ՀՅԴ Երեւանի Քաղաքային Կոմիտէն Բողոքի Ցոյց Կազմակերպեց Քաղաքապետարանին Առջեւ

By Asbarez | Thursday, 01 August 2019

0801demo

ԵՐԵՒԱՆ, «168 Ժամ».- ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն Երեւանի քաղաքապետարանի մուտքին մօտ բողոքի ցոյց կատարեց՝ բարձրաձայնելու Երեւանի մէջ կուտակուած բազմաթիւ հարցեր եւ պահանջելու Երեւանի աւագանիէն եւ քաղաքապետէն՝ կատարել նախընտրական խոստումները եւ լուծել այդ հարցերը:

Ցուցարարները նշեցին, որ կարելի էր աւելի արագ ազատիլ աղբէն եւ կանաչապատել Երեւանը: Անոնք դեղին քարտ ցոյց տուին քաղաքապետարանին:

Ըստ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանի՝ իրենք կ՛ուզեն քաղաքապետին յիշեցնել իր խոստումները:

«Երեւանի քաղաքապետն իր թիմի հետ մեզ խոստացել էր Երեւանը կանաչապատել, աղբահանութեան, տրանսպորտի եւ մի շարք այլ խնդիրներ լուծել: Մենք հասկանում ենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտօնավարման ժամանակը՝ 10 ամիսը, բաւականին քիչ ժամանակ է, որպէսզի մենք վերջնական արդիւնքներ տեսնենք, սակայն որեւէ տեղաշարժ էլ չենք տեսնում: Դրա համար էլ որպէս նախազգուշացում՝ դեղին քարտ ենք ցոյց տալիս քաղաքապետին, յիշեցնում ենք խոստումներն ու լրջացման կոչ ենք անում: Տեսնում էք, որ աղբահանութեան վիճակն օր օրի վատանում է: Միւսը վերելակների հարցն է. գոնէ մէկ վերելակի հարց լուծուած չէ, աւելին՝ 71 միլիոնով կրճատուել է վերելակների վերանորոգման գումարը ու ներկայացնում էին, որ այլ միջոցներով պէտք է փոխուեն վերելակները», լրագրողներուն ըսաւ Ռոստոմեան:

Կանաչապատ տարածքներուն մասին խօսելով՝ Ռոստոմեան յայտնեց, որ Սարալանջի տարածքները կարծես հրդեհի բոյն ըլլան, իսկ ծառատունկ կը կազմակերպուի, որմէ ետք հոգատարութիւն ցոյց չի տրուիր ցանուածին:

«Եթէ այնտեղ ոռոգման համակարգ անցկացուած չէ, ինչքան էլ ծառատունկ լինի, մէկ է՝ դրանք չորանալու են: Վերցնենք գետնանցումները. ինչպէս նախկինում անմխիթար վիճակում էին, այդպէս էլ մնացել են: Քանի որ վերոյիշեալ խնդիրներից որեւէ մէկը չի լուծուել, մենք առաջին դեղին քարտն ենք ցոյց տալիս քաղաքապետին՝ յոյս ունենալով, որ առաջիկայում խնդիրներին լուծում կը տրուի: Խնդիրն այն է, որ գուցէ պրոֆեսիոնալիզմն է բացակայում, որպէսզի կարողանան ճիշդ կառավարել: Եթէ ցանկութիւն կ՛ունենան համագործակցելու՝ պատրաստ ենք որոշ ծրագրեր ներկայացնել», աւելցուց Ռուստամեան:

comments