Վարչապետական Հիւրախաղերն Աւարտուած Են. Ինչու Է Հրաժարական Տուել Կարէն Կարապետեանը Եւ Ով Կը Փոխարինի Նրան

By Asbarez | Thursday, 28 June 2018

0627garenkarapetyan

<<Ժողովուրդ>> օրաթերթն իր Երեքշաբթի, 26 Յունիսի ամարում գրում է.

<<Մինչ հասարակութիւնը հետեւում է Սերժ Սարգսեանի մերձաւորների վերաբերեալ այս օրերի կոռուպցիոն բացայայտումերին, իրաւապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին (գործողութիւններուն-Խմբ.), հետաքրքիր կադրային փոփոխութիւններ են սկսւել ՀՀԿում. կուսակցութեան առաջին փոխնախագահի պաշտօնից հրաժարուել է նախկին վարչապետ Կարէն Կարապետեանը: Յիշեցնենք՝ Կարապետեանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿին անդամակցեց վարչապետի պաշտօնին նշանակուելուց յետոյ: Առայժմ նա հրաժարուել է կուսակցութեան փոխնախագահի պաշտօնից՝ շարունակելով դէ իւրէ (ըստ օրինի-Խմբ.) մնալ ՀՀԿական: Սակայն պարզ է, որ ՀՀԿին Կարապետեանի հետագայ անդամակցութիւնը կը լինի սոսկ ձեւական, ընդ որում‘ ժամանակաւոր: Նա կուսակցութիւնից միանգամից դուրս չի եկել, որպէսզի տպաւորութիւն չստեղծուի, թէ միայն <<լաւ օրերի ընկեր էր>>: Բայց պարզ է, որ ՀՀԿն շատերի, այդ թւում Կարապետեանի համար եղել է սոսկ միջոց իշխանութեան մէջ լինելու համար: <<Ժողովուրդ>> օրաթերթի տեղեկութիւններով‘ Կարապետեանը որպէս ՀՀԿ փոխնախագահից հրաժարուելու պատճառաբանութիւն բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցութիւնում ակտիւ գործունէութիւն չի ծաւալում եւ ճիշd է համարում, որ այդ պաշտօնում ակտիւ մէկը լինի: Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել: Մասնաւոր զրոյցներում ՀՀԿականները նշում են, թէ վերջին իրադարձութիւններից յետոյ այսպիսի որոշման սպասում էին, առաւել եւս երբ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ շատ քիչ նիստեր են եղել, որին Կարէն Կարապետեանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրաւորական դիրք է ընդունել: Միւս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հէնց այդ ծանր պահին Կարապետեանը պէտք է ոչ թէ լքէր կուսակցութիւնը, այլ աւելի ակտիւ գործեր եւ ի ցոյց չդնէր կուսակցութիւնում առկայ խնդիրները: Մեզ հասած տեղեկութիւններով՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտօնում այս պահին երկու հիմնական անուն է շրջանառվում՝ Վիգէն Սարգսեանն ու ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմէն Աշոտեանը: Սակայն այս հարցում դեռեւս որեւէ վերջնական որոշում չի կայացուել: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՀԿն իշխանութիւնից հեռացուելուց յետոյ սկսել է կամաց-կամաց կազմաքանդուել. այս կուսակցութիւնից զանգուածային արտահոսք է սկսուել>>:

 


comments