Հանրապետական կուսակցուեան մէջ կայ մէկ առաջնորդ՝ Ե՛ւ Կարէն Կարապետեանի, Ե՛ւ Վիգէն Սարգսեանի համար. Շարմազանով

By Asbarez | Thursday, 28 December 2017

ԵՐԵԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հանրապետական կուսակցութեան մէջ կայ <<1 լիդեր (առաջնորդ-Խմբ.) ե՛ւ Կարէն Կարապետեանի, ե՛ւ Տարօն Մարգարեանի, ե՛ւ Վիգէն Սարգսեանի համար. մեր լիդերը Սերժ Սարգսեանն է>>, 27 Դեկտեմբերին, լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին յայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) մամլոյ խօսնակ Էդուարդ Շարմազանով՝ անդրադառնալով հարցին, թէ ինչ բանը կը խանգարէ Սերժ Սարգսեանին յայտարարելու, որ ինքն է  վարչապետի թեկնածուն:

<<2018թ.ը կը գայ, բարին էլ հետը, կը քննարկենք, կ՛ասենք, Սերժ Սարգսեանը իր վերջին հարցազրոյցում պատասխանել է բոլոր հարցերին: ՀՀԿն ՀՅԴի հետ շարունակելու է իշխել մինչեւ 2022 թուականը, իսկ թէ ով որտեղ կը լինի, ՀՅԴն ու ՀՀԿն կը հաւաքուեն, կ՛որոշեն: Ես միայն կ՛ասեմ՝ Հայաստանի Հանրապետութիւնում գործող պետական քաղաքական գործիչներից չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանայ առաւել արդիւնաւէտ իրականացնել անվտանգային եւ արտաքին մարտահրաւէրների դիմակայումը եւ արդիւնաւէտ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսեանը: Այո, եթէ մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես համաձայն չեմ, իւրաքանչիւր ոլորտում կան անփոխարինելիներ: ՀՀԿ իւրաքանչիւր անդամի համար պատիւ է լինել մի կուսակցութեան անդամ, որի հրամանատարը Սերժ Սարգսեանն է: Մեր կուսակցութիւնում կայ 1 լիդեր, ե՛ւ Կարէն Կարապետեանի, ե՛ւ Տարօն Մարգարեանի, ե՛ւ Վիգէն Սարգսեանի համար, եւ ինձ համար>>, ըսաւ Շարմազանով:

ՀՀԿ խօսնակը աւելցուց. <<Եթէ մարդիկ կրկնում են, թէ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքը չեմ կիսում. իւրաքանչիւր ոլորտում կան անփոխարինելի գործիչներ: Վահան Յովհաննիսեան գործիչն այս պահին անփոխարինելի է, մենք նրա կարիքն ունենք>>:

ՀՀԿ մամուլի խօսնակը կրկին յորդորեց սպասել մինչեւ 2018՝ նշելով, որ դեռեւս չէ որոշուած, թէ ով պիտի ըլլայ կուսակցութեան վարչապետի թեկնածուն:

 

comments