճանի յայտարարութեան

Source: Asbarez | Saturday, 18 November 2017
Email  |  Print 

 

1118brazil

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Ուրբաթ, 17 Նոյեմբերին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան հանդիպեցաւ պաշտօնական այցով Երեւան ժամանած Պրազիլիոյ արտաքին յարաբերութիւններու նախարար Ալոիզիօ Նունյես Ֆերերայի հետ:

Հանդիպումէն ետք տեղի ունեցաւ միացեալ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին Էդուարդ Նալբանդեան պատասխանեց լրագրողներու հարցումներուն:

Ստորեւ, կը ներկայացնենք այս հարցազրոյցէն հատուածներ.

 

ՀԱՐՑ - Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդեանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկուայում հանդիպումներ ունեցան սկզբում ձեզ հետ, ապա՝ Ադրբեջանի արտգործնախարարի: Այս ֆոնին, Բաքուից հնչել է, թէ Ադրբեջանն ակնկալում եւ անգամ պահանջում է, որ ղարաբաղեան բանակցութիւնները կոնկրետ արդիւնքներ ունենան: Ինչպէ՞ս կ՛արձագանգէք այս յայտարարութեանը:

ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ - Հայաստանը մշտապէս կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման նպատակով ինտենսիւ (խտացեալ-Խմբ.) բանակցութիւններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկայ: Այս առումով մենք կարեւորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղուած հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը: Այդ համատեքստում (այդ պարունակին մէջ-Խմբ.) էին նաեւ կազմակերպուած հանդիպումները եռանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Մենք արդէն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկուել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնեւում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերուած համաձայնութիւնների իրականացման հնարաւորութիւնները: Նաեւ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հանդիպում կազմակերպուի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարուայ Դեկտեմբերին: Հնարաւոր է, որ այդ հանդիպումը լինի Դեկտեմբերի 6ին, 7ին կամ 8ին: Դեռ յստակ օրը եւ ժամը ճշդուած չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնութիւն տուել են երկու կողմերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող յայտարարութիւններին, ապա կը յիշեցնէի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ (ծայրագոյնեան-Խմբ.) դիրքորոշումներից, եթէ կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգաւորումը:

Եռանախագահները կոչ են անում վերահաստատել յանձնառութիւնը միջազգային իրաւունքի երեք յայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականութիւն՝ որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմք: Արդեօք Ադրբեջանը դա անո՞ւմ է:

Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանաւորուածութիւնը միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ստեղծման մասին: Եւ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խօսում ենք արդէն առնուազն վերջին ութ տարիների ընթացքում: Յիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ յայտարարութիւններ են ընդունուել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդէն ասւում էր, որտեղ արդէն խօսւում էր մեխանիզմի ստեղծման մասին: Արդեօք Ադրբեջանն անո՞ւմ է դա:

Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային (հսկողւթեան-Խմբ.) կարողութիւնները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամէն ինչ, որ եթէ անգամ շատ ձեւական ինչ-որ թուի աւելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարաւորութիւնները:

Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունուած յայտարարութեան մէջ կոչ արեցին կողմերին համաձայնութիւն տալ Կազանում հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքներին: Արդեօք Ադրբեջանը դա արե՞ց: Մենք մօտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, յետոյ Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկայ եւ դրանք պէտք չէ քննարկել: Եւ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում…

Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել:

Այնպէս որ, յայտարարութիւններ անել, իրենցից գառնուկ ձեւացնելով. կարծում եմ որեւէ մէկին խաբել չեն կարող: Գիտէք, ժողովրդական ասացուածք կայ, որ ինչքան էլ քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ:

 

ՀԱՐՑ - Առաջիկայ օրերին մենք սպասում ենք ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երեւան, Բաքու, որից յետոյ դուք կարծես հանդիպելու էք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցէ, ինչ-որ նոր գաղափարնե՞ր, առաջարկնե՞ր է բերում պարոն Լաւրովը:

ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ - Այստեղ աւելի շուտ պէտք է խօսել ոչ թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ տարբեր մօտեցումների, որոնք յայտնի են, ես արդէն նշեցի դրանց մասին, աւելի շուտ կարելի է խօսել Ադրբեջանի եւ Եւրամիութեան, Ադրբեջանի եւ միջազգային հանրութեան միջեւ մօտեցումների տարբերութեան մասին: Գիտէք, այդ տարբերութիւնը բազմիցս ակնյայտ է եղել, նաեւ նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թւում՝ Արեւելեան գործընկերութեան:

Եւրամիութեան դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ մշտապէս նոյնն է եղել. ի աջակցութիւն եռանախագահող երկրների ջանքերին եւ մօտեցումներին: Դա ինչ-որ կոնիւնկտուրային (պատահական-Խմբ.) դիրքորոշում չէ, այլ բաւական մտածուած, գիտակցուած եւ այնպիսի մօտեցում է, որ վնաս չհասցուի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին եւ մօտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը: Եւրամիութեան այս դիրքորոշումը երբեւէ չի փոխուել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցութիւնները շարունակւում են, եւ մինչեւ բանակցութիւնները չեն աւարտուել, այդ հռչակագրի վերաբերեալ ինչ-որ բանի մասին այսօր յայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կայ: Տեսնենք:

Ինչ վերաբերում է Լաւրովի այցին, ապա դա պաշտօնական այցելութիւն է: Լաւրովն այստեղ է լինելու Նոյեմբերի 20-21ին: Այս այցելութիւնն առաջին հերթին նուիրուած է լինելու դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բաւական կարեւոր ցուցահանդէս՝ նուիրուած այդ յոբելեանին: Նաեւ մի շարք այլ միջոցառումներ են նախատեսուած այդ այցելութեան շրջանակներում:

Բնականաբար, պարոն Լաւրովը հանդիպում կ՛ունենայ նաեւ Հանրապետութեան նախագահի հետ, բանակցութիւններ կը կայանան արտաքին գործերի նախարարութիւնում, հնարաւորութիւն կ՛ունենանք նաեւ մամուլի ասուլիսով հանդէս գալ, եւ կարող էք այն ժամանակ ուղղել հարցերը թէ՛ ինձ, թէ՛ Լաւրովին:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ բաւական կարեւոր դերակատարութիւն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման ջանքերում՝ որպէս եռանախագահող եւ որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի կարեւորագոյն գործընկեր:

Ինչպէս գիտէք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական յարաբերութիւններ Ռուսաստանի հետ: Իհարկէ, այդ նոր այցելութիւնը հնարաւորութիւն կը տայ քննարկելու երկկողմ յարաբերութիւններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացումը: Նախագահների միջեւ վերջին հանդիպումը կայացաւ երկու օր առաջ Մոսկուայում: Դա կարեւոր իրադարձութիւն էր նուիրուած՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակին եւ Ռուսաստանում Հայաստանի մշակոյթի օրերի բացմանը:

Հարցերի շրջանակը շատ լայն է: Մենք, ինչպէս յայտնի է, ունենք դաշնակցային յարաբերութիւններ եւ դրանով արդէն շատ բան է ասուած՝ բազմաշերտ, բազմաբովանդակ եւ խորը համագործակցութիւն ունենք: Մենք ջանք չենք խնայում, որպէսզի այդ յարաբերութիւններն առաւել զարգանան եւ ամրապնդուեն: Դրան է ուղղուած լինելու Լաւրովի հերթական այցելութիւնը Հայաստան:

Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիւ հնարելն այս կարգաւորման գործընթացում դժուար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիւ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նոյնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթէ Ադրբեջանը աւելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մօտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրութեան անունից ներկայացնում են՝ որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմք, ապա առաւել մեծ հնարաւորութիւններ կը բացուեն այս գործընթացն առաջ մղելու եւ արդիւնքներ ունենալու համար:

 






More Headlines