Նիկոլ Փաշինեան Յայտարարեց Անցումային Արդարադատութեան Մարմիններ Ստեղծելու Մասին

By Asbarez | Saturday, 18 August 2018

0818demofront

ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան Ուրբաթ, 17 Օգոստոսին, Հանրապետութեան հրապարակին վրայ հաւաքուած բիւրաւոր հայորդիներուն ներկայացուց իր վարչապետութեան հարիւր օրերու գործունէութեան ամփոփումը եւ յետագայ գործողութիւններու ծրագիրը:

Ստորեւ կը ներկայացնենք վարչապետ Փաշինեանի ելոյթի առանցքային կէտերը.

– «Կոռուպցիայի դէմ պայքարում ոչ թէ բանտերը լցնելն է, այլ ժողովրդից գողացուածը վերադարձնելն է: Այսօր արդէն տասնեակ միլիոն դոլարներ վերադարձուել են պետութեանը եւ վերադարձւում են: Բայց այսօր ունենք իրավիճակ, երբ իրաւապահ մարմիններն աշխատում են խստագոյն ծանրաբեռնուածութեամբ: Բացի այդ, տեղի են ունեցել իրադարձութիւններ, թէ արդեօք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապէս, այլ բարոյապէս ի վիճակի՞ է իրականացնել կոռուպցիայի դէմ պայքար: Այսօր աւելի բարձր են հնչում տեսակէտներ, որ մեր հանրապետութեան դատաւորների զգալի մասը երկար տարիներ սպասարկել են կոռուպցիոն համակարգին: Այս իմաստով անվստահութիւնը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը լինել: Սա շատ նուրբ թեմա է, եւ մենք ամէն դէպքում չպէտք է տրուենք դատական իշխանութեան գործերին խառնուելու միջամտութեանը, բայց ուզում եմ ասել հետեւեալը՝ առաջին օրից Բաղրամեան 26ում յայտնուելով, ասել եմ՝ որ հրաժարուելու եմ դատական իշխանութեանը հրահանգներ տալու արատաւոր պրակտիկայից: Բայց միւս կողմից ուզում եմ շատ յստակ ընդգծել, որ սա չի նշանակում որ որոշ դատաւորներ պէտք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացուած իշխանութեան ներկայացուցիչներից: Ես ուզում եմ նախորդ իշխանութեան ներկայացուցիչներին եւ նրանցից հրահանգներ ստացող դատաւորներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հաւաքէք:

0818nigol

Առաջիկայում լուրջ քննարկում ունենք ու որոշենք անցումային արդարադատութեան մարմիններ ստեղծելու վերաբերեալ, որովհետեւ անցումային արդարադատութեան մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել, որ մեր դատական համակարգի բազմաթիւ կոռումպացուած դէմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական յեղափոխութեանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրէնսդրութեան մէջ կան բազմաթիւ պրոբլեմներ: Օրինակ, ապօրինի հարստացման մասին ուժի մէջ է մտել 2017 թուականի Յուլիսի 1ից եւ ֆորմալ առումով դրանից առաջ թալանուածը վերադարձնելու առումով կարող են բարդութիւններ ծագել: Կան ուրիշ պրոբլեմներ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի հարազատ եղբօր միայն մէկ հաշուեհամարում յայտնաբերուել է 30 միլիոն դոլար:

Ժողովրդից գողացուածը կոպեկ կոպեկ վերադարձուելու է մինչեւ վերջ: Հիմա որ այդ 30 միլիոն դոլարը կայ, Հայաստանի այսօրուայ ֆորմալ օրէնքենրի տեսանկիւնից չափազանց դժուար է քննութիւն կազմակերպելը, որովհետեւ նա ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտօնեայ չի եղել, հետեւաբար յայտարարագիր չի ներկայացրել եւ կան դժուարութիւններ հետաքննելու եւ օրէնքով սահմանուած կարգով առգրաւելու առումով: Բայց յանկարծ դա չշփոթէք արտակարգ դատարանների հետ: Շատ երկրներ անցել են անցումային արդարադատութեան մարմիների փուլը, եւ միջազգային հանրութիւնը ողջունում է դա: Գործընկեր պետութիւնները պատրաստակամութիւն են յայտնել աջակցել մեզ օֆշորայի գօտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների հաշիւները բացայայտելու եւ Հայաստան վերադարձնելու հարցում:

0818demo

– «Պէտք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Հիմա ըստ էութեան սահմանադրական հնարաւորութիւնը հետեւեալն է՝ ես պէտք է հրաժարական տամ, եւ խորհրդարանը պէտք է երկու անգամ անընդմէջ չընտրի նոր վարչապետ, որից յետոյ պէտք է տեղի ունենայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Բայց հիմա սկսել են մտածել՝ թողենք հրաժարական տայ, յետոյ արագ թաքուն վարչապետ ընտրենք, չասեմ ում: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ ինչ է կատարւում Հայաստանում: Բայց քանի որ չեն հասկանում, մենք կ՛անենք հետեւեալը: Մենք կը նախաձեռնենք սահմանադրական փոփոխութիւններ, որի իմաստը կը լինի հետեւեալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականից յետոյ, այլեւ որ խորհրդարանը կարող է յայտարարել ինքնալուծարման մասին: Այդ փոփոխութիւնները պէտք է անի հէնց այդ Ազգային ժողովը: Եւ դա տեղի կ՛ունենայ, երբ դա ձեւակերպէք որպէս յստակ պահանջ, իսկ մենք կ՛ապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»

– «Պետական կառավարման համակարգի արդիւնաւէտութեան բարձրացումն է: Անարդիւնաւէտ կերպով ծախսում է պետական բիւջէի մի հսկայական մասը: Հայաստանում չպէտք է լինի 17 նախարարութիւն: Հայաստանում նախարարութիւնների թիւը պէտք է շօշափելիօրէն կրճատուի: Նաեւ պետական կառավարման մարմինների թիւը  էականօրէն պէտք է կրճատուի, որ կարողանանք դա արդիւնաւէտ անել:

Այս փուլում, այնումենայնիւ, մեր ամենակարեւոր անելիքը նոր ներդրումների ներգրաւումն է: Ես յոյս ունեմ եւ կոչ եմ անում աշխարհի հայութեան ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին գալ Հայաստան ու կատարել լրջագոյն ներդրումներ, որովհետեւ Հայաստանում հաստատուած է օրէնքի գերակայութիւն, օրէնքի գերիշխանութիւն: Մենք երաշխաւորում ենք սեփականութեան անձեռնմխելիութիւն, երաշխաւորում ենք ներդրումների անխձեռնմխելիութիւն: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում բիզնեսով զբաղուող որեւէ մէկը անհանգստանալու բան չունի:

0818demo3

– «Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մէկը համարեա արցունք էր թափում՝ վա՜խ, ինչ վատ են հայ-ռուսական յարաբերութիւնները: Այս ընթացքում երկու անգամ հանդիպել եմ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեք անգամ հեռախօսազրոյց եմ ունեցել: Հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ միայն վատ չեն, լաւ են, գնալով աւելի լաւանալու են: Մենք ասել ենք՝ արտաքին քաղաքական ռեվերանսներ չեն լինելու: Մեր նպատակը հայ-ռուսական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելն է: Երեք ամիս առաջ խոստանում էի, որ կը բարձրանան: Համապատասխան ընթացակարգերն անցնելուց յետոյ կ՛իմանաք հայ-ռուսական մի հումանիտար նախագծի մասին, որն աննախադէպ է Հայաստանի անկախութեան պատմութիւնում: Դա լինելու է կոնկրետ ապացոյցը, որ մենք հետեւողականօրէն գնում ենք մեր յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ:

Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի տեղ չի գնում, Հայաստանը ուղիղ ողնաշարով կանգնած է, հպարտ քաղաքացիներով եւ արժանապատիւ կեցուածքով եւ հայ-ռուսական ռազմավարական բարեկամութիւնը խորանալու է ու զարգանալու է: Մենք զարգացնելու ենք յարաբերութիւնները Եւրամութեան հետ: Բա ինչի՞ չէք ասում, որ ՀՀ-ԵՄ յարաբերուըթիւնները վատ են: Մեր արտաքին քաղաքականութեան էութիւնը մեր ազգային շահերի պաշտպանութիւնն է»:

– «Երբ բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում՝ տեսէք կոռուպցիայի դէմ պայքարը ձեր դէմ է: Մոսկուայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում էլ չկան»:

– «Լրատուամիջոցներ են գնում ու ասելու, որ Փաշինեանը եկել է հողեր յանձնելու: Նրանք ասում են, թէ եկել է հող յանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող յանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, ես դա գիտեմ փաստաթղթաւորուած, գիտեմ ով ինչ է խօսել: Ես ասել եմ, որ պատրաստ եմ Ղարաբաղի հարցով լիարժէք բանակցել Հայաստանի Հանրապետութեան անունից, բայց Արցախի Հանրապետութեան անունից պէտք է բանակցի Արցախի իշխանութիւնները: Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարուած հասցնել Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաեւ պատերազմ չենք ուզում, պատրաստ ենք իրապէս խաղաղ բանակցութիւնների: Նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարութիւնը չէ, այլ ժողովուրդը: Եթէ բանակցային գործընթացի ժամանակ լինի տարբերակ, որ կը համարեմ, որ դա լաւ տարբերակ է, որեւէ մէկը չմտածի, որ ձեզնից թաքուն որեւէ թուղթ կը ստորագրեմ կամ գործողութիւն կ՛իրականացնեմ: Դուք էք որոշելու որեւէ տարբերակի շուրջ բանակցութիւնը»։

0818demo2

– «Որեւէ մէկը չի խուսափի Մարտի 1ին 10 մարդու սպանելու եւ պետական յեղաշրջում իրականացնելու պատասխանատուութիւնից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու էք բոլոր մարդասպաններով, եւ լիազօրուած եմ յայտարարելու Հայաստանի քաղաքացիների անունից:

Մարտի 1ի գործը ըստ էութեան ամբողջ ծաւալով բացայայտուած է: Էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում՝ չկայ տարբերակ, որ ոճրագործների պարագլուխներից որեւէ մէկը խուսափի պատասխանատուութիւնից»:

– Սովորաբար յեղափոխութիւններից յետոյ յեղափոխութիւնները վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթէ աքսիոմ է: Մեր յեղափոխութիւնից առաջ էլ, յետոյ էլ վերլուծական կենտրոնները կանխատեսում էին, թէ Հայաստանն անխուսափելիօրէն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետեւ այդպէս էր ցոյց տալիս յեղափոխութիւնների փուլ: Կանխատեսում էին, որ կը լինի տնտեսական անկում, բայց եթէ յեղափոխական կառավարութիւնը յաջողի, նոր կը լինի տնտեսական աճ: Մեր յեղափոխութեանը չհետեւեց տնտեսական անկումը: Ընդհակառակը, արձանագրւում է տնտեսական ակտիւութեան բաւական բարձր ցուցանիշ:

Իմ վարչապետ ընտրուելուց յետոյ ամենակարեւոր արդիւնքը՝ Հայաստան աւելի շատ գալիս են, քան հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին եւ շատ կարեւոր փուլ:

Յեղափոխութեան օրերին հարիւր միլիոնաւոր դոլարների արտահոսք կար, իրօք այդպիսի բան կար, բայց այսօր միանշանակ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մօտաւորապէս 116 միլիարդով աւելի շատ գումար: Սա ֆիզիկական ու իրաւաբանական անձանց թողած աւանդներն են, ինչը նշանակում է, որ ապագայի նկատմամբ բացառիկ վստահութիւն կայ: Սա տնտեսական աճի գլխաւոր երաշխիքն է:

Վերջին երեք ամսում վարկային պորտֆելն աճել է 99 միլիարդ դրամով: 2018 թուականին Օգոստոսի 1ի դրութեամբ Հայաստանից արտահանուել է այնքան միրգ ու բանջարեղէն, որքան անցած տարի ամբողջը միասին վերցրած:

Հարկային մարմինները նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 28.8 միլիարդ դրամով աւելի են հաւաքել, այն դէպքում, երբ գերավճարների թիւը պակասեցուել է 26 միլիարդ դրամով:

Թեւակոխել ենք տնտեսական յաղթանակների ժամանակաշրջան: Տնտեսութիւնում լրջագոյն յաղթանակներ ենք ունենալու»:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement