Չենք խոչընդոտի, որպեսզի մեր երկիրն ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին

By Armenpress | Sunday, 29 April 2018


ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի ՀՀ վարչապետի ընտրության գործընթացին՝ քաղաքական մյուս ուժերի՝ <<Ծառուկյան>>, <<ՀՅԴ>> և <<Ելք>> խմբակցությունների կողմից մեկ թեկնածուի առաջադրվելու դեպքում: <<Արմենպրես>>-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: <<Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու>>,-ասաց պատգամավորը: <<Այսինքն՝ քվորում կապահովե՞ք>> հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ <<Այո>>:

Ճշգրտող հարցին՝ այսինքն՝ վարչապետ կընտրվի՞, Բաղդասարյանն ասաց. <<Մենք ասում ենք, որ չենք խոչընդոտի, որպեսզի մեր երկիրն ունենա վարչապետ>>:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկել են կանոնակարգված ընտրությունների գնալու համար դադարեցնել հանրահավաքներն ու ճանապարհները փակելու ակցիաները, որպեսզի չխաթարվի ժողովրդի անդորրը: <<Դա է եղել մեր պայմանավորվածությունը>>,-ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա կոչ արեց առանձին պատգամավորների արտահայտած մտքերն ընդունել որպես անհատական կարծիք և վստահ լինել, որ ՀՀԿ-ն կունենա միասնական դիրքորոշում: <<Երբ խմբակցությունը կհավաքվի, որոշումը կկայացնենք, ես առանց խմբակցության անդամների հետ հավաքվելու որևէ հայտարարություն չեմ անելու: Իմ խմբակցությունը, ես ու բոլորս ունենք պայմանավորվածություն, որ մեր որոշումը պետք է լինի միասնական>>,-հավելեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան, թե երբ կլինի խմբակցության հանդիպումը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. <<Թեկնածուների պաշտոնական առաջադրումներից հետո>>:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է: Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:

 

comments