Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ցաւակցագիրը Ազնաւուրի Ընտանիքին

By Asbarez | Wednesday, 03 October 2018

0111karekin

Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը ցաւակցագիր յղեց Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրի ընտանիքին: Ստորեւ սոյն ցաւակցագիրին բնագիրը.

«Ցաւ էր մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն եւ տաղանդաշատ զաւակ Շարլ Ազնաւուրի մահուան լուրը:

Վշտալի է կորուստը արժանաւոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիւը յաւելեց ու պայծառացրեց իր հռչակով, շնորհներով, բարձր արուեստով եւ աշխարհի տարբեր երկրների յայտնի բեմերում հնչեցրած իր անզուգական կատարումներով:

Այսօր մխիթարութեամբ ենք անդրադառնում, որ բարեյիշատակ Շարլ Ազնաւուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնութեամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղէտալի երկրաշարժի օրերին Ազնաւուրը երգեց ժողովրդի ցաւը շատ յայտնի երգիչների հետ, իր բոլորանուէր ջանքերը բերեց Հայաստանի օգնութեան համար: Նրա հանրայայտ երգերի շարքում են նաեւ Հայաստանին, Ցեղասպանութեան սուրբ նահատակերին նուիրուած ստեղծագործութիւնները, որոնք վերստին բացայայտում են մեծանուն հայորդու հայրենասէր ու ազգանուէր ոգին:

Շարլ Ազնաւուրի մահը  կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժէքով նաեւ ողջ մարդկութեան զաւակն է, որին գիտեն, սիրում են եւ ում համար այսօր աղօթում են ամէնուր: Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Աստուած մեծանուն հայորդու հոգու հանգստութեան համար:

Հոգելոյս Շարլ Ազնաւուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սէրն ու բարութիւնը եւ երկրաւոր ճանապարհը աւարտելով՝ շարունակում է իր ընթացքը դէպի յաւէրժութիւն եւ յաւիտենական կեանք»:

comments