Պարգեւ Արք. Մարտիրոսեան. 30 Տարի Է, Ինչ Դաշնակցութիւնը Եւ Արցախի Թեմը Վերադարձան Արցախ

By Aztag Daily | Thursday, 17 January 2019

Ստորեւ  կը ներկայացնենք յունուար 16-ին Արցախի Հանրապետութեան մէջ  մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման արարողութեան Հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի ելոյթը.

Մեծարգոյ Ազգային ժողովի նախագահ, սիրելի պետական այրեր, պատգամաւորներ, սիրելի 33-րդ Ընդհանուր Ժողովի  ներկայացուցիչներ: Նախ թոյլ տուէք ողջունել Ձեզ բոլորիդ, շնորհաւորել Ամանորեայ եւ Սուրբ Ծննդի տօների առիթով եւ այս օրհնութեան լոյսի ներքոյ մաղթել Ձեզ բարեյաջող ընթացք:

Սրտանց ողջունում եմ Ձեզ Արցախ աշխարհում եւ ողջունում եմ Ձեր այդ որոշումը, որ այն տեղի ունենայ այստեղ` Արցախում: Աւետարանը մի լաւ խօսք է ասում այս առումով. «Ով ականջ ունի թող լսի», սրա մէջ մեծ խորհուրդ կայ: Որոշ զուգահեռներ անց կացնեմ: 33-րդ համաժողովն է Ձեր, մեր խորհրդարանի անդամների թիւն էլ է 33, Քրիստոսը 33 տարի ապրեց, յունուարի 14-ին  Ս. Յովհաննէս Մկրտչի ծծնդեան օրն էր,  ով 33 տարեկանում նահատակուեց: Ահա Ձեզ 33 թուի հետ կապուած չորս հետաքրքիր զուգահեռներ, սա էլ երեւի պատահական չէ եւ սա լաւ նշան է:

Նախ շնորհակալ եմ Դաշնակցութեանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ  է տարել, նահատակներ է տուել, կորուստներ է տուել, բայց յամառօրէն ազգային մեր դրօշը փորձել է բարձր պահել: Շատ շնորհակալ եմ, որ սփիւռքի պայմաններում, ծանր պայմաններում կարողացել էք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրայ պահել, հայոց դպրոցը, հայոց հաւատքը, հայոց ազգային նիստ ու կացը պահել: Հայ դատի հարցերը միշտ ջանացել եք  առաջ ու առաջ տանել: Ունէք ձեր իւրայատուկ մասնակցութիւնը հայրենիքի պաշտպանութեան գործում` պետականաշինութեան եւ քաղաքական ասպարէզում, նաեւ ներդրումների ոլորտում:

130 տարի է, ինչ դուք գործում էք, եւ այսօր դուք Արցախում էք, 30 տարի է ինչ հայոց ճակատագիրը վճռւում է այս հողի վրայ: Եւ բոլորս պատասխանատուութիւն ունենք այս ճակատագրի համար, ամէն օր լրջանալու պահն է  մեզ համար, այսօր մենք ձեզ հետ միասին ունենք մեծագոյն մարտահրաւէրներ: Բոլորս էլ պիտի իրատես լինենք եւ այն որոշումները, որոնք դուք պիտի կայացնէք, վստահ եմ, որ իրենց մեծ ազդեցութիւնը պիտի ունենան կեանքից ներս, եւ այս առումով ես Ձեզ` սիրելինե՛րս, մաղթում եմ ամենայն յաջողութիւն, թող բարի պտուղներով աւարտուի 10-օրեայ Ձեր այս համագումարը: Մի զուգադիպութիւն եւս: Մենք երբեք մեր հումորը չպիտի մոռանանք, որը մեզ պատերազմի ժամանակ օգնել է թեթեւացնելու լարուած պահերը:

30 տարի է, ինչ Դաշնակցութիւնը վերադարձել է Արցախ, այս տարի էլ 30 տարի է, ինչ Արցախի պատմական թեմը նորից վերադարձաւ Արցախ: Սա էլ 5-րդ զուգադիպութիւնը, որի մէջ ես նորից ու նորից լաւ նշաններ եմ տեսնում: Ես հայցում եմ Աստծոյ օգնականութիւնը, Ձեզ` սիրելի ընտրեալներ, լաւ աշխատէք, լաւագոյն  որոշումները անցկացրէք կեանքի: Ջանք թափէք, եռանդ թափէք, որովհետեւ նա է հասնում իր նպատակին, ով որ քրտնաջան աշխատում է` առաւօտ եւ ցերեկ: Դա անողը, միեւնոյն է, բարի պտուղներ քաղում է: Քրտինքն է, որ պտուղ է տալիս: Եւ ես ուրախ եմ դահլիճում տեսնել բազում հին, բարեկամ դէմքեր, որոնց 30 կամ մի քիչ աւելի տարիներ ճամաչում եմ, կրկին անգամ ողջունում եմ եւ ամենայն յաջողութիւն եմ մաղթում Ձեզ, նրանով էլ մեզ բոլորիս:

Շնորհակալութիւն:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement