Հայաստանն Պաշտպանելու Է Արցախի Ժողովրդի Ինքնորոշման Իրաւունքն Առանց Որեւէ Սահմանափակման. Աննա Նաղտալեան

By Asbarez | Friday, 22 May 2020

0522Anna

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ խօսնակ Աննա Նաղտալեան մեկնաբանեց Արցախի նորընտիր նախագահին` Շուշիի մէջ տեղի ունենալիք երդմնակալութեան վերաբերեալ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան կողմէ կատարուած յայտարարութիւնը:

«Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի սպառնալիքները եւ ռազմատենչ կեցուածքը` լինեն դրանք յայտարարութիւնների, թէ միջազգային յանձառութիւնների խախտմամբ անցկացուող լայնամասշտաբ զօրավարժութիւնների տեսքով, Ադրբեջանի ոչ-կառուցողական դիրքորոշման աւանդական բաղադրիչներն են, որոնք որեւէ ազդեցութիւն չեն կարող ունենալ ղարաբաղեան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների եւ Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրայ:

«Այնուհանդերձ, դրանք միանշանակօրէն վնասում են խաղաղութեան նպաստող միջավայրի ձեւաւորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հաւատարիմ է հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում:

«Եւս մէկ անգամ շնորհաւորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդիւնքում իշխանութիւն ձեւաւորելու կապակցութեամբ` ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետութիւնը կը շարունակի սերտօրէն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանութիւնների հետ եւ այդ համատեքստում հետեւողականօրէն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացումը` առանց որեւէ սահմանափակման»:

comments