Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Տարածքից Դուրս Է, Երբեք Չի Եղել Ադրբեջանի Տարածքում Եւ Չի Էլ Լինելու. Ա. Բեգլարեան

By Asbarez | Tuesday, 27 July 2021



ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Արցախը հազարամեակներ շարունակ եղած է հայկական եւ յաւերժ կը մնայ այդպէս` մեր համազգային կամքին ու ջանքին շնորհիւ: Ալիեւները եկած ու անցած են դարերու թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացած է կանգուն: Այս մասին գրառում կատարած է Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեան:

«Ակնյայտ է, որ Իլհամ Ալիեւը իր վերջին հարցազրոյցով նպատակ ունէր հերթական անգամ մոլորութեան մէջ պահելու իր հասարակութեանն ու միջազգային լսարանին եւ կերակրելու ստերով Արցախի վերաբերեալ: Մասնաւորապէս`

«1. Ալիեւը հերթական անգամ «ճիշդ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկայ Լեռնային Ղարաբաղ անուանմամբ տարածք: Այո՛, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում եւ չի էլ լինելու:

«2. Արցախի կարգավիճակի մասին նրա պնդումները պարզապէս ինքնախաբէութեան ու ստախօսութեան դրսեւորումներ են, քանի որ անկախ առկայ կորուստներից ու դժուարութիւններից` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութիւնը գործում է լիարժէքօրէն, ինչպէս գործում էր նախապատերազմեան ժամանակահատուածում: Մենք ունենք կայացած պետական ինստիտուտներ ու ատրիբուտներ (ստորոգելիական վերադիրներ, յատկանիշներ) եւ դրանք զարգացնելու ու ամրապնդելու անկոտրում կամք: Իսկ Արցախի ժողովուրդն ու իշխանութիւնները երբեւէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որեւէ դէ ֆակտօ (իրողապէս) կամ դէ իւրէ (իրաւապէս) կարգավիճակ, եւ հետեւողական պայքարով հասնելու ենք մեր անկախութեան միջազգային ճանաչմանը:

«3. Ստախօսութեան հերթական դրսեւորում էր նաեւ այն պնդումը, որ Արցախում այժմ 25.000 բնակիչ կայ, դա այն դէպքում, երբ շուրջ 115.000-120.000 մարդ է բնակւում Արցախում: Այստեղ հետաքրքրական է նրա պնդման համատեքստը, քանի որ դրա միջոցով նա խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախուած է հէնց Արցախի բնակչութիւնից, եւ փորձում է պարզունակ հնարքով կեղծել իրականութիւնը:

«4. Նա կրկին կեղծում է պատմութիւնը` արդարացիօրէն նշելով, որ ԼՂԻՄը արհեստական միաւորում էր, բայց դա ներկայացնում է որպէս Ադրբեջանի դէմ քայլ` անտեսելով այն փաստը, որ իրականում հէնց հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել Արցախը Ադրբեջանին բռնակցելիս: Ճշմարտութիւնն այն է, որ հակամարտութիւնը մեկնարկել է նախախորհրդային ժամանակաշրջանում ու անարդար որոշումները կայացուել են խորհրդային առաջին տարիներին` ամբողջութեամբ հայաբնակ Արցախի բնակչութեան կամքին հակառակ: Հետեւաբար, տեղին չէ հակամարտութիւնը դիտարկել 1988 թուականից ի վեր, եւ պէտք է ընդունել իրաւական ու պատմական փաստերը, որ Արցախը 1921թ. ոչ միայն բռնակցուել է Ադրբեջանին, այլ նաեւ այդ ժամանակ ու մինչեւ ԽՍՀՄ փլուզումը արհեստականօրէն ու մեծապէս կրճատուել են Լեռնային Ղարաբաղի սահմանները (այդ թւում` 1928թ. ԼՂԻՄը կտրուել է ՀԽՍՀ հետ սահմանից), արհեստականօրէն փոխուել է ժողովրդագրական պատկերը, տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանութիւն: Փաստօրէն, ԼՂԻՄի ձեւաւորմանն անդրադառնալով` ստացւում է, որ Ալիեւն ընդունում է հակամարտութեան կարգաւորման գործում դրա հիմքերը (ներառեալ` սահմանային ու ժողովրդագրական պատկերը) հաշուի առնելու անհրաժեշտութիւնը:

«5. Եթէ հայերը Արցախում եկուորներ են 19րդ դարի սկզբից, ապա ո՞ւմ հետ էին պատերազմում զաւթիչ Փանահ ու Իբրահիմ խաները 18րդ դարի կէսերին, ովքե՞ր են ջարդել օսմանեան զօրքերին Արցախում 18րդ դարի սկզբին, ի՞նչ լեզուով են գրուած Գանձասարի ու Դադիվանքի միջնադարեան արձանագրութիւնները, արդեօ՞ք կաշառուած էին անտիկ (հնամի) ու միջնադարեան օտարերկրացի պատմիչները հայկական Արցախի մասին վկայելիս, եւ այլն, եւ այլն», գռած է Բեգլարեան:

Յ.Գ.- «Լուսանկարը` յունիսմէկեան միջոցառումից` առաջնագծին մերձակայ բնակավայրերի մի խումբ մանուկներ` Արցախի յաւէրժութեան առհաւատչեան», նկարին տակ գրած է Բեգլարեան:

comments