«ԱՐՑԱԽՓՐԷՍ»ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԳՆԴ. ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹԵԱՆԻ ՀԵՏ

By Asbarez | Saturday, 14 April 2018

0414enemyresources1

Հակառակորդի Ի՞նչ Ռեզերվեներ Են Ոչնչացուել 2016թ.ին

 

Վարեց «Արցախփրէս»ի տնօրէն ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ

 

 

«Արցախփրէս».- Օրերս ադրբեջանական բանակի զօրաբաժնի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծաւալուն հարցազրոյց է տուել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամեայ վաղեմութեան առճակատումը ներկայացնելով որպէս ադրբեջանական բանակի փայլուն յաղթանակ:

Սեփական բանակի հասցէին շռայլութիւններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաեւ «փնովել» հայկական բանակի գործողութիւնները՝ նշելով, որ 2015թ.ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մօտակայքում տեղակայուած ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիւերսիոն ներթափանցման փորձեր:

 

ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պարո՛ն Հասրաթեան, ինչպէ՞ս կը բնութագրէիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹԵԱՆ.- Նախ, եթէ ուսումնասիրէք բանակի մամուլի ծառայութեան կողմից տարածուող օպերատիւ ամփոփագրերը, կը տեսնէք, որ 2014թ. երկրորդ կէսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար աւելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառուող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականօրէն ու միտումնաւոր սրելով իրադրութիւնը: Իսկ 2014թ. Նոյեմբերի 12ին աւելի հեռուն գնաց եւ խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզէն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.ից ի վեր: Այնուհետեւ անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը հրաժարուեց հայկական կողմին վերադարձնել չէզոք գօտում յայտնուած ուղղաթիռի անձնակազմի դիակները:

Դրան հետեւեց արցախեան կողմի փայլուն կազմակերպուած եւ իրականացուած ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման գործողութիւնը, ինչը մեծ արձագանգ գտաւ միջազգային մամուլում:

Եւ ահա այսպէս, օր-օրի լարելով իրադրութիւնը, ադրբեջանական կողմը Ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրութեան: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարուածներ հասցնելուն, ապա պէտք է նշեմ, որ Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը բազմիցս հրապարակաւ յայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մօտ տեղակայուած քաղաքացիական բնակչութիւնը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան անհեռատես քաղաքականութեան պատանդը, մեզ համար հակառակորդ չէ եւ երբեք չի թիրախաւորուել մեր կողմից: Այլ դէպք է, երբ ադրբեջանական զինուորական ղեկավարութիւնը, թաքնուելով սեփական ժողովրդի թիկունքում եւ վերջիններիս օգտագործելով որպէս կենդանի վահան, իր կրակակէտերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում եւ սկսում այնտեղից կրակ վարել: Տուեալ դէպքում այդ կրակակէտերը ենթակայ են անյապաղ ոչնչացման: Այստեղ, որպէս ապացոյց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի եւ Զանգիշալը բնակավայրերում տեղակայուած կրակակէտերի լռեցման փաստը, որից յետոյ տեղի բնակիչների եւ զինուորականութեան շրջանում առաջացան բախումներ: Սրանից աւելի խօսուն ապացոյցներ անհնար է գտնել:

0414enemyresources

 

ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանութեան նախարարը մի անգամ հրամայել է մշակել եւ իրականացնել հայերին աւելի որոշիչ եւ կտրուկ հարուած հասցնելու ծրագիր, որով մէկընդմիշտ վերջ կը տրուէր բոլոր խնդրայարոյց հարցերին: Պրն. Հասրաթեան, արդեօք սրանից կարելի՞ է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստւում յարձակման:

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹԵԱՆ.- Ադրբեջանական գեներալի այս խօսքերն ակամայից վկայում են, որ մինչեւ 2016թ. Ապրիլը նրանց կողմից ակտիւ նախապատրաստութիւն է տարուել յարձակողական լայնամասշտաբ գործողութիւն իրականացնելու համար: Որպէս դրա դրդապատճառներ կարելի է համարել ե՛ւ Ադրբեջանի ղեկավարութեան ամենատարբեր առիթներով արուող՝ Արցախը զէնքի ուժով նուաճելու մասին յայտարարութիւնները, ե՛ւ միլիարդաւոր դոլարների սպառազինութեան ձեռքբերումը, ե՛ւ ներքին լարուածութիւնը, ե՛ւ միջազգային իրադրութիւնը: Սակայն նաւթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարութիւնը չէր հաշուարկել կամ գուցէ մոռացել էր հայ զինուորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կեանքի գնով պաշտպանելու պատրաստականութեան ու հայի միասնականութեան մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջոյ, ինչպէս արցախեան առաջին, այնպէս էլ ապրիլեան պատերազմի ժամանակ վճռորոշ եղաւ մեր հակառակորդին հրադադար պար-տադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրայարոյց հարցերին մէկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատեացութեան պայմաններում դժուար չէ հասկանալ, թէ ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառօդի հոտը երբեւէ չառած պաշտպանութեան նախարարը:

 

ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ.-  Պրն. գնդապե՛տ, գեներալ Հասանովը նշում է, որ Թալիշի ուղղութեամբ մղուած մարտերում ադրբեջանցիները լրիւութեամբ ապահովագրել են Թափկարակոյունլու գիւղի եւ Նաւթալան քաղաքի անվտանգութիւնը եւ այսուհետ հայերը չեն կարող կրակի տակ պահել այդ բնակավայրերը: Որքանո՞վ են իրական նման գնահատականները:

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹԵԱՆ.- Այստեղ կարծում եմ գեներալի երեւակայութիւնն ու անհեթեթութիւնները հասել են գագաթնակէտին եւ նա պարզապէս ցանկալին փորձել է ներկայացնել իրականութեան փոխարէն: Թալիշի հետ կապուած ուզում եմ ադրբեջանական գեներալին յիշեցնել, թէ ինչպէս են իրենք իրենց զինուորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ապրիլեան պատերազմի ժամանակ մի ամայի դաշտում «Թալիշ» գրութեամբ վահանակ տեղադրել ու նշել, որ Թալիշը գրաւուել է ադրբեջանցիների կողմից: Բայց իրականութիւնն այն է, որ Թալիշը եղել, կայ ու մնալու է հայկական: Աւելացնեմ նաեւ, որ ինչպէս մինչ 2016թ. ապրիլեան առճակատումը, այնպէս էլ դրանից յետոյ ոչ միայն ադրբեջանական վերոնշեալ, այլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի երկայնքով տեղակայուած շուրջ երեք տասնեակ՝ աւելի ստոյգ 28 բնակավայրեր, մեր զբաղեցրած գերիշխող դիրքերի շնորհիւ, գտնւում են պաշտպանութեան բանակի ուղիղ նշանառութեան տակ եւ դրանց հարուածելը ոչ մի դժուարութիւն չի ենթադրում: Բայց, ինչպէս արդէն նշեցի, պաշտպանութեան բանակը, ի տարբերութիւն մեր հակառակորդի, երբեք իր առջեւ խնդիր չի դնում թիրախաւորել խաղաղ բնակավայրերը: Ուստի ադրբեջանական գեներալի այս «եզրայանգումները» ականջահաճոյ կարող է լինել միայն Բաքուի տաքուկ ու յարմարաւէտ բնակարաններում ապրող մարդկանց համար, իսկ առաջնագծի բնակչութիւնն, ի տարբերութիւն Բաքուի շատ այլ պաշտօնեաների, քաջատեղեակ է իրականութեանը:

 

ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ.- Գեներալ Հասանովը նշում է, որ «ապրիլեան պատերազմում մենք մէկ անգամ եւս համոզուեցինք մեր բանակի՝ իր առջեւ դրուած մարտական խնդրի յստակ կատարման ունակութեան մէջ, ինչպէս նաեւ տեսանք, թէ ինչպէս են իրական պատերազմական պայմաններում ադրբեջանցի զինուորները մեծ ճշգրտութեամբ կիրառում բանակի զինանոցում առկայ ժամանակակից զէնքերն ու տեխնիկական միջոցները»: Ի վերջոյ, ի՞նչ արդիւնքի հասան ադրբեջանցիները 2016թ. Ապրիլին:

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹԵԱՆ.- Եթէ ապրիլեան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրաւուած մի քանի մարտական դիրքերը ադրբեջանական գեներալի համար իր բանակի հզօրութեան չափանիշ են, ապա միայն «նախանձել» կարելի է նման բանակին: Որովհետեւ գործածութեան մէջ դնելով իր զինանոցում առկայ գրեթէ բոլոր միջոցները, այդ թւում‘ ռազմական ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր, «ՏՕՍ» տիպի հրանետեր, հարուածային անօդաչուներ, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարուող հակատանկային հրթիռներ, տարբեր տիպի հրետանային ու հրթիռային միջոցներ եւ տալով մեծաքանակ մարդկային կորուստ, ադրբեջանական բանակը կատարեց ընդամէնը մէկ գումարտակի մարտական խնդիր: Եթէ սա է ադրբեջանական բանակի մարտունակութեան չափորոշիչը, ապա թող ուրախանան իրենց տարած «փայլուն» յաղթանակով եւ շարունակեն վայելել դրա պտուղները:

 

ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պրն. Հասրաթեա՛ն, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ ապրիլեան մարտերում մասնակցութիւն են ունեցել միայն սակաւաթիւ ուժեր եւ դրանում ադրբեջանական բանակի ռեզերվային (պահեստային-Խմբ.) ուժերը չեն ներգրաւուել, այլապէս հայերը լիովին կը ջախջախուէին: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք սա:

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹԵԱՆ.- Ինչ վերաբերում է ապրիլեան մարտերին ադրբեջանական ռեզերվային ուժերի ներգրաւմանը, պէտք է ասեմ, որ ադրբեջանական բանակի գեներալը կամ անտեղեակ է իրողութիւններից, կամ պարզապէս ապաշնորհ կերպով ստում է: Երկու դէպքում էլ դա հարիր չէ ու պատիւ չի բերում նման բարձր պաշտօն զբաղեցնող զինուորականին: Իսկ իրականութիւնը բոլորովին այլ է. ապրիլեան մարտական գործողութիւնների առաջին օրուայ ընթացքում կրած կորուստներից յետոյ ադրբեջանական հրամանատարութիւնը ստիպուած էր ռազմաճակատային գիծ տեղաշարժել իր բանակի կորպուսային ռեզերվները, մասնաւորապէս Ակնայի հատուածում, որտեղ մեծ վնաս էր հասցուել ադրբեջանական բանակի 190րդ մոտոհրաձգային բրիգադին (զօրաբաժնին-Խմբ.), որի մշտական տեղակայման վայրն ու դէպի կենտրոնացման շրջաններ զօրաշարժուող ստորաբաժանումների հիմնական մասը ջախջախուել էր, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Իւսիբովը մահացել: Այդ նպատակով Ակնայի ուղղութեամբ տեղաշարժուեցին Գեանջայում եւ Մինգեչաուրում տեղակայուած ռեզերվային 130րդ եւ 708րդ բրիգադները:

Այս ռեզերվային ուժերի, ինչպէս նաեւ «Եաշմա» յատուկ նշանակութեան ջոկատի ջախջախումից յետոյ Ադրբեջանը ուղիներ էր փնտռում ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար, եւ ի վերջոյ Մոսկուայի միջնորդութեամբ կարողացաւ հասնել իր նպատակին՝ հերթական անգամ մուրալով իրեն այդքան անհրաժեշտ կրակի դադարեցում: Այսպիսով, ադրբեջանական կողմից յաւելեալ ռեզերվային ուժերի ներգրաւման բացակայութիւնը պայմանաւորուած էր ոչ թէ հակառակորդի բարի կամքի դրսեւորմամբ, ինչպէս փորձում է ներկայացնել ադրբեջանական գեներալը, այլ՝ կատարեալ ֆիասկոյի (խայտառակութեան-Խմբ.) մատնուելու վախով: Եւ վերջում ուզում եմ հարց ուղղել գեներալ Հասանովին. «Եթէ ռեզերվային ուժեր չեն ներգրաւուել, ապա ինչպէ՞ս են առաջնագծում յայտնուել «Սմերչ»երը, «ՏՕՍ»երը, ուղղաթիռները, հարուածային անօդաչուները…»:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement