Դեմոյեանը Վաղուց Տնօրէն Չէ, Բայց Օգտագործում Է Կառոյցի Սենեակն Ու Աւտոմեքենան. ԿԳ Նախարար

By Asbarez | Thursday, 28 June 2018

0628demo

ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - Հայկ Դեմոյեանը Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը չէ, սակայն օգտագործել է տնօրէնի սենեակն ու աւտոմեքենան. 27 Յունիսին, լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանի կրթութեան եւ գիտութեան (ԿԳ) նախարար Արայիկ Յարութիւնեանն՝ անդրադառնալով Հայկ Դեմոյեանի հնչեցրած մեղադրանքներին, թէ նախարարը երէկ ներխուժել է իր առանձնասենեակը:

Նախարարը նշեց, որ դեռ 2017ի Դեկտեմբերին որոշում է կայացուել, որ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿը դառնում է հիմնադրամ, որի տնօրէնի պաշտօնակատար է նշանակուել Սուրէն Մանուկեանը, այնուհետեւ՝ Գէորգ Վարդանեանը:

Յարութիւնեանը նշեց, որ Դեմոյեանն անցած տարուայ Դեկտեմբերին մեկնել է երկրից, եւ երբ այս տարուայ Յունիս ամսին վերադարձել է Հայաստան, զաւթել է տնօրէնի սենեակը:

<<Այս առումով ես չէի ուզում, որ աղմուկ բարձրանայ, մանաւանդ, որ առաջիկայում կը լինի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ կ՛որոշուի նոր տնօրէնի ընտրութեան ժամկէտը: Դեմոյեանին պարզապէս զգուշացրել են, որ այն, ինչ անում է, հակաօրինական է, իսկ նախարարութիւնն ու իշխանութիւնը բոլոր իրաւունքներն ունեն դիմելու իրաւապահ մարմիններին՝ հակաիրաւական գործողութիւններին վերջ տալու համար: Նա գրաւել էր սենեակը, նիստեր էր գումարում, անձնակազմի անունից ուղերձներ յղում>>, ասաց նախարարը:

Խօսելով իր՝ թանգարան-ինստիտուտ այցի մասին՝ Յարութիւնեանը նշեց, որ ինքը ԿԳ նախարարն է եւ իրաւունք ունի գնալու այնտեղ: Նախարարը մանրամասնեց, որ այդ սենեակում տեղի է ունեցել իր հանդիպումը փոխտնօրէնի հետ: <<Պարոն Դեմոյեանը, ում այս ստատուսներից երեւում է, ուշադրութեան լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում, սակայն փոխտնօրէնների, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ոչ ոք չի նշել որեւէ խնդրի մասին: Պարոն Դեմոյեանը փորձում է այս ամէնից շոուներ սարքել, որը նրա մօտ չի ստացուի, ինչպէս չեն ստացուել նախկինում նրա բազմաթիւ սկանդալները>>:

Անդրադառնալով Հայկ Դեմոյեանի այն յայտարարութեանը, թէ կան աննախադէպ ցնցող ու խայտառակ փաստեր, որոնք չէր ուզի հրապարակել, ապա ԿԳ նախարարն ասաց, որ թէ՛ փոխնախարար Յովհաննէս Յովհաննիսեանը, թէ՛ ինքը մութ պատմութիւններ չունեն:

Ինչ վերաբերում է Դեմոյեանի գրառման վերջին հատուածին՝ <<Մի բան էլ ասեմ. <<լայու>>ը այս պատմութեան մէջ փրկարար դեր չի կատարի: Դէ իսկ հիմա կարող էք համբուրուել տղաներ>>, ապա նախարարը նշեց, որ ակադեմիական շրջանակներին ոչ յարիր պահուածք է, որը չի մեկնաբանի: <<Անմակարդակութիւն է>>, ասաց նա:

Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէնը ֆէյսբուքեան իր գրառման մէջ նաեւ ակնարկել էր, որ ԿԳ նախարարը հովանաւորեալ ունի, որի հետ 1998թ.ին չորս ամիս անցկացրել է Դամասկոսում: Ի պատասխան ԿԳ նախարարը նշեց, որ, այո, 1998ին ինքը Դամոսկոսում է սովորել, սակայն թող Դեմոյեանը պարզաբանի, թէ ինչ նկատի ունի:

Նշենք նաեւ, որ Դեմոյեանը նոր գրառում էր կատարել՝ ԿԳ նախարարին հրաւիրելով համատեղ ասուլիսի, սակայն, նախարարի խօսքով, այսքան անմակարդակութիւնից յետոյ չի կարող նման մարդու հետ որեւէ շփում ունենալ:

Դիտարկմանը, թէ հնարաւո՞ր է Դեմոյեանի հետ անձնական որեւէ խնդիր ունեն, Յարութիւնեանն արձագանգեց, որ նրան մէկ անգամ չի տեսել: <<Ես մտահոգուելու որեւէ խնդիր չունեմ: Այսօր արդէն դիմել եմ իրաւապահ մարմիններին, որոնք կը զբաղուեն այդ հարցով>>, խօսքն ամփոփեց Յարութիւնեանը:

 

comments