Պէտք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական գործընթաց. Արմէն Ռուստամեան

By Asbarez | Tuesday, 01 May 2018

0502armenrustamian

ԵՐԵՒԱՆ - Երեքշաբթի, 1 Մայիսին, Ազգային ժողովի յատուկ նիստին ընթացքին, ՀՅԴ խմբակցութեան կողմէ ելոյթ ունեցաւ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեան: Ստորեւ անոր ելոյթը՝ ամբողջութեամբ.

<<Մեր դիրքորոշման նպատակը յստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կը շահի մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում: Մեր ժողովրդի եւ քաղաքական ուժերի հասունութեան եւ իմաստնութեան փորձութիւն է սա:

Դեռեւս Սերժ Սարգսեանի ընտրութեան ժամանակ մեր մտահոգութիւնները ասել էինք, որ պարտաւոր ենք ապացուցել, որ այս նոր կառավարման համակարգով երկրում բան է փոխուելու, որ արատաւոր բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախեւառաջ փոխել կարգերը ու օր առաջ հաստատել նոր կարգեր:

Այո՛, պնդում էինք, որ հնից օր առաջ ազատուելու համար երկրում պէտք է նոր կարգեր հաստատուեն: Յիշեցնում էինք, սակայն որ Աստուածաշունչը զգուշացնում է, որ նոր գինին հին տիկերի մէջ չեն լցնում, որովհետեւ նոր գինին կը պատռի հին տիկերը: Այդպէս էլ եղաւ, բայց, ինչպէս ասում են, Շաբաթը Ուրբաթից շուտ եկաւ: Հիմա ունենք նոր, ֆորսմաժորային (անկանխատեսելի ուժեղ պատահար-Խմբ.) իրավիճակ, որ անյապաղ լուծումներ է պահանջում:

Սերժ Սարգսեանը իր հրաժարականով դրա համար դուռ բացեց եւ ապացուցեց, որ վարչապետի պաշտօնի ստանձնումը նեղ հատուածական շահ չէր հետապնդում, հիմա Հանրապետականի հերթն է ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում եւ պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով:

Այս պահին, շարժման առաջին փուլը, որ կարելի է բնորոշել որպէս իրեն սպառած հինը մերժելու փուլ, որոշակի առումով կատարուած է: Հիմա սկսել է ամենադժուարինը՝ արարման փուլը՝ այդ մերժման հիմքում ընկած պատճառների վերացման փուլը:

Մենք պարտաւոր ենք, անցեալի սխալները չկրկնելով, թոյլ չտալ, որ համաժողովրդական զարթօնքի ներուժը մսխուի, ժողովուրդը հիասթափուի, այլ անենք ամէն ինչ, որ բոլորը, ամէն մի քաղաքացի զգայ ժողովրդային շարժման բերած նոր շունչն ու ճաշակի դրա բարերար արդիւնքները:

Այս արարման փուլը յաջողելու գրաւականը նախեւառաջ արտաքին ուժերի միջամտութիւնը բացառելն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը պահպանելը, հասարակութիւնը օտարների եւ իւրայինների չբաժանելը եւ ներազգային համերաշխութեան եւ բոլոր կողմերի համախոհութեան վրայ հիմնուած միասնաբար առաջ ընթանալն է: Սա պէտք է լինի յաղթանակ, որի մէջ իրենց դերակատարութիւնն են բերում բոլորը՝ անկախ քաղաքական հայեացքներից:

Մենք Նիկոլ Փաշինեանի հետ խօսել եւ համաձայնեցրել ենք այս փուլի հետ կապուած սկզբունքային եւ առաջնահերթ նշանակութիւն ունեցող մի շարք կարեւորագոյն հարցեր, որոնցից ես յատկապէս ուզում եմ առանձնացնել հետեւեալները՝

Պէտք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական այնպիսի գործընթաց, որը չի վտանգի մեր դիրքերն ու պաշտպանունակութիւնը ղարաբաղեան ճակատում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորում այն սկզբունքներով, որոնց հիմքում ընկած է Արցախի ժողովրդի հանրաքուէով արդէն իսկ արտայայտուած կամքը: Ընտրական համակարգի բարեփոխում՝ տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացումով:

Խորհրդարանական կառավարման համակարգի յետագայ զարգացում՝ ուղղուած իշխանութեան լիարժէք ապակենտրոնացմանը: Համազգային շահերից բխող հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորում եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետեւողական գործընթաց:

ԵՄ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանականերում գործընկերային յարաբերութիւնների շարունակում: Սիրելի՛ հայրենակիցներ, ոչ ոք դէմ չի կարող լինել ժողովրդի իշխանութիւնը հաստատելու նպատակին:  Բայց դա խաղաղ եւ անցնցում կատարելը պահանջում է, որ այդ գործընթացը իրականացուի մտածուած՝ բոլոր կողմերի ընդգրկմամբ եւ համախոհութեամբ:

Սա  պէտք է լինի բոլորիս սրբազան պարտքը, որ ի լուր աշխարհի կ՛ազդարարի մեր համազգային իմաստնութեան եւ հեռատեսութեան մասին, անխուսափելիօրէն կը բարձրացնի Հայաստանի եւ հայութեան միջազգային հեղինակութիւնը: Մենք ունենք բացառիկ հնարաւորութիւն չհակադրել ժողովրդավարութիւնն ու անվտանգութիւնը, այլ ճիշդ հակառակը ամրապնդել թէ՛ մէկը, թէ՛ միւսը: Սա է այն նոր սկիզբը, որ մեզ կը տանի դէպի մեր երազած արդար Հայաստանը: Իմաստնութիւն բոլորիս>>:

 



comments