Միացեալ Նահանգները Մտադիր Է Առաւել Քան 26 Միլիոն Տոլարի Աջակցութիւն Տրամադրել Հայաստանին

By Asbarez | Thursday, 11 October 2018

1010mills

ԵՐԵՒԱՆ.- 9 Հոկտեմբերին, Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Ռիչըրտ Միլզ յայտարարութիւն մը կատարեց Հայաստանին տրամադրուելիք ամերիկեան աջակցութեան ծաւալներու աճին մասին:

«Վերջերս, Միացեալ Նահանգները քաղաքական անցման հետ կապուած հայաստանեան նախաձեռնութիւններին աջակցելու նպատակով 14 միլիոն ամերիկեան տոլարի յաւելեալ արտաքին աջակցութեան միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկայ տարուայ ընթացքում Միացեալ Նահանգները մտադիր է տրամադրել աւելի քան 26 միլիոն տոլար՝ 2018 տարուայ ֆինանսաբիւջետային (ամավարկի-Խմբ.) արտաքին աջակցութեան միջոցներից, որը 20 միլիոն դոլարով աւել է յայտով Հայաստանի համար սկզբնապէս պահանջուած ֆինանսաւորումից: Այս միջոցները կ՛օժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապուած գերակայ ծրագրերին, քաղաքացիական հասարակութեանը եւ անկախ ԶԼՄներին (լրատուամիջոցներուն-Խմբ.): Այդ միջոցները նաեւ կ՛ուղղուեն վարչակազմի կողմից որպէս արտաքին քաղաքականութեան գերակայութիւն սահմանուած գործարար եւ առեւտրային հնարաւորութիւնների ընդլայնմանը՝ ամերիկեան եւ հայկական ընկերութիւնների համար, այդ թւում նաեւ աջակցելով էներգետիկ (ուժանիւթային-Խմբ.)) բարեփոխումներին, ինչպէս նաեւ Հայաստանի արագ տեմպերով (կշռոյթով-Խմբ.) աճող տեղեկատուական տեխնոլոգիաների (արհեստագիտութեան-Խմբ.) ոլորտին:

Հայաստանին ցուցաբերուող ԱՄՆ աջակցութիւնը ներառում է երկկողմ համագործակցութեան տարբեր ուղղութիւնները, այդ թւում՝ կառավարում, թափանցիկութիւն եւ հաշուետուողականութիւն, քաղաքական ներառում, օրէնսդրական հզօրացում եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումներ: Հայաստանի քաղաքական անցմանն աջակցելու համար այս ծրագրերը կ՛օգնեն վերակառուցել բազմակուսակցական քաղաքական համակարգերը եւ կը նպաստեն ազատ ու արդարացի ընտրութիւններին: Աջակցութիւնը նաեւ ուղղւում է քաղաքացիական հասարակութեան հզօրացմանն ու անկախ ԶԼՄների հասանելիութեան բարելաւմանը: Տնտեսական աճի ասպարէզում ծրագրերի շրջանակում փորձ կ՛արուի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսութեան աճի բարձր ներուժ ունեցող ճիւղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը եւ խթանելով նորարարութիւնը: Աջակցութիւն կը լինի նաեւ էներգետիկ (ուժանիթիւթի-Խմբ.) շուկայի ազատականացման բարեփոխումների եւ միջսահմանային առեւտրի ու ինտեգրման (համարկման-Խմբ.) հարցերում», յայտնեց դեսպանը:

comments