Արցախը Պէտք Է Մնայ Կայուն, Համախմբուած Եւ ՀՅԴ Գաղափարներով Տոգորուած Առաջ Շարժուի. Յակոբ Տէր Խաչատուրեան

By Asbarez | Tuesday, 24 December 2019

HDKH_122419

Հարցազրոյցը` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ

Դեկտեմբերի 15-ին կայացած ՀՅԴ Արցախի արտակարգ Շրջանային ժողովին մասնակցելու նպատակով Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը: Ժողովից յետոյ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հետ` Դաշնակցութեան անելիքների, ներքին ու արտաքին մարտահրաւէրների, կայացած ժողովի եւ այլ հարցերի շուրջ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կը գնահատէիք արտակարգ Շրջանային ժողովի ընթացքը եւ ընդունուած որոշումները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Պատմական ժողով էր, ընտրութիւններն էլ լինելու են պատմական: Արցախը պէտք է մնայ կայուն, համախմբուած եւ ՀՅԴ գաղափարներով տոգորուած առաջ շարժուի:

Շատ ուրախ եմ, որ ժողովն անցաւ համերաշխ, փոխհասկացողութեան մթնոլորտում եւ եզրակացրեց, որ Արցախի առաջիկայ համապետական ընտրութիւններին կը ներկայանայ նախագահի սեփական թեկնածուով: Վստահ եմ, որ մեր ընկերները աշխուժ եւ ամբողջական նուիրումով մասնակցութիւն են ունենալու այս ընտրարշաւին, որպէսզի այն պսակուի յաջողութեամբ, եւ Դաշնակցութիւնն իր կարեւոր տեղն ունենայ Արցախի քաղաքական կեանքում:

Հ.- Վերջերս Միացեալ Նահանգների ծերակոյտի կողմից ընդունուել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: Արդեօ՞ք հնարաւոր էք համարում նախագահի մակարդակով Ցեղասպանութեան ճանաչումը, եւ արդեօ՞ք հնարաւոր է դրանից յետոյ Միացեալ Նահանգների  Հայ դատի գրասենեակների աշխատանքների հիմնական ուղղութիւնը դառնայ Արցախի ճանաչումը:

Պ.- Միացեալ Նահանգների ծերակոյտում այդ բանաձեւի ընդունումը մեծ յաջողութիւն էր, որի համար տարիներ շարունակ աշխատում էինք: Ի պատիւ ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի եւ Միացեալ Նահանգների հայութեան` հնարաւոր դարձաւ դրա իրագործումը, որն ինքնին շարունակութիւնն էր Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունուած նմանատիպ բանաձեւի: Միացեալ Նահանգները Հայոց ցեղասպանութեան առաջին ճանաչողներից էր, որ դեռեւս 1951թ. նախագահի մակարդակով օգտագործել է «Ցեղասպանութիւն» եզրը: Միացեալ Նահանգների վերջին նախագահը, ով օգտագործել է «Հայոց ցեղասպանութիւն» բառը, Ռոնալտ Ռիկըն էր: Բանաձեւն այդ կեցուածքի վերահաստատումն էր, որը չէր յաջողւում տարիներ ի վեր` հիմնականում թուրքական ճնշումների պատճառով: Մեր յաջորդ քայլը Միացեալ Նահանգներում գործող յանձնախմբերի եւ գրասենեակների ջանքերով նախագահի կողմից «Ցեղասպանութիւն» բառի օգտագործման ապահովումն է: Կարեւոր է, որ 2020թ. Միացեալ Նահանգներում ընտրուած նոր նախագահը եւս օգտագործի այն` յենուած այդ երկու բանաձեւերի վրայ:

Միացեալ Նահանգների մի շարք նահանգներ արդէն ճանաչել են Արցախը, դաշնային մակարդակով ճանաչման մասին խօսելը մի քիչ վաղ է: Բայց դա չի նշանակում, որ մենք պէտք չէ շարունակենք աշխատել այդ ուղղութեամբ:

Հ.- Վերջերս այցելել էիք Լիբանան, որտեղ քաղաքական եւ տնտեսական անկայուն իրավիճակ է: Այդ առումով, ինչպէ՞ս էք գնահատում Լիբանանի հայ համայնքի վիճակը:

Պ.- Լիբանանի համայնքի վիճակը բաւականին դժուար է` հիմնականում տնտեսական ճգնաժամի պատճառով: Առկայ է նաեւ քաղաքական անկայունութիւն ու անորոշութիւն, որն աւելի է սաստկացնում տնտեսական ճգնաժամը: Նոյնիսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին այսպիսի տնտեսական մեծ ցնցում չէր եղել: Իմ այցելութեան նպատակն էր զօրավիգ կանգնել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէին, ինչպէս նաեւ` համայն լիբանանահայութեանը, վերահաստատելու, որ Դաշնակցութիւնն իրենց կողքին է եւ գործնական քայլերի է դիմելու այս ճգնաժամը յաղթահարելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայկական համայնքի տնտեսական ճգնաժամը մեղմելու համար գումար է յատկացրել, Արցախի նախագահը խոստացել է օժանդակութիւն տրամադրել: Գնահատելի է, որ թէ՛ ՀՀ, եւ թէ՛ ԱՀ նախագահները պատրաստակամութիւն են յայտնել աջակցութիւն ցուցաբերել: Սա բարոյական մեծ նշանակութիւն ունի եւ գօտեպնդող է: Մենք էլ մեր ծրագրերն ունենք օգնելու մանաւանդ ընչազուրկ դասակարգի կրթական, համայնքային կեանքի լիարժէք ապահովմանը:

Համայնքի տրամադրուածութիւնն այնպիսին է, որ պէտք է կազմուի ազգային համաձայնական կառավարութիւն, որը պէտք է վայելի ժողովրդի վստահութիւնը:

Հ.- Յաճախ են հնչում Դաշնակցութիւնը «ներսի» եւ «դրսի» բաժանելու կարծիքներ, արդեօ՞ք նոյնը չեն Հայաստանում եւ սփիւռքում ապրող դաշնակցականների տեսլականները, խնդիրների լուծման նկատմամբ իրենց դիրքորոշումները:

Պ.- Կասկած չկայ, որ ինչպէս ամէն մի մեծ կազմակերպութեան, այնպէս էլ ՀՅ Դաշնակցութեան մէջ տարբեր կարծիքներ կան ու պէտք է լինեն: Մենք ներքին ժողովների ընթացքում քաջալերում ենք բազմակարծութիւնը, որովհետեւ կարծիքների բախումից է ծնւում առողջ եզրակացութիւնը: Բայց յստակ է, որ չկայ «ներսի» ու «դրսի», «հին» ու «նոր» դաշնակցական: Դաշնակցութիւնն ունի երկաթեայ կարգապահութիւն: Կարծիքների բախումներից եւ որոշման կայացումից յետոյ այն դառնում է դաշնակցականի որոշումը: Կարելի է ունենալ կարծիքների տարբերութիւն մարտավարական առումով, բայց ընդհանուր նպատակակէտերի, ռազմավարութեան մէջ մենք գաղափարական կենտրոնացում ունենք: Այսպէս է Դաշնակցութիւնը տարիներով գոյատեւել եւ յաջողել:

Երեւանում դեկտեմբերի սկզբներին տեղի ունեցած երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ աշխարհի չորս կողմերից ժամանած երիտասարդներն այդ հարցերը քննարկեցին եւ երբեմն բուռն բանավէճ տեղի ունեցաւ: Բայց հոյակապ էր տեսնել, որ իւրաքանչիւրն, անկախ իր բնակութեան վայրից, ներկայացնում էր նոյն կերպարը, նոյն նկարագիրը, նոյն համոզումը եւ մեր գաղափարական հիմքի հանդէպ ամբողջական հաւատը:

Հ.- Հայաստանի վերջին ընտրութիւններից յետոյ ՀՅԴ-ն դարձել է արտախորհրդարանական քաղաքական ուժ: Այս պարագայում, ո՞րն էք համարում Դաշնակցութեան ամենակարեւոր մարտահրաւէրը:

Պ.- Ընտրութիւններից յետոյ մեր հիմնական օրակարգն էր` ճշդել Դաշնակցութեան դերը Հայաստանի քաղաքական առօրեայում: Եւ այդ ուղղութեամբ մենք ՀՅԴ Գերագոյն մարմինի հետ որդեգրեցինք այլընտրանքային, այսպէս կոչուած` «ստուերային կառավարութեան» մոտելը: Այս մոտելը հաստատում է, որ մենք խորհրդարանում եւ նրանից դուրս անելիք ունենք: Հայաստանի պարագայում, որոշուեց ստեղծել մասնագիտական ոլորտային յանձնախմբեր, որպէսզի իւրաքանչիւր պետական ոլորտի վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարեն եւ առաջարկներ ներկայացնեն կառավարութեանը կամ խորհրդարանին: Ունենք 11 յանձնախումբ, շուրջ 150 հոգի է աշխատում այդ յանձնախմբերում: Դրանցում ընդգրկուած են փորձառու ընկերներ, երիտասարդներ եւ տարբեր ոլորտների մասնագէտներ սփիւռքից: Դրա կողքին գործում է Բիւրոյի ընկերատնտեսական ուսումնասիրութիւնների գրասենեակը, որն աւելի ռազմավարական մակարդակի ուսումնասիրութիւններ է կատարում: Աշխատանքներ ենք տանում նաեւ ՀՅԴ աշխատանքային իրաւունքների պաշտպանութեան գրասենեակի գործունէութիւնն ընդարձակելու ուղղութեամբ: Այդ գրասենեակները պաշտպանում են աշխատողների իրաւունքները, նպատակ ունենք Երեւանի գրասենեակից բացի մասնաճիւղեր բացել բոլոր մարզերում:

Կառավարութեան ծրագրի վերաբերեալ մեր ուսումնասիրութիւնը, առաջարկներն ենք ներկայացրել, որը դժբախտաբար, արձագանգ չի ունեցել: Այս կառավարութեան գործելաոճում ամենագիտութեան, այլ կարծիք չընդունելու միտում ենք նկատում. նրանք այլ կարծիքի կարիք չունեն, ունեն «իմաստութեան բանալին»: Այդ իմաստով, ընդհանուր համերաշխութիւն, միասնական ճիգ, համահայկական համախմբում առաջացնելու միտում չեմ տեսնում: Ընդհակառակը, բաժանարար գծեր են տանում, «սեւի» ու «սպիտակի» հարց դեռեւս գոյութիւն ունի: Ընդդիմութիւնը ժողովրդավար երկրում բնական երեւոյթ է, բայց Հայաստանում այն վերածւում է թշնամանքի, որն անընդունելի է:

Հ.- Նկատելի է, որ Հայաստանի իշխանութիւնները պայքար են սկսել Դաշնակցութեան դէմ: Ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

Պ.- Վերջերս շատ յստակ, համակարգուած աշխատանք է ընթանում ՀՅԴ-ի դէմ: Ըստ երեւոյթին, այսպէս կոչուած, «մասնագէտները» սխալ խորհուրդներ են տալիս վարչապետին ու նրա շրջապատին: Նրանք յանգել են այն եզրակացութեան, որ Դաշնակցութեան դէմ արշաւի կէտերից մէկը կարող է լինել «ներսի» եւ «դրսի» դաշնակցականների, «հին» ու «նոր» ղեկավարութեան խնդիրը: Այդ սխալ եզրակացութեան վրայ հիմնուած` նրանք կարծում են, որ եթէ համադրուած պայքար տանեն այդ ուղղութեամբ, կարող են ճեղքեր առաջացնել:

Յոյս ունենք, որ մեր կոչերին ընդառաջելով` նրանք կը հրաժարուեն բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականութիւնից, որովհետեւ նրանց իշխանութեան բերած ժողովրդային շարժումը, վարչապետի իսկ բառերով, «սիրոյ եւ հանդուրժողականութեան», ժողովրդավար երկիր կառուցելու նպատակ ունի: Մենք շատ ոլորտներում կարող ենք համագործակցել, եթէ իշխանութիւնները բոլորին համախմբելու խոհեմութիւն ցուցաբերեն եւ ուժերը մասնատելու փոխարէն` կենտրոնացնեն բոլորի կողմից ընդունելի յստակ նպատակի իրականացման համար: Նոյնիսկ այս իրավիճակում, երբ կայ լարուած մթնոլորտ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները մի շարք նախարարութիւնների հետ: Լաւագոյն օրինակը պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարութիւններն են: ՀՅԴ-ն աշխարհով մէկ իր ուժերն օգտագործում է Հայաստանի դիւանագիտութեան հետ պաշտպանելու Հայաստանի միջազգային վարկը` սատարելով նրա պետականութեան ամրապնդմանը եւ չթողնելով, որ ներքին խնդիրներն արտացոլուեն արտաքին ճակատում: Այս հակադրութիւններից կարող է ուրախանալ միայն ու միայն մեր թշնամին, որը Հայաստանի սահմաններից դուրս է:

Ուզում եմ յիշեցնել Ստեփանակերտում հոկտեմբերին հրաւիրուած խորհրդաժողովի մասին, երբ առաջին անգամ հաւաքուեցին Արցախին սատարող շուրջ 150 քաղաքական, գիտական եւ մամուլի օտարազգի ներկայացուցիչներ: Հոկտեմբերին տեղի ունեցած այդ խորհրդաժողովում հիմք դրուեց Արցախի բարեկամների ցանցին, որը շարունակական երեւոյթ է եւ պէտք է ընդարձակուի:

Հ.- ՀՅԴ-ն արդէն 130-ամեակն է թեւակոխում: Ի՞նչ ծրագրեր են նախատեսւում, որո՞նք էք համարում կուսակցութեան առաջնահերթ մարտահրաւէրները:

Պ.- Առաջիկայ տարիների մեր կարեւորագոյն մարտահրաւէրը Հայաստանի հզօրացումն է, Հայաստանի տնտեսական զարգացումը, ընկերային արդարութեան հաստատումը եւ միասնականութեան ոգու վերականգնումը: Երկրորդը` Արցախի պարագայում բանակցային գործընթացի առողջ ընթացքն է` Արցախի ինքնորոշման իրաւունքի եւ վերջապէս անկախութեան ճանաչումը: Արցախը պիտի դառնայ լիիրաւ անկախ եւ վերամիաւորուի մայր հայրենիքի հետ:

Սփիւռքի դէպքում, վերակենսաւորման խնդիր ունենք: Ծրագրում ենք այլ ուժերի հետ խորհրդաժողով կազմակերպել եւ բոլոր ուղեկից կառոյցների միացեալ համագումար հրաւիրել հայրենիքում: Անշուշտ մեծ շուքով նշելու ենք Սեւրի դաշնագրի 100-ամեակը, որը պարտամուրհակ է հայ ժողովրդի նկատմամբ:

Այստեղ ուզում եմ աւելացնել, որ առկայ է միջինարեւելեան ճգնաժամերի խնդիրը, որը մենք պէտք է համակողմանի ուսումնասիրութեան ենթարկենք եւ այն հունաւորելու ուղիներ մշակենք: Մեր նպատակն այն է, որ սփիւռքի սիրտը հանդիսացող, երբեմնի հզօր միջինարեւելեան գաղութները համահայկական աջակցութեան արժանանան, որպէսզի գոյատեւեն, իսկ արտագաղթի դէպքում, հաստատուեն հայրենիքում:

Ջաւախքի պարագայում, մեր հիմնական առաջադրանքներից է այնտեղ բնակուող հայրենակիցներին աջակցելը, որպէսզի պաշտպանուեն նրանց իրաւունքները: Վրաստանի իշխանութիւնները միշտ չէ, որ յարգում են այդ իրաւունքները: Մեր պարտականութիւնն է` շարունակաբար այդ հարցը օրակարգում պահել, որպէսզի մեր եղբայրներն ու քոյրերը ամուր կառչած մնան հայրենի հողին:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement