Միջնորդները Բացել Են Փակագծերը Եւ Յիշեցրել Հիմնական Սկզբունքները

By Asbarez | Wednesday, 13 March 2019

0312minsk

ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».-  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր յայտարարութիւն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ:

«Համանախագահները՝ սերտօրէն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են առաջնորդների այդ կարեւոր հանդիպումը, որը կը լինի նրանց առաջին ուղիղ շփումը՝ համանախագահների հովանու ներքոյ»,  ասուած է յայտարարութեան մէջ:

«Համանախագահները ընդգծում են արդիւնաւէտ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանութեան կարեւորութիւնը եւ շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայութիւնը ռազմաճակատներում: Համանախագահները նաեւ ողջունում են բնակչութիւններին խաղաղութեանը պատրաստելու համար ձեռնարկուող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիւացնել նման ջանքերը: Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարուածութեան թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանութեան նուազեցման կարեւորութիւնը: Համանախագահները, մասնաւորապէս, կողմերին կոչ են անուն ձեռնպահ մնալ յայտարարութիւններից եւ գործողութիւններից, որոնք առաջարկում են էապէս փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագայ բանակցութիւնների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխութիւն՝ առանց միւս կողմի համաձայնութեան, ռազմական գործողութիւնները վերսկսելու պատրաստակամութիւն են պարունակում:

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակութեան մասին հակասական հանրային յայտարարութիւններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տեւական կարգաւորումը պէտք է հիմնուի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրայ, մասնաւորապէս, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականութիւնը եւ հաւասար իրաւունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պէտք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թուականներին առաջարկուել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառեալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, Լեռնային Ղարաբաղի ժամանակաւոր կարգավիճակը՝ անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի ապագայ սահմանումը՝ իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեան միջոցով, բոլոր տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձի իրաւունքը իրենց բնակութեան նախկին վայրեր, անվտանգութեան միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողութիւն:

Համանախագահները շեշտում են իրենց կարծիքն այն մասին, որ այս սկզբունքները եւ տարրերը պետք է հանդիսանան հակամարտութեան ցանկացած արդար եւ տեւական կարգաւորման հիմքը եւ պէտք է ընկալուեն որպէս միասնութիւն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր գերակայ ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռուած լուծումը», – ասել են միջնորդները:

Նրանք նաեւ յայտնել են, որ «համանախագահների հովանու ներքոյ Բաքուի եւ Երեւանի շարունակական եւ ուղիղ երկխոսութիւնը շարունակում է վստահութեան ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ տանելու կարևոր տարր մնալ»:

«Համանախագահները նաեւ կը շարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտութեան ուղղակի ազդեցութիւնը կրող հետաքրքրուած կողմերի հետ՝ ճանաչելով, որ նրանց տեսակէտները եւ մտահոգությունները պէտք է հաշուի առնուեն՝ ցանկացած բանակցային լուծման յաջողութեան համար», – ասուած է յայտարարութեան մէջ:

comments

Advertisement