Տեղի ունեցաւ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան եւ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի հանդիպումը

By Asbarez | Tuesday, 01 May 2018

0501arf-pashinian

ԵՐԵՒԱն - 30 Ապրիլին Երեւանի մէջ կայացել է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան եւ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի հանդիպումը:

Հանդիպումից յետոյ լրագրողների հետ կայացած զրոյցում ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը մասնաւորապէս նշեց. <<Մենք փորձել ենք համադրել մեր տեսակէտները եւ լուրջ տարաձայնութիւններ չունենք։ Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտութիւն է>>:

Արմէն Ռուստամեանը կարեւորեց Հայաստանում արտահերթ ընտրութիւնների ողջամիտ ժամկէտներում անցկացումը: Նա նշեց, որ բոլոր հարցերը պետք է լուծուեն Սահմանադրութեամբ նախանշուած ճանապարհով: <<Արտահերթ ընտրութիւնները նոյնպէս պէտք է սահմանադրօրէն նախանշուած դրոյթներով ընդունուեն: Այսինքն՝ ժամկէտները պէտք է լինեն ողջամիտ եւ պէտք է կարողանանք միասին, համախոհութեամբ այդ հարցը լուծել>>, ասաց նա:

Ռուստամեանի կարծիքով՝ պէտք է այնպիսի ընտրութիւններ կազմակերպել, որոնց արդիւնքները որեւէ մէկի մօտ կասկած չյարուցեն:

Պատասխանելով հարցին, թէ արդեօք վաղը վարչապետ կ՛ունենա՞նք, Ռուստամեանը յոյս յայտնեց, որ այո, քանի որ <<մեր հիմնական մտահոգութիւնը ղարաբաղեան ճակատին է վերաբերւում: Որքան երկարի այս չհանգուցալուծուած իրավիճակը, այդքան մեր երկիրն է թուլանում, այնքան թշնամու ախորժակն է մեծանում>>:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ դուրս եկան կոալիցիայից, Ռուստամեանը պատասխանեց, որ դրա համար երկու պատճառ կար: <<Կոալիցիայից դուրս ենք եկել, քանի որ կոալիցիոն յուշագիրն այս ֆորսմաժորային իրավիճակում չէր գործում, եւ որ մենք կարողանանք ինքնուրոյն մեր կարեւորած ծրագրերն ու մարտավարութիւնը իրականացնել: Մենք չենք կարող այն դաշտի մէջ լինել, որտեղ գրուած է, որ վարչապետի առաջադրման իրաւունքը պատկանում է Հանրապետականին: Որպէսզի սատարենք մեզ համար ընդունելի, ժողովրդի կողմից վստահութիւն վայելող թեկնածուին, նախ պէտք է դուրս գայինք այդ յուշագրով սահմանուած կաշկանդումից: Սա հնարաւորութիւն տուեց, որ ՀՅԴն մտնի այս պրոցեսի (գործընթացին-Խմբ.) մէջ: Ժամանակը կը գայ, կը տեսնեք, որ Դաշնակցութիւնն այստեղ խաղացել է կարեւորագոյն, լրջագոյն դեր>>, եզրափակեց պատգամաւորը:

Հանդիպումից յետոյ լրագրողների հետ հանդիպեց նաեւ Նիկոլ Փաշինեանը, ով նշեց, որ ՀՅԴի հետ տարաձայնութիւններ չկան, հակադրութեան մասին խօսք չկայ, որովհետեւ քաղաքական ուժերը հասկանում են, որ կայ քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտութիւն:

<<Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թէ ինչպէս է պէտք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից յետոյ իրադարձութիւնների մասին մտքեր փոխանակեցինք մօտեցումների փիլիսոփայութեան շուրջ: Փիլիսոփայութիւնն այն է, որ պէտք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հաւանական պաշտօնների եւ կոալիցիոն գործընկերութեան հարց չի քննարկուել>>, ասել է Նիկոլ Փաշինեանը:

 



comments