Մոսկուայի Մէջ Ստորագրուեցաւ «Արցախի Զարգացման» Մասին Եռակողմանի Յայտարարութիւն

By Asbarez | Wednesday, 13 January 2021

0113moscow

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Մոսկուայի մէջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի միջեւ 11 Յունուարին տեղի ունեցած հանդիպումէն ետք, երեք ղեկավարները ստորագրեցին համատեղ յայտարարութիւն մը՝ «Լեռնային  Ղարաբաղի զարգացման» վերաբերեալ:

Փութին յայտնեց, որ բանակցութիւնները եղան «բացառիկ կարեւոր եւ արդիւնաւէտ»։

Ստորեւ կը ներկայացնենք յայտարարութեան գլխաւոր կէտերը.

«1. 2020 թ.ի Նոյեմբերի 9ի յայտարարութեան՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային (փոխադրական-Խմբ.) կապերն ապաշրջափակելու մասին 9րդ կէտի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ. Վ. Պուտինի առաջարկին:

«2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կ՛անցկացնի մինչեւ 2021 թ.ի Յունուարի 30ը, որի արդիւնքների հիման վրայ կը կազմի Յայտարարութեան 9րդ կէտի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղութիւնների ցանկը՝ որպէս գերակայութիւններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցութիւնները, ինչպէս նաեւ կը սահմանի Ադրբեջանի Հանրապետութեան, Հայաստանի Հանրապետութեան ու Ռուսաստանի Դաշնութեան (այսուհետ՝ կողմեր) միջեւ համաձայնեցուած այլ ուղղութիւններ:

«3. Գործունէութեան հիմնական ուղղութիւններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կը հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կը ներառուեն կողմերի իրաւասու մարմինների ներկայացուցիչներ եւ կազմակերպութիւնների պաշտօնատար անձինք: Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից յետոյ մէկամսեայ ժամկէտում կը ներկայացնեն նախագծերի ցանկ, որում կը ներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները՝ դրանց իրականացման եւ Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

«4. Աշխատանքային խումբը մինչեւ 2021թ. Մարտի 1ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կը ներկայացնի Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով իրականացուող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցուածքների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացոյց, նոյն կերպ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կողմից իրականացուող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքները»:

Փաշինեանը շնորհակալութիւն յայտնեց Փութինին՝ տարածաշրջանին մէջ կայունութեան վերականգնման ջանքերուն համար եւ աւեցուց. «Ցաւօք, այդ կոնֆլիկտը (տագնապը-Խմբ.) դեռ կարգաւորուած չէ: Մեզ յաջողուեց ապահովել հրադադար, սակայն դեռ մնում են հարցեր, որոնք կարգաւորուած չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ցաւօք, մեզ այսօր չյաջողուեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցաւոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, եւ մենք պայմանաւորուել ենք շարունակել աշխատանքն այս ուղղութեամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ (յստակ-Խմբ.) մեր համատեղ յայտարարութեան 8րդ կէտն ամբողջութեամբ չի իրականացւում: Ես յոյս ունեմ, որ մենք կարճ ժամկէտներում կը կարողանանք հասնել կոնկրետ լուծումների»:

comments

Advertisement