By Asbarez | Saturday, 15 August 2020
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վարչապետ Նիկոլ Փաշինեան բացառեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծումը ռազմական ճանապարհով: Այս մասին Փաշինեան ըսաւ «Պի.Պի.Սի.»ի «HARDtalk» հաղորդման ընթացքին՝ յիշեցնելով տագնապի լուծման վերաբերեալ իր առաջարկած բանաձեւը:
«Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղութեան չենք կարող հասնել. իրական խաղաղութեան կարող ենք հասնել, եթէ Ադրբեջանը նոյն կերպ պատասխանի Հայաստանի գործողութիւններին: Դառնալով Հայաստանի վարչապետ` ես առաջարկեցի խաղաղութեան նոր բանաձեւ, այն է` ղարաբաղեան հակամարտութեան որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ յայտարարում եմ, որ ղարաբաղեան հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Բայց, ցաւօք սրտի, Ադրբեջանի նախագահը չարձագանգեց իմ առաջարկութեանը», յայտնեց Փաշինեան:
Հայաստանի վարչապետը՝ մեկնաբանելով Արցախի մէջ կատարած իր յայտարարութիւնը, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», նշեց, թէ հազարամեակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցուած էր բնիկ հայ ազգաբնակչութեամբ:
«Արցախ անուանումն ունի հազարամեակների պատմութիւն: ՄԱԿի անվտանգութեան խորհրդի փաստաթղթում չի նշւում Հայաստանի Հանրապետութիւն կամ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժեր: Այնտեղ նշուած է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր: Նախքան հակամարտութեան սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչութեան 80-90 տոկոսը հայեր էին: Եւ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտութեանը: Մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնւում ենք մէկ ընդհանուր անվտանգութեան տարածքում», դիտել տուաւ Փաշինեան:
Հաղորդավարի այն դիտարկման, թէ Հայաստանի կեցուածքը ազգայնական է՝ Փաշինեան նշեց, որ համաձայն չէ այդ կարծիքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի մէջ հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջեւ:
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկուսացման եւ շրջափակման քաղաքականութիւն է վարում, եւ ի դէպ նաեւ Հայաստանի նկատմամբ: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում հրաժարուել ուժի գործադրման որեւէ հնարաւորութիւնից: Մենք պէտք է պայմանաւորուենք մի շատ պարզ բանաձեւի շուրջ` ղարաբաղեան հակամարտութեան ռազմական լուծում չկայ: Պատերազմը ողբերգութիւնների շղթայ է յարուցում. այդ իսկ պատճառով մենք ասում ենք` եկէք մերժենք եւ հրաժարուենք հակամարտութեան կարգաւորման հարցում ուժի կիրառման հեռանկարից: Խաղաղութիւնը ենթադրում է փոխզիջում: Եւ Հայաստանը միշտ պատրաստ էր եւ պատրաստ է փոխզիջման», յայտնեց վարչապետը:
Փաշինեանը թեմայի ծիրին մէջ յիշեցուց նաեւ Ատրպէյճանի Սումկայիթ եւ Պաքու քաղաքներուն մէջ վայրագութիւններու զոհ դարձած հայերուն մասին՝ նշելով, որ այդ ողբերգութիւնները առանցքային դեր ունին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մէջ:
«Եւրադատարանը հայերի նկատմամբ ադրբեջանցիների կատարած ոճրագործութիւնների վերաբերեալ կատալոգ ունի: Այստեղ հարկ է նշել Սումգայիթեան իրադարձութիւնները, որոնք տեղի ունեցան 1980ականների վերջին, երբ Ադրբեջանի այն ժամանակուայ կառավարութիւնը ջարդեր նախաձեռնեց հայերի դէմ Սումգայիթում եւ Ադրբեջանի մայրաքաղաքում: Եւ սա առանցքային կէտ է այս հարցում: Եւ պէտք է պարզել, թէ ով է իրականում նախաձեռնել եւ իրագործել վայրագութիւններ: Լեռնային Ղարաբաղի հայերը վայրագութեան զոհ դարձան, եւ մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի», յայտնեց Փաշինեան:
Հայաստանի վարչապետը անհրաժեշտ նկատեց հայ-ատրպէյճանական սահմանին արձանագրուող զինադադարի խախտումներու հետաքննութեան միջազգային մեքանիզմներու ներդրումը:
«Ադրբեջանը ռազմական յարձակում սկսեց Հայաստանի նկատմամբ, ըստ որում` դա առանձին գործողութիւն չէր: Ադրբեջանի նախագահը շարունակաբար դիմում էր ռազմատենչ հռետորաբանութեան` ասելով, որ նա պատրաստւում է Ղարաբաղի հարցը լուծել ուժի միջոցով: Ադրբեջանի նախագահի եւ կառավարութեան ռազմատենչ յայտարարութիւններն էլ աւելի սաստկացան Յուլիսի 12ին նախորդող շաբաթների եւ ամիսների ընթացքում: Ադրբեջանի կառավարութեան առջեւ ծառացած է մի կարեւորագոյն մարտահրաւէր, այն է` բացատրել սեփական հանրութեանը, թէ ինչու իրենք չկարողացան ղարաբաղեան հակամարտութիւնը լուծել ուժի միջոցով, այն դէպքում երբ միլիարդաւոր դոլարներ են ծախսուել ռազմական նպատակներով` ի հաշիւ Ադրբեջանի ժողովրդի բարեկեցութեան: Ադրբեջանի յարձակումը ձախողուեց, եւ այդպիսով յօդս ցնդեց Հայաստանի նկատմամբ իրենց ռազմական գերակայութեան առասպելը», դիտել տուաւ Փաշինեան:
Վարչապետը զինադադարի խախտումներու հետաքննութեան միջազգային մեքանիզմներու ներդնումը պատճառաբանեց անով, որ միջազգային հանրութիւնը արդէն բաւական ժամանակ է զինադադարի խախտումներու պարագային կը ստիպուի լսել երկու կողմերու փոխադարձ մեղադրանքները:
«Ես կարող եմ հասկանալ միջազգային հանրութեանը, որն ամէն անգամ ստիպուած է լսել կողմերի փոխադարձ մեղադրանքներն առ այն, թէ ով սկսեց կամ ով առաջինը խախտեց զինադադարը: Եւ կրկին ու կրկին դրա ականատեսն ենք լինում արդէն բաւականին ժամանակ: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ներդնել հրադադարի խախտումների հետաքննութեան միջազգային մեխանիզմներ: Եւ սա միանգամայն հիմնաւորուած առաջարկութիւն է Հայաստանի կողմից», նշեց վարչապետը:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ