Կառավարութիւնը 23.2 Միլիառ Դրամ Կը Յատկացնէ Մարզային Ծրագիրներու

By Asbarez | Thursday, 08 August 2019

0808nikol

ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան «ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է, որ այս տարի կառավարութիւնը հաստատած է 23.2 միլիառ դրամի «սուբվենցիոն» ծրագիր:

Վարչապետը մասնաւորապէս գրած է. «Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կ՛իրականացուեն մարզերում:

Սուբվենցիոն ծրագրերի առանձնայատկութիւնն այն է, որ դրանք համաֆինանսաւորւում են համայնքների եւ կառավարութեան կողմից:

Տուեալ դէպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարութիւնը, 10.3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակում.

– 234 կիլոմետր համայնքային փողոցներ կը նորոգուեն կամ կը բարեկարգուեն,

– 58 բնակավայրերում կ՛իրականացուի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

– 37 բնակավայրերում կը կառուցուեն կամ կը նորոգուեն ոռոգման համակարգեր,

– 42 բնակավայրերում կ՛իրականացուի մանկապարտէզների կառուցում կամ հիմնանորոգում,

– 58 բնակավայրերում կը գործարկուեն էներգախնայող լուսաւորութեան համակարգեր,

– 53 բնակավայրերում կը կառուցուեն կամ կը նորոգուեն հասարակական նշանակութեան շէնքեր,

– 15 բնակավայրերում կ՛իրականացուեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

– 23 բնակավայրերում ձեռք կը բերուեն հակակարկտային համակարգեր,

– 24 բնակավայրերում կ՛իրականացուեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»:

comments