Արսէն Համբարձումեան. Կառավարութիւնը Դեղին Քարտի Պէտք Է Արժանանայ

By Asbarez | Thursday, 23 May 2019

0523arsen

 

ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու կոչին վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ ՀՅ Դաշնակցութիւնը:

«Թոլիթիք.ամ»ի հետ զրոյցի մը ընթացքին, ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեան նշեց, թէ Դաշնակցութիւնը իր տեսակէտը արդէն յստակ կերպով արտայայտած է, որ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Դաշնակցութիւնը զարմանալի կը գտնէ քանի մը հանգամանք: «Առաջինը՝ ինչու է միայն հիմա խօսւում դատական համակարգի բարեփոխումների մասին, ինչու է խօսւում միայն դատական համակարգի բարեփոխման մասին, եւ ոչ ամբողջութեամբ դատաիրաւական համակարգի բարեփոխումների մասին: Նկատի ունեմ՝ դատախազութիւն, յատուկ քննչական ծառայութիւն, ոստիկանութիւն: Արդեօք նշանակում է, որ օրինակ՝ դատախազութիւնում եւ միւս իրաւապահ մարմիններում հաւաքուած են պրոֆեսիոնալներ՝ անբասիր կենսագրութեամբ, եւ միայն դատարաններում են, որ հաւաքուած են անձեր, որոնցից ազատուելու խնդիր կայ: Եթէ խօսում ենք բարեփոխումների մասին, պիտի խօսենք բոլոր ոլորտների բարեփոխումների մասին: Այս ընտրողական մօտեցումն է, որ մեզ համար ընդունելի չէ:

Երկրորդ՝ մենք հասկանում ենք, որ մէկ տարին բաւարար ժամկէտ չէր լուրջ, արմատական բարեփոխումներ իրականացնելու, բայց կառավարութիւնը, առնուազն հայեցակարգային մակարդակով, պէտք է կարողանար իր տեսլականը, իր մօտեցումն ու պատկերացումները դարձնել հանրային քննարկման առարկայ:

Երրորդ՝ չենք կարծում, որ դատական համակարգի բարեփոխման հետ կապուած կարեւորագոյն խնդիրը լուծելու համար այս իրավիճակում անհրաժեշտութիւն կար գնալ ոչ օրինական ճանապարհով՝ կոչ անել մարդկանց փակել դատարանների մուտքերն ու ելքերը եւ այդ ցուցական ակցիայով (գործողութեամբ, արարքով-Խմբ.) փորձել տպաւորութիւն ստեղծել, որ կայ հանրային պահանջ: Հանրային պահանջ, անշուշտ, կայ. այն, որ դատական համակարգը պէտք է բարեփոխուի, յստակ է, բայց միայն այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչի եւ բազմաթիւ պատգամաւորների ակտիւ (աշխոյժ-Խմբ.) դերակատարութեան պարագայում անգամ դատարաններում ընդամէնը շուրջ 1000 հոգի մարդ հաւաքուեց, կարծում եմ՝ խօսուն արձագանգ էր հնչեցուած կոչին: Մարդիկ հասկանում են, որ ցոյցերի, ցուցադրական ակցիաների, տարբեր տեսակ ճնշումների միջոցով շօուների ժամանակը անցել է: Վաղուց ժամանակն է գործով զբաղուելու»:

Անդրադառնալով Փաշինեանի կոչի վերաբերեալ ԵԽԽՎ արձագանգին՝ Համբարձումեան նշեց.  «Դատական համակարգը բարեփոխելու հարցում, կարծում եմ, բոլորը համակարծիք են: Չեմ կարծում, թէ Հայաստանում կայ որեւէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որ կը ժխտի դատական համակարգի, ինչպէս նաեւ միւս բոլոր ոլորտների լուրջ ու արմատական բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Խնդիրը կիրառուող ձեւերի ու մեթոդների, աշխատելաոճի մէջ է: Երբ դու ուզում ես հետապնդել լաւ նպատակ եւ դա անում ես ոչ ընդունելի միջոցների կիրառմամբ, կարող ես սխալ ճանապարհով գնալ ու հասնել սխալ տեղ»:

Խօսելով Հինգշաբթի, 23 Մայիսին կայանալիք ՀՅԴ հանրահաւաքի նպատակներու մասին՝ Արսէն Համբարձումեան նշեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ հանրահաւաքի հիմնական նպատակներից մէկը լինելու է նախընթաց ժամանակահատուածի հրապարակային գնահատումը եւ կառավարութեանը յստակ ուղերձ յղելը, որ իրենք լաւ չեն աշխատում, ճիշդ մեթոդներով չեն աշխատում, խախտումներ են ցոյց տալիս, եւ դրա համար իրենք պէտք է արժանանան «դեղին քարտ»ի»:

Արսէն Համբարձումեան ընդգծեց, որ Դաշնակցութիւնը կ՛ուզէ, որ իշխանութիւնները զբաղին այն գործով, որուն համար լիազօրուած են, եւ ոչ թէ անընդհատ փորձեն պատճառաբանել իրենց ձախողութիւնները եւ անգործութիւնը:

comments

Advertisement