Մի սպասէք, որ ձեր կեանքը պիտի փոխի միայն մէկ անհատ - Արմէն Սարգսեան

By Asbarez | Wednesday, 14 February 2018

RA presidential candidate Armen Sargsyan met the members of 'Elq' faction at the RA National Assembly

ԳԻՒՄՐԻ, <<Ազատութիւն>> - Լրագրող Սաթենիկ Կաղզուանցեան կը տեղեկացնէ, որ Հայստանի Հանրապետական կուսակցութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեան Երեքշաբթի, 13 Փետրուարին հանդիպումներ ունեցաւ Գիւմրիի մէջ:

Սարգսեան շուտով պիտի հանդիպի նախագահ Սերժ Սարգսեանի հետ, անոր փոխանցելու համար թեկնածութիւնը ընդունելու իր որոշումը:

<<Պարզ ասած՝ ինձ արուած առաջարկութիւնը Հանրապետութեան նախագահի կողմից, որը, որպէս անհատ, ես գնահատում եմ որպէս մեծ պատիւ: Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիւ կարող է լինել: Բայց պատուից այն կողմ կայ պատասխանատուութիւն, եւ, ինչպէս տեսնում էք, այդ պատասխանատուութիւնը փոքր չէ: Ինչքան էլ սահմանափակ լինեն նախագահի լիազօրութիւնները, որ ժուռնալիստները նկատում են եւ քննարկում են դա, բայց Հանրապետութեան (ապագայ) նախագահը մեծ լիազօրութիւններ ունի, իհարկէ ոչ վարչական, բայց՝ լինելով երկրի ղեկավար>>:

Մէկ անձով պայմանաւորուած կեանքի փոփոխութիւն ակնկալելը սխալ կը համարէ Արմէն Սարգսեան:

<<Մէկ հոգի չի կարող փոխել: Սպասում էք, որ մէկը գայ, բոլորը փոխի: Մէկի փոխելով չի լինի. բոլորս միասին, ես ձեր հետ միասին, դուք ինձ հետ միասին: Հակառակ դէպքում չի ստացուի… Դուք էս երկրում յեղափոխութիւն էք արել 88 թուականին: Երկիրը տարել էք դէպի յաղթանակ: Դուք, այսինքն՝ հայ ժողովուրդը, եւ մի սպասէք, որ ձեր կեանքը պիտի փոխի միայն մէկ անհատ: Եւ կարեւոր չէ, թէ նրա անունը ինչ է: Եթէ ես ընտրուեմ, միեւնոյն է գալու եմ ձեզ ասեմ՝ եկէք միասին փոխենք>>, լրագրողներուն հետ զրոյցին ընթացքին ըսաւ Արմէն Սարգսեան:

Նախագահի թեկնածուի Գիւմրի այցելութիւնը սկսաւ Եօթ Վէրք եկեղեցիէն:

Իր հանդիպումներուն ընթացքաին Արմէն Սարգսեան պնդեց, որ Գիւմրիի եւ Շիրակի մարզի հարցերուն ծանօթ է ու յիշեց վարչապետի պաշտօն վարած ժամանակաշրջանին՝ 21 տարի առաջ, Գիւմրի կատարած այցը:

<<Ես կարծում եմ, մենք պէտք է մտածենք հաւասարաչափ բաշխելու մասին ե՛ւ երկրի հարստութիւնը, ե՛ւ աշխատանքը, ե՛ւ ամէն ինչը: Դա մի օրուայ աշխատանք չի ի հարկէ… Շիրակը ունի հսկայական պոտենցիալ (կարելիութիւն-Խմբ.): Էս քաղաքը էղել է վարպետների, ուստեքի քաղաք>>, ըսաւ Սարգսեան:

Հանրապետականի նախագահի թեկանածուն Արուեստներու ակադեմիոյ մէջ հանդիպեցաւ դասախօսներու ու ուսանողներու հետ:

Սարգսեան երկարատեւ հանդիպում ունեցաւ Գիւմրիի մտաւորականներուն հետ:

 



comments