Ռեյտինգային ընտրակարգի խնդիրը մենք արդեն բերել ենք օրակարգ, պետք է բանակցենք ճիշտ` մատը դնելով բուն խնդրի վրա

By Yerkir.am | Friday, 23 February 2018

ՀՅԴ խմբակցության պատգամավորները հնարավորինս ազատ են իրենց դիրքորոշումը հայտնելու տեսանկյունից. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով քննարկման առիթ դարձած թեմային, որ պետաիրավական հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը <<Ծառուկյան>> խմբակցության ներկայացրած` ռեյտինգային ընտրակարգը հանելու վերաբերյալ քվեարկության ժամանակ դեմ էր եղել:

Ռուստամյանն ասաց, որ դա Անդրանիկ Կարապետյանի տեսակետն է: <<Երբ քննարկում է գնում խմբակցությունում, մեր պատգամավորներին հնարավորինս ազատ ենք թողնում, որպեսզի նրանք իրենց տեսակետներն ավելի ամբողջական, առանց կաշկանդվելու կարողանան ներկայացնել: Իսկ Դաշնակցության տեսակետը կերևա, երբ բուն նյութը մտնի լիագումար նիստ, և մենք կքվեարկենք: Մենք գործող ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու քայլեր ենք կատարելու, բայց մարտավարությունը, որը մեզ պարտադրվում է, անընդունելի է: Մենք սրա մասին ասել ենք, որ մերժվելու է>>,- պարզաբանեց նա:

Ըստ Ռուստամյանի` Կարապետյանը կողմ է, որ որևէ ձևով լինի ռեյտինգային ընտրակարգը, ինչը ՀՅԴ-ի մոտեցումներում ևս կա: <<Երբ մենք ասում ենք` հրաժարվել այս ընտրակարգից, դա չի նշանակում, որ միակ ճանապարհն այն է, ինչ առաջարկում են մեր մյուս գործընկերները: Սա նույնպես ճանապարհ է, բայց միակը չէ: Այդ ճանապարհը, որ առաջարկվել է, Անդրանիկ Կարապետյանի սրտով չէ, որովհետև նա ուզում է այդ ընտրակարգը պահպանել>>,- ասաց նա:

Ռուստամյանը պնդեց, որ Դաշնակցության համար երկու տարբերակներն էլ ընդունելի են` թե’ ռեյտինգայինի չլինելը, թե’ լինելը: <<Մենք հարցը ձևակերպում ենք այսպես` գոյություն ունի գործող կարգ, որից պետք է հրաժարվել, և դրա համար հիմնավոր փաստեր ենք բերում, բայց այդ հրաժարվելու հատուկ հարցը ձևակերպում ենք այնպես, որ կոնսենսուս ձևավորվի այն խնդրի շուրջ, որ գործողը սխալ է: Պետք է միասին գտնել այն լուծումը, որն այս վիճակը կփոխի, և սրա համար տալ հնարավորություն մյուս գործընկերներին էլ մասնակից դառնալու, ոչ թե մենք նախապես նախապայման դնենք, որ հատկապես այս ճանապարհով փոխվի, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է>>,- ասաց նա` հավելելով, որ տեղի ունեցավ այն, ինչ իրենք կանխատեսել էին:

Ռուստամյանը նշեց, որ եթե խոսվում է ռեյտինգայինը պահելու մասին, դրա տարբերակներն էլ բազմաթիվ են: <<Ինչո՞ւ ենք հիմա ուզում հևիհև ինչ-որ մի խնդիր լուծելու համար մի տարբերակ վերցնել և բոլոր ուժերը մսխել դրա վրա, մանավանդ` գիտենք, որ վերջում արդյունք չեն տալու: Ռեյտինգայինի տարբեր ձևեր կան, որի շուրջ պետք է բանակցել: Մենք չենք էլ ուզում, որ տպավորություն առաջանա, թե սա մի հարց է, որը բերելու է կոալիցիայի ներսում պառակտումների: Մենք ուզում ենք պահպանել կառուցողական մեր մոտեցումը, և սա, վստահ ենք, լուծում կունենա, եթե մեր կոալիցիոն գործընկեր Հանրապետականը սրա հետ համաձայնի, ուստի կամուրջներն այրելու, ինքնանպատակ քայլեր կատարելու խնդիր մենք այս դաշտում չենք ունեցել, չենք էլ ունենալու, որովհետև դա անհեռանկար է>>,- շեշտեց նա:

Ռուստամյանը նաև հերքեց մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե ՀՅԴ ներկայացուցիչները ոչ միայն հայտարարությամբ էին իրենց աջակցությունը հայտնել <<Ծառուկյան>> դաշինքին, այլև հետագայում ևս կապվել էին դաշինքի ներկայացուցիչների հետ և պատրաստակամությունը հայտնել պաշտպանել դաշինքի հիշյալ նախաձեռնությունը` առաջարկելով դառնալ նախաձեռնության համահեղինակներ: <<Մենք ոչ մեկին այս հարցով չենք դիմել: Եթե մենք հարց ունենանք, առաջին հերթին կդիմենք մեր կոալիցիոն գործընկերոջը, որովհետև նրանց հետ պետք է այս խնդիրը լուծվի, առանց նրանց համաձայնության այս խնդիրը չի լուծվելու: Հիմա այս խնդիրը մենք արդեն իսկ բերել ենք օրակարգ և առաջին հերթին պետք է բանակցենք հենց մեր կոալիցիոն գործընկերոջ հետ, բայց բանակցենք ճիշտ` մատը դնելով այն խնդրի վրա, որն այսօր անհրաժեշտաբար պետք է լուծվի>>,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի դեմ քննադատություններին, Ռուստամյանը նշեց. <<Մարդիկ կան քնում-արթնանում են, միայն ուզում են տեսնել, որ Դաշնակցությունն ընդհանրապես այլևս գոյություն չունի, դարձել է կցորդ, վերացել է: Նայում եմ` ինչ-որ անտրամաբանական, օդից վերցված եզրակացություններ: Եթե այդպես նայենք` Հանրապետականն է միացել Դաշնակցությանը, երբ բոլոր մեր առաջարկությունները, մեր օրակարգն ընդունել է: Հիմա ո՞վ է ում միացել, այս ի՞նչ պրիմիտիվ մտածելակերպ է>>:

Նա ընդգծեց, որ այդպես մտածողներին ձեռնտու չէ ընդունել, որ գոյություն ունի մի լուրջ քաղաքական ուժ, որն ունի իր օրակարգը և դրանից չի հրաժարվում, սա նրանց քաղաքական հաշվարկների մեջ չի տեղավորվում: <<Զուտ մրցակցային առումով` նրանք այդ դաշտը կորցնում են և ուզում են սեփականաշնորհել ամեն ինչ: Բոլորը վատն են, իրենք պուպուշ են` այս տրամաբանությամբ է ամեն ինչ ընթանում: Նրանք արևի տակ իրենց տեղը պահպանելու խնդիր պիտի լուծեն Դաշնակցությանը դրանից դուրս մղելու տրամաբանությամբ, բայց, ինչպես հայտնի է, 127 տարի այդ փորձը կատարել են, ոչ մեկին դա չի հաջողվել: 127 օրվա կամ ժամվա կենսագրություն ունեցողներին հաստատ դա չի հաջողվի>>,- եզրափակեց Ռուստամյանը:

 


comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement