Կոռուպցիայից Աւելի Սատանիստական Բան Չեմ Պատկերացնում. Վարչապետը Մելի Մասին

By Asbarez | Thursday, 14 November 2019

1114Pashina2

ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- 13 Նոյեմբերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Ազգային ժողովի նիստին կառավարութեան անդամներուն հետ հարցում-պատասխանին ընթացքին անդրադարձաւ Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին, «Յուզանք ու Զանգ» ներկայացման եւ Մել Դաւուզեանի ժապաւէնին մասին։

Ան դիտել տուաւ, որ չ՛ընկալեր աղմուկ բարձրացուցած «Յուզանք ու Զանգ» ներկայացման մասին հնչող այն որակումները, թէ անիկա սատանայական է: Վարչապետին համար հասկնալի չէ, թէ ինչի՛ն կարելի է այդ որակումը տալ։

«Մենք որդեգրել ենք քաղաքականութիւն, որ արուեստի, մշակոյթի բնագաւառում պէտք է այլ քաղաքականութիւն ունենանք եւ ֆինանսաւորենք մշակոյթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը Հայաստանում: Եւ գրանտային (դրամաշնորհով-Խմբ.) ծրագրեր են իրականացուել, եւ նշուած ներկայացումը 22 ծրագրերից մէկն է: Եւ հիմա կրթութեան, գիտութեան, մշակույթի եւ սպորտի նախարարութիւնը, քննադատութիւնները հաշուի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագայ քայլերի մասին է մտածում, որպէսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրայ, այլ վիզուալ, թէ ինչ տեսարան է ունենալու: Արուեստը հենց նրանով է արուեստ, որ այն միշտ չէ միանշանակ», ըսաւ վարչապետը:

Վարչապետը յիշեցուց, որ ժամանակին Փարաջանովի գործերուն համար ֆինանսաւորումը եւս պարզութեամբ չէ ընկալուած: Անդրադառնալով որակումներուն, թէ ներկայացումը սատանայական է՝ Փաշինեան նշեց, թէ ինք շատ լաւ գիտէ Աստուածաշունչը, իրեն համար այնքան ալ հասկնալի չէ, թէ ի՛նչ է սատանայականը: «Եկէք չափորոշիչները հասկանանք, մշակենք: Քաղաքական գործունէութեան մէջ յայտնի մարդիկ կան, որ նայում ես հայեացքին ու խօսելուն, կարող է լինել այնպիսի մեկնաբանութիւն, որ նրանք ոգեշնչւում են սատանայից: Կոռուպցիայից (զեղծարարութենէն-Խմբ.) աւելի սատանիստական (սատանայական-Խմբ.) բան ես լաւ չեմ պատկերացնում: Սեփական զինուորին եւ ժողովրդին թալանելուց աւելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Եւ այդ շրջանակներում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել, եւ հիմա, ոնց որ թէ դեպրեսիայի (ընկճախրի-Խմբ.) մէջ են, որ գդալ չկայ, գդալն ու ուտելու գործընթացը չկայ եւ նրանք դրանից զրկուել են», յայտնեց Փաշինեան: Ան յայտնեց, որ Հայաստան պայքարի մէջ է՝ սակաւագիտութեան եւ լայնամտութեան միջեւ:

Անդրադառնալով Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին՝ վարչապետը նշեց, որ պէտք է պարզել վիճակագրութիւնը, թէ այն ժամանակներուն, երբ փտածութիւնը Հայաստանի մէջ կը թեւածէր աննախադէպ տարողութիւններ, այդ նոյն մարդիկը քանի՞ հոգիի հրաժարական պահանջած են:

Փաշինեան խօսեցաւ նաեւ Մել Դաւուզեանի վերաբերող ժապաւէնի ֆինանսաւորման մասին. «Ուզում եմ անկեղծ ասել, որ ֆինանսաւորման որոշումների կայացման փուլում ես այդ որոշումներից տեղեակ չեմ եղել եւ դրանց մասին իմացել եմ վերջերս, երբ աղմուկ է բարձրացել: Երբ իմացել եմ, ինքս ինձ հարց եմ տուել՝ թէ բերէին ու զեկուցէին հարցը, ասէին՝ այսպիսի հարց կայ, ֆիլմ է ստեղծւում, ակնակալւում է, որ Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը լինի ֆինանսաւորող սուբյեկտներից (կողմերէն-Խմբ.) մէկը ու 14 տոկոս ֆինանսաւորում ապահովի, ես ինչպէ՞ս կը վարուէի: Հետեւեալ տրամաբանութեամբ կ՛առաջնորդուէի՝ ում մասին է ֆիլմը: Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եւրոպայի եռակի չեմպիոն (ախոյեան-Խմբ.) է եւ ռեկորդակիր (մրցանիշ ապահոված-Խմբ.), որի ռեկորդը մինչեւ հիմա շարունակում է գոյութիւն ունենալ եւ որի չեմպիոնութեան պատուին Հայաստանի դրօշը երեք անգամ բարձրացել է եւ երեք անգամ Հայաստանի հիմնը հնչել է», յայտնեց Փաշինեան:

Յաջորդ փաստը, անոր համաձայն, այն է, որ ան ունեցած է խնդիր մը, որ նորութիւն չէ մեր իրականութեան մէջ, այդ պատճառով հասած է անձնասպանութեան եւ լքած է Հայաստանը։ Վարչապետը նշեց, որ միջազգային կազմակերպութիւնները կը լուծեն այդ ժապաւէնի նկարահանման հարցը, Հայաստանը շուրջ 10 տոկոսը կու տայ: «Եթէ ես՝ որպէս քաղաքացի, իմանայի, որ ՀՀ կառավարութիւնը մերժել է, կը մտածէի, որ կառավարութիւնը երախտամոռ կառավարութիւն է: Այս մարդը վաստակ ունի մեր պատմութեան մեջ, այսինքն՝ մենք ըտենց ենք, հա՞, եթէ մարդն իրա վաստակով լրիւ համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար (ժողովրդական-Խմբ.) ծիծակ կօշիկներից է հագնում, մենք իր հետ խնդիր չունենք: Բայց երբ ինքը խնդիր ունի, տառապանք ունի եւ իր միջավայրում իր բաց վէրքի վրայ անընդհատ աղ են լցնում ու ստիպում են, որ թողնի գնայ, մենք խաչ ենք քաշում իր վրայ: Երբ չեմպիոն է, մենք կը կանգնենք, կը նկարուենք հետը, երբ պրոբլեմ (խնդիր-Խմբ.) ունի՝ մենք քեզ հետ կապ չունենք: ՀՀ մասին իմ պատկերացումն այսպիսին չէ, որ մենք փառքի ժամանակ մարդու կողքին ենք, իսկ երբ պրոբլեմ ունի, խաչ ենք քաշում իր վրայ: Ես տեղեակ չեմ եղել, որ այդպիսի որոշում է կայացուել, ֆինանսաւորուել է այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսաւորուել է: Չմասնակցել այդ ֆիլմի նկարահանմանը, դա խարան է ՀՀ եւ նրա կառավարութեան ճակատին», ըսաւ Փաշինեան։

Վարչապետը անդրադարձաւ այն յայտարարութիւններուն, որ նման ժապաւէններով սեռափոխութիւնը կամ միասեռականութիւնը տարածում կը գտնեն: «Այդպէս ասողներին պէտք է տանել ու էքսպերիմենտ (փորձարկութիւն-Խմբ.) անել՝ 1 տարի վեց ամիս ամէն օր առաւօտից իրիկուն այդ ֆիլմը ցոյց տալ ու յետոյ տեսնել՝ ինքն այդ վիրահատութիւնից կ՛անի, թէ չէ: Եթէ կ՛անի, ուրեմն ճիշդ է ասում: Ոնց որ ասեն՝ սրտի վիրահատութեան մասին ֆիլմ ցոյց մի տուէք, կը գնան սրտի վիրահատութիւն կ՛անեն բոլորը», աւելցուց Փաշինեան՝ յայտարարելով, որ անիկա կը նկատուի «կոռուպցիոն տաշտակից ու լափամանից զրկուածների էժանագին պրոպոգանդա»:

«Նրանք ուզում են բոլոր միջոցներն օգտագործեն, նորից այդ լափամանին մօտ գան: Մօտ չեն գալու, որովհետեւ նախ այդ լափամանը չկայ, նրա միջի լափը չկայ եւ իրենց ուտելու հնարաւորութիւնները յաւերժ փակուած են: Իսկ ՀՀ քաղաքացին ինձ համար ՀՀ քաղաքացի է: Եթէ ըտենց հարց է դրւում, թէ ով պէտք է ապրի Հայաստանում, ուրեմն բոլոր կոռուպցիոներները (փտածները-Խմբ.), երկիրը թալանածաները, ընտրութիւնները կեղծածները չարիք են Հայաստանի համար: Ես նրանց թոյլ չեմ տայ, որ Հայաստանի դրօշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ: Էդ մարդն իմ անձնական պաշտպանութեան տակ է, իսկ էդ կոռուպցիոներներին ոչ մի բան չի փրկելու: Թալանածները կոպեկ-կոպեկ բերելու են, թաքնուելու են կուսակցութիւնների ու ազգային արժէքների տակ, հանելու ենք, հատ-հատ տանենք պատասխանատուութեան: Եւ ամօթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտութեամբ Հայաստանում ոտքերի տակ են գցում, էսօր էդ մարդը Հայաստանից փախել ա, էլի փրկութիւն չունի, ամէն օր քոռ դանակով մորթում են», յայտարարեց Նիկոլ Փաշինեան:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement