Վարչապետ Փաշինեանն Ընդունել Է ՀՅԴ Բիւրոյի Նորընտիր Անդամներին

By Asbarez | Wednesday, 30 January 2019

0129arfnikol1

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին եւ Բիւրոյի անդամներին:

«Ողջունում եմ յարգելի գործընկերներ: Յարգելի պարոն Տեր-Խաչատուրեան, ուրախ եմ մեր ծանօթութեան համար, ուզում եմ շնորհաւորել անձամբ ձեզ եւ Բիւրոյի միւս ընտրուած անդամներին, մաղթել ամենայն յաջողութիւն՝ ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, եւ ընդհանրապէս մեր ժողովրդի: Իհարկէ, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴի գործունէութիւնը եւ կարեւոր համարում յետագայ գործունէությունը: Մեր կառավարութիւնը միտուած է եւ հակուած է լայն ու արդիւնաւէտ համագործակցութիւն ունենալ Դաշնակցութեան հետ, որովհետեւ հասկանալի է, որ մենք շատ հարցերում նոյն տեսակէտը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերեալ առնուազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպէս որ, ուրախ եմ այս առիթի համար, նաեւ համոզուած եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորութիւն կ՝ունենանք: Կրկին անգամ շնորհաւորում եմ անձամբ Ձեզ եւ Բիւրոյի միւս անդամներին ընտրության կապակցությամբ», նշել է վարչապետ Փաշինեանը:

 

«Շնորհակալութիւն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհաւորել Ձեզ վարչապետի պաշտօնում վերընտրուելու առթիւ, նաեւ շնորհակալութիւն յայտնել դեռեւս մեր ժողովից առաջ հրաւէր ուղղելու համար, որպէսզի հանդիպէք Բիւրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարավորութիւն կայ ունենալ բաց զրւյց: Ինչպէս առհասարակ նշում ենք մեր կարգախօսներում՝ մեր նպատակն է ունենալ հզօր հայրենիք եւ սփիւռք, վստահ եմ, որ այդ ուղղութեամբ կան բաւական ոլորտներ, որտեղ կը կարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթութիւնների: Մենք միշտ պետութեան կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպէս նաեւ մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրաւունքների ջերմ պաշտպանն ենք», իր հերթին նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բիւրոյի անդամները վարչապետին պատմել են օրերս Արցախում աւարտուած Դաշնակցութեան ընդհանուր ժողովի, կուսակցութեան առաջնահերթ խնդիրների եւ յետագայ ծրագրերի մասին:

0129arfnikol

comments