Աշխատաւորների Իրաւունքների Պաշտպանութիւնը Ուշադրութեան Կենտրոնում․ Արցախի Նախագահին Ուղերձը

By Asbarez | Saturday, 02 May 2020

0502pago

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան 1 Մայիսին, Աշխատաւորներու համերաշխութեան միջազգային օրուան առթիւ յղեց շնորհաւորական ուղերձ մը, որուն մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«Աշխատաւորների իրաւունքների եւ շահերի պաշտպանութիւնը միշտ եղել է մեր պետութեան յատուկ ուշադրութեան կենտրոնում: Իսկ ներկայ պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թւում նաեւ մեր երկրում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացւում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն աւելի է կարեւորւում: Մեր բոլոր գործողութիւնները միտուած են նրան, որպէսզի ստեղծուած իրավիճակում հնարաւորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջութիւնը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար:

«Պետութեան գլխաւոր նպատակներից եղել եւ մնում է այն, որ ամէն մէկը հնարաւորութիւն ունենայ աշխատել ու արարել սեփական հողի վրայ, ստեղծել նիւթական, մշակութային եւ հոգեւոր արժէքներ՝ դրանով իսկ նպաստելով ինչպէս իր եւ իր ընտանիքի բարեկեցութեան ու բարօրութեան ապահովմանը, այնպէս էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զօրացմանը»:

comments