By Asbarez | Tuesday, 01 May 2018
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Երկուշաբթի, 30 Ապրիլին, Ազգային ժողովում տեղի ունեցաւ ԱԺ <<Ելք>> խմբակցութեան պատգամաւոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւորների դռնբաց հանդիպումը: Առանձնացնենք առանցքային հարցերն ու դրանց պատասխանները:
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Կարէն Բեքարեան. <<Հարցս առնչւում է ղարաբաղեան կարգաւորման գործընթացին: Հարցի առաջին հատուածը. եթէ հնարաւոր է, ձեր տեսլականը, եւ փորձեմ հարցը մի փոքր դիֆերենցել (տարբերակել-Խմբ.)՝ եթէ մօտեցումը գտնուելու է շարունակականութեան համատեքստում, այդ պարագայում որքա՞ն ժամանակ կը պահանջուի, որ դուք այդ գործընթացի մէջ մտնէք իր բոլոր նրբութիւններով, բանակցային էլեմենտներով (տարրերեվ-Խմբ.) հանդերձ: Եւ երկրորդը՝ մեթոդաբանական հատուածը, այսինքն՝ այդ ամէն ինչի մէջ ներառուելու, ներգրաւուելու եւ լիարժէք տեղեակ լինելու ի՞նչ մեթոդաբանութիւն էք պատկերացնում>>:
Նիկոլ Փաշինեան. <<Հասկանալի է, որ Ղարաբաղի հարցը կարեւորագոյն հարցերից մէկն է, եւ շարունակականութեան մասին ասելով՝ ուզում եմ ընդգծել, որ ակնյայտ է, որ հարցի քննարկումը կամ բանակցութիւնները՝ կարգաւորումը պէտք է տեղաւորուեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկէտներին, կարծում եմ, անհրաժեշտ է դրան տիրապետել կարճ ժամկէտներում, եւ մեթոդաբանութիւնը պէտք է լինի ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.), որովհետեւ Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ, որոնք պէտք է հոգ տանեն, որպէսզի իմ վարչապետ ընտրուելու դէպքում ես տիրապետեմ անհրաժեշտ ինֆորմացիայի (տեղեկութեան-Խմբ.):
Իսկ ընդհանրապէս աշխատանքի մեթոդաբանութիւնը, կարծում եմ, էլի պիտի լինի ինստիտուցիոնալ: Մենք միշտ էլ խօսել ենք այն մասին, որ անձերի ճաշակները եւ անձնական սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) կարծիքները չէ, որ պէտք է որոշեն պետական քաղաքականութիւնն այս կամ այն ոլորտում: Իհարկէ, անձերն իրենց դերակատարումն ունեն, բայց այդ դերակատարումը պէտք է լինի հաւասարակշռուած: Ես կարծում եմ, որ մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք կայացել են եւ որոնք կարող են այդ հակակշռի դերը կատարել, եւ այնտեղ, որտեղ անհամաչափ է, եւ հակակշիռների անհրաժեշտութիւն կայ, դա՝ այս հարցի կոնտեքստից (պարունակէն-Խմբ.) դուրս, դրան նոյնպէս անդրադարձ կը լինի:
Ինչ վերաբերում է հարցի ընթացիկ վիճակին, իհարկէ, կարծում եմ, Հայաստանում սրա հետ կապուած կարծիքների շատ մեծ ամպլիտուդա (տարբերութիւն-Խմբ.) չկայ, որովհետեւ այն հռետորաբանութիւնը, որ օգտագործւում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարութեան կողմից, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգարաւորման համար, որովհետեւ իրական կարգաւորման համար անհրաժեշտ է կարգաւորման մթնոլորտ, խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղութեան մթնոլորտ: Ես կարծում եմ, որ ՀՀ իւրաքանչիւր ներկայացուցչի համար որոշակի պրոբլեմատիկ է (խնդրայարոյց է-Խմբ.) բանակցել մի երկրի կամ մի երկրի ներկայացուցչի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատուածի նկատմամբ ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) գործողութիւններ ձեռնարկել եւ վերջին ամենամեծ <<գլուխգործոցը>> Երեւանի նկատմամբ նկրտումներ հաստատելն է: Եւ ԵԱՀԿ համանախագահները, եւ միջազգային հանրութիւնը պէտք է արձանագրեն, որ նման պայմաններում խօսել կարգաւորման մասին, ռէալ (իրական, իրապաշտ-Խմբ.) չէ: Խաղաղութեան համար պէտք է լինի խաղաղութեան մթնոլորտ: Ագրեսիւ հռետորիկայի պայմաններում հնարաւոր չէ խաղաղութեան մթնոլորտ հաստատել, առնուազն այդ մօտեցումը չի կարող լինել ընդունելի: Իսկ ընդհանուր առմամբ հասկանալի է, որ պէտք է լրջօրէն ամրացնել նաեւ Հայաստանի դիրքերը բանակցային գործում: Ինչո՞ւ, որովհետեւ կարծում եմ, որ ազգային զարթօնքը եւ այն ազգային համախմբումը, որ այսօր ունենք, պէտք է բանակցային գործընթացում ուժեղացնի հայկական կողմի դիրքերը, դա պէտք է նպաստի մեր զինուած ուժերի մարտունակութեան բարձրացմանը եւ ընդհանրապէս մեր ազգային ոգու բարձրացմանը, ինչը, կարծում եմ, ամենեւին էլ երկրորդական դերակատարում չունի այս գործընթացում>>:
ԵԱՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՈՒԻ. ՓԱՇԻՆԵԱՆ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Փաշինեանն ու <<Ելք>> խմբակցութիւնը քննադատում էին Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը, երբեմն՝ շատ խիստ, այդ թւում՝ Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄին՝ այն համարելով Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն սխալներից: Մինչդեռ, ըստ Շարմազանովի, վերջին օրերին ռուսական լրատուամիջոցներին, այսօր՝ նաեւ խորհրդարանում Փաշինեանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄից դուրս չի գալու: ՀՀԿական պատգամաւորը հարցրեց, թէ հիմա Փաշինեանի ո՞ր ասածը հիմք ընդունեն:
<<Երկրորդ ենթահարցը. հնարաւո՞ր է ձեր վարչապետ ընտրուելու պարագայում սա լինի ոչ եզակի, լինեն բազմաթիւ հարցեր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գործունէութիւնն ու քայլերը կը տարբերուեն <<Ելք>> խմբակցութեան ղեկավար նիկոլ Փաշինեանի քաղաքական յայտարարութիւններից 180 աստիճանով>>, հարցրեց Շարմազանովը:
Նիկոլ Փաշինեանը նշեց, որ գաղտնիք չէ, որ ինքը դէմ էր քուէարկել ԵԱՏՄին Հայաստանի անդամակցութեանը, ինչ նշանակում է, որ դէմ է եղել այդ միութեան մէջ մտնելու: Բայց, այնուամենայնիւ, ՀՀն ԵԱՏՄ անդամ է, եւ քաղաքական, պետական գործիչները պէտք է հաշուի նստեն իրողութիւնների հետ՝ ելնելով Հայաստանի շահերից:
Փաշինեանն ընդգծեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ԵԱՏՄից դուրս գալու հարց էր առաջ քաշուել, դէմ է քուէարկել նախագծին այն պատճառաբանութեամբ, որ յատկապէս արտաքին քաղաքականութեան բնագաւառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգաւոր կարող են լինել երկրի համար:
<<Կարծում եմ՝ պետական գործիչները եւ իշխանութիւններն ընդհանրապէս պէտք է առաջանորդուեն ոչ թէ իրենց քմահաճոյքներով, այլ երկրի ազգային շահերով եւ ձեռնարկեն գործողութիւններ, որոնք բխում են երկրի ազգային շահերից>>, ասաց նա:
Ըստ Փաշինեանի՝ վարչապետ ընտրուելու դէպքում ՀՀն ԵԱՏՄից դուրս գալու հարց չի բարձրացնելու, բայց դա չի նշանակում, որ ԵԱՏՄում ամէն ինչ իդէալական է, կան խնդիրներ, ինչպէս ցանկացած կազմակերպութիւնում, եւ ըստ նրա, պէտք է աշխատեն, որ գործընկերութեան մթնոլորտում բոլոր այդ հարցերը քննարկուեն, եւ լուծումներ գտնուեն:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Խոսրով Յարութիւնեանի այն հարցին, թէ վարչապետ դառնալու դէպքում ովքեր են լինելու կառավարութեան կազմում, ովքեր են լինելու նախարարները, փոխվարչապետները, Փաշինեանը պատասխանեց, որ պէտք է արձանագրուի այն յենարանը, այն շրջանակը, որն ուղղակի-անուղղակի դառնում է վարչապետի ընտրութիւն իրականացնողը, եւ կառավարութեան կազմը պէտք է ձեւաւորուի այդ շրջանակի հետ քննարկումների արդիւնքում: <<Կառավարութեան ապագայ կազմը կը ձեւաւորուի՝ կախուած նրանից, թէ վաղը քուէարկութիւնն ինչպիսի քաղաքական պատկեր ցոյց կը տայ>>, ասաց Փաշինեանը՝ աւելացնելով, որ ձգտում պէտք է լինի՝ ձեւաւորել համաձայնութեան կառավարութիւն:
<<Ե՞ՐԲ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ <<ՆԱԻՐԻՏԸ>>>>. ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Գագիկ Մելիքեանի կարծիքով՝ ժողովուրդը պէտք է հասկանայ, որ շարժման իւրաքանչիւր օրը մեր տնտեսութիւնն առնուազն երկու ամսով հետ է շպրտում, ապա նշեց, որ Փաշինեանը բազմիցս հնչեցրել է, թէ իշխանութիւնների կողմից սխալ քաղաքականութիւն է վարւում <<Նաիրիտ>>ի գործարկման հետ կապուած: <<Հէնց ժողովրդի անունից հնչեցնեմ այդ հարցը ձեզ՝ ե՞րբ է աշխատելու <<Նաիրիտը>>>>, հարցրեց Մելիքեանը:
Փաշինեանն էլ ասաց, որ, ցաւօք, փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին, իսկ դիտարկմանը, թէ շարժման ամէն մի օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսութիւնը, նա պատասխանեց. <<Ես կարծում եմ, որ շարժման ամէն օրը շատ մեծ պոտենցիալ (կարողականութիւն-Խմբ.) է կուտակել Հայաստանի տնտեսութեան էական եւ թռիչքաձեւ զարգացման համար, եւ եթէ արդարութեան ու օրէնքի առաջ բոլոր մարդկանց հաւասարութեան պայմաններն ապահովուեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մէկն է, ապա համոզուած եմ, որ Հայաստանում շատ մեծ ներդրումներ են արուելու հէնց առաջին հերթին հայկական շրջանակներից, այդպիսի ազդակներ արդէն կան>>:
<<ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉ ԹԷ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ, ԱՅԼ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ>>
Հերմինէ Նաղդալեանն էլ նշեց, թէ իր դիտարկմամբ՝ Փաշինեանի դիրքորոշումը արտաքին, ներքին, կադրային քաղաքականութեան ոլորտներում ՀՀԿից շատ չի տարբերւում: Նա նաեւ նշեց, որ ադրբեջանական մամուլը գոհունակութիւն է յայտնում, որ ՀՀում ռազամաքաղաքական էլիտային (ընտրանին-Խմբ.) փոխարինելու է գալիս ժողովրդավարական հայեացքներով էլիտա, որի հետ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել: Ըստ Նաղդալեանի՝ Փաշինեանը որեւէ վտանգ չի՞ տեսնում այստեղ:
Փաշինեանն էլ, ի պատասխան առաջին դիտարկման, նշեց, որ պրոցեսի շարունակակակութիւնը չի նշանակում նոյնականութիւն, քանի որ <<սատանան դետալների (մանրամասնութիւններու-Խմբ.) մէջ է>>: Ադրբեջանի մասով էլ ասաց, որ ՀՀ զինուած ուժերի կայունութեանը ոչինչ չի սպառնում, իրենք կադրային ջարդ չեն անելու, միւս կողմից՝ Ադրբեջանում ոչ թէ ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն, քանի որ էականօրէն բարձրացել է մեր ազգային ոգին՝ դրանից բխող ռազմաքաղաքական հետեւանքներով, իսկ եթէ Ադրբեջանում ուրախացել են, ուրեմն սխալ են գնահատում իրավիճակը: Հ. Նաղդալեանը հարցրեց նաեւ, թէ ինչպէս պիտի Փաշինեանի թիմը դադարեցնի կամ լուծի Ռուսաստանի կողմից զէնքի վաճառքի հարցը, ինչին Փաշինեանը պատասխանեց, որ այս կարճ ընթացքում արդէն զրոյցներ ունեցել են ռուս գործընկերների հետ, զէնքի վաճառքի թեման չեն շրջանցել, յաւելեց, որ պատեհ առիթները օգտագործելու են թեման քննարկելու համար:
<<ՀԵՏՔ>>
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ