Թաքցրել Է Դրամական Միջոցների Իրական Չափի Մասին Տուեալները. Ապօրինի Հարստացել Է. Վաչագան Ղազարեանին Մեղադրանք Է Առաջադրուել

By Asbarez | Thursday, 28 June 2018

0628Vachagan

ԵՐԵՒԱՆ - ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում քննուող քրէական գործի շրջանակներում 25 Յունիս 2018թ.ին ձերբակալուած Վաչագան Ղազարեանին 27 Յունիս 2018թ.ին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 314.3րդ յօդուածի 2րդ մասով եւ 310.1ին յօդուածի 1ին մասով նախատեսուած հանրօրէն վտանգաւոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտօնատար անձանց էթիկայի յանձնաժողով ներկայացրած յայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին յայտարարագրման ենթակայ տուեալները, ինչպէս նաեւ ապօրինի հարստացել է:

Մինչեւ 2018թ.ի Մայիսի 17ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանութեան ծառայութեան պետի առաջին տեղակալի պաշտօնը զբաղեցրած Վաչագան Ղազարեանի՝ Երեւան քաղաքի Տէրեան փողոցի 66րդ շէնքի 62րդ բնակարանում 2018թ.ի Յունիսի 20ին կատարուած խուզարկութեամբ յայտնաբերուել է 35,000,000 ՀՀ դրամ, 1,110,400 ԱՄՆ դոլար, 230,500 եւրօ, իսկ վերջինիս պատկանող աւտոտնակում Յունիսի 21ին կատարուած խուզարկութեամբ յայտնաբերուել է 2000 ԱՄՆ դոլար:

2018թ.ի Յունիսի 25ին Վաչագան Ղազարեանը Երեւան քաղաքի Գրիգոր Լուսաւորչի փողոցի 13 հասցէում գործող <<Արդշինբանկ>> ՓԲԸի իր հաշուեհամարից կանխիկացրել է 50,000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցէում գործող <<Իւնիբանկ>> ՓԲԸի իր հաշուեհամարից՝ 120,000 ԱՄՆ դոլար եւ 436,000,000 ՀՀ դրամ, որից անմիջապէս յետոյ բերման է ենթարկուել ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւն, որտեղ նշուած գումարները յայտնաբերուել եւ առգրաւուել են:

Քննութեամբ հիմնաւորուել է, որ Վաչագան Ղազարեանն իր՝ 2017թ.ի գոյքի, եկամուտների եւ փոխկապակցուած անձանց յայտարարագրում, ինչպէս նաեւ պաշտօնէական պարտականութիւնները դադարեցնելու օրուայ՝ 2018թ.ի Մայիսի 17ի դրութեամբ առկայ գոյքի, եկամուտների եւ փոխկապակցուած անձանց յայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին յայտարարագրման ենթակայ տուեալները, որը յանգեցրել է առանձնապէս խոշոր չափերով գոյքի՝ 460,000,000 ՀՀ դրամի, 615,268,944 ՀՀ դրամին համարժէք՝ 1,272,900 ԱՄՆ դոլարի եւ 124,371,180 ՀՀ դրամին համարժէք՝ 218,000 եւրոյի չյայտարարագրմանը, եւ հաշուետու ժամանակահատուածում նրա գոյքի աւելացումն էականօրէն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտօրէն չի հիմնաւորւում դրանցով, այսինքն՝ վերջինս ապօրինի հարստացել է:

ՀՀ յատուկ քննչական ծառայութեան քննիչի կողմից միջնորդութիւն է ներկայացուել Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարան՝ Վ. Ղազարեանի նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննութիւնը շարունակւում է:

 



comments