Մեր երկրում չպէտք է լինեն ծայրայեղ աղքատներ եւ ծայրայեղ հարուստներ - Սուրէն Պարսեան

By Asbarez | Friday, 12 January 2018

0112sourenbarsian

<<ԱԼԻՔ>> - <<Նոյեան Տապան>> ակումբում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերեալ իրենց ուսումնասիրութիւնները: Տեղեկացնում է <<Աառաւօտ>>ը:

Նա նշեց, որ մօտ երեք անգամ դիզվառելիքի ակցիզային հարկը նուազեցուել է, 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչեւ 13 հազար դրամ, այն պէտք է մօտ 20 դրամի չափով ազդեցութիւն ունենար գների վրայ: Բայց դիզելային վառելիքի վրայ նոր հարկատեսակ է աւելացել՝ ԱԱՀ (աւելացած արժէքի հարկ), որը նախկինում չկար: Այս հարկատեսակները համաչա՞փ են արդեօք, ազդել գների վրայ՝ դեռ շարունակում են ուսումնասիրել: Դիզվառելիքը 390 դրամ էր, Յունուարի 1ից դարձել է 440 դրամ, <<Ռեգուլեար>> բենզինը 420ից դարձել է 440 դրամ: Բենզինի շուկայում ունենք գերիշխող դիրք ունեցող երկու տնտեսվարող՝ <<Ֆլեշը>> եւ <<CPS>>ը:

Նա նշեց, որ այդ երկու ընկերութիւնները մեծ ազդեցութիւն ունեն շուկայի գնային քաղաքականութեան վրայ: 2017ի 11 ամիսների ընթացքում բենզինի եւ դիզվառելիքի սպառման աճ ունենք, 9 տոկոսով աւելի շատ է ներկրուել: Սեղմուած գազը մէկ խմ. 190 դրամ էր, Յունուարի 1ից դարձել է 210 դրամ: Բայց նկատւում է, որ Երեւանում սեղմուած գազը գազալցակայաններում 20 դրամով աւելի թանկ է վաճառւում, քան մարզերում՝ մասնաւորապէս՝ Գեղարքունիքում, Արարատում, Աշտարակում: Այնտեղ բարձրացումից յետոյ էլ գազի գինը 190-200 դրամ է: Թէ ինչու է Երեւանում աւելի թանկ, միակ տարբերութիւնը տարածքի վարձակալութեան գումարն է, բայց Երեւանում էլ սպառման ծաւալներն են մեծ, հետեւաբար, թէ որքանով է արդարացուած սեղմուած գազի այդ գինը, Պարսեանը նշեց, որ յանձնաժողովը դեռ պէտք է պարզի:

Պարսեանը դժգոհեց, որ տարօրինակ կերպով հարկային բեռի ամբողջ աւելացումը փոխանցուեց սպառողների վրայ:

Լրագրողները հարցրեցին՝ ձեր կուսակցութիւնը՝ ՀՅԴն կողմ է քուէարկել հարկային փոփոխութիւններին, դուք չէի՞ք զգուշացրել ձեր կուսակցութեանը, պատգամաւորներին, թէ ինչ վտանգներ են պարունակում նման փոփոխութիւնները:

Պարսեանը պատասխանեց, որ իրենց գրասենեակը ստեղծուել է 2017ի ամռանը. <<Շատ կարեւոր է, որ գների բարձրացումը պէտք է համահունչ լինի աշխատավարձերի բարձրացմանը: Գնաճն անխուսափելի է, բայց այն կարող է լինել կարգաւորուող, որ սոցիալապէս խոցելի խմբերի համար մեղմուեն գնաճային ճնշումները>>:

Սուրէն Պարսեանն առաջարկում է կառավարութեանը կարգաւորել բենզինի մեծածախ շուկան:

Նա յիշեցրեց, որ 2012ին CPS-ը իր վարած քաղաքականութեան պատճառով տուգանուեց, որովհետեւ մեծածախ գներով մանրածախ վաճառք էր իրականացնում, ինչի հետեւանքով մանր բենզալցակայանները վերացան: Յանձնաժողովը պատժեց ընկերութեանը 100 մլն. դրամով, բայց միւս ընկերութիւնները, որոնք վնաս էին կրել դրանից, որեւէ փոխհատուցում չունեցան, նրանք արդէն անհետացել էին շուկայից: Արդիւնքում՝ կենտրոնացաւ շուկան երկու գերիշխողների ձեռքում: Ուստի հիմա ՀՅԴականն առաջարկում է, որ բենզինի շուկայում նոյն կարգաւորումը մտցուի, ինչ <<Դեղերի մասին>> օրէնքով էր առաջարկւում՝ ներմուծողներին արգելուի մանրածախ վաճառք իրականացնել. <<Թողնենք, որ այս շուկայում փոքր ու միջին բիզնեսը զարգանայ, դրանով հնարաւորութիւն կը տանք եկամուտների վերաբաշխում ապահովել: Մեր երկրում չպէտք է լինեն ծայրայեղ աղքատներ եւ ծայրայեղ հարուստներ, այս շեղումը պէտք է մեղմել>>:

Սուրէն Պարսեանը մտահոգութիւն յատնեց, որ բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացումը կարող է նպաստել տրանսպորտի սակագների վերանայմանը, ինչը նկատւում է հիմա մարզերում:

Նա ասաց, որ թանկացումների հարցերը դարձնելու են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն խորհրդի քննարկման առարկայ:

 



comments