Թաթոյեան Գորիս-Կապան Եւ Կապան-Ճակատէն Ճամբաներուն Վերաբերող ԱԽի Յայտարարութիւնը Կը Նկատէ Սահմանադրութիւնը Խախտող

By Asbarez | Wednesday, 17 November 2021

ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրառում կատարելով՝ կը հաստատէ, որ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճամբաներուն վերաբերող Հայաստանի Անվտանգութեան խորհուրդի (ԱԽ) 15 Նոյեմբերի յայտարարութիւնը կը խախտէ Հայաստանի Սահմանադրութիւնը եւ մարդու իրաւունքներու միջազգային պահանջները:

Ստորեւ՝ իբրեւ հիմնաւորում անոր նշած կէտերը.

«1) Մասնաւորապէս, ԱԽի Նոյեմբերի 15ի յայտարարութիւնը յղում է անում ԽՍՀՄ չյստակեցուած ինչ-որ քարտէզների ու նշում, որ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն աւտոճանապարհների ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ գտնուող հատուածները ՀՀ տարածքում չեն գտնւում:

«Այնուհետեւ, ԱԽ յայտարարութիւնը խօսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էութեան, թոյլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողութիւնը նշուած ճանապարհների նկատմամբ:

«ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽի այս յայտարարութեամբ ամբողջութեամբ անտեսուած են մարդու իրաւունքների պահանջները, անտեսուած է այն, որ ադրբեջանական վերահսկողութիւնը նշուած ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչութեան՝ ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորուած եւ միջազգայնօրէն ճանաչուած կենսական իրաւունքները:

«2) Նախ, ՀՀ Սահմանադրութեան 2րդ յօդուածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետութիւնում մարդը բարձրագոյն արժէք է: Մարդու անօտարելի արժանապատուութիւնն իր իրաւունքների եւ ազատութիւնների անքակտելի հիմքն է:

«2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների յարգումն ու պաշտպանութիւնը հանրային իշխանութեան պարտականութիւններն են:

«3. Հանրային իշխանութիւնը սահմանափակուած է մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքներով եւ ազատութիւններով՝ որպէս անմիջականօրէն գործող իրաւունք»:

«Սահմանադրութեան 2րդ գլուխը երաշխաւորում է մարդու եւ քաղաքացու հիմնական  իրաւունքները եւ ազատութիւնները:

«ՀՀ Սահմանադրութեան 191րդ յօդուածի 1ին մասն ամրագրում է, որ Մարդու իրաւունքների պաշտպանը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտօնատար անձանց կողմից մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պահպանմանը, նպաստում է խախտուած իրաւունքների եւ ազատութիւնների վերականգնմանը:

«Սահմանադրութեան 52րդ յօդուածն ամրագրում է նշուած մարմինների ու պաշտօնատար անձանց կողմից Սահմանադրութեամբ եւ օրէնքներով ամրագրուած իր իրաւունքների եւ ազատութիւնների խախտման դէպքում Մարդու իրաւունքների պաշտպանի աջակցութիւնը ստանալու իւրաքանչիւր անձի բացարձակ սահմանադրական իրաւունքը:

«ԱԽի յայտարարութիւնը միջազգային պահանջների թւում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. Դեկտեմբերի 19ի պաշտօնական ուղեցոյցը Պետական սահմանների դելիմիտացիայի (սահմանազատման) եւ դեմարկացիայի (սահմանագծման) վերաբերեալ, ՄԱԿի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի 2021թ. ուղեցոյցը միջազգային սահմաններին մարդու իրաւունքների վերաբերեալ եւ այլն: Այս ակտերն (որոշումները) ամրագրում են մարդու իրաւունքները՝ որպէս սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:

«3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. Սեպտեմբեր-Նոյեմբեր ամիսների պատերազմից յետոյ մինչ օրս, այդ թւում՝ կապուած 2021թ. Նոյեմբերի 10ին եւ 14ին յայտարարուած համապատասխանաբար Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհներին, այսպէս կոչուած, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողութեան անցակէտեր սահմանելու հետ, տեղում այցերով եւ մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցէագրուած անհատական ու կոլեկտիւ (խմբային) կոնկրետ (յստակ) բողոքների քննութեամբ ձեռք է բերել հաւաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինուած ծառայողների յայտնուելու պահից խախտուած են Հայաստանի քաղաքացիական բնակչութեան կեանքի, անվտանգութեան, ազատ տեղաշարժի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան, տնտեսական գործունէութեան ազատութեան իրաւունքները, երեխայի շահերը եւ այլն: Չկան այս իրաւունքների պաշտպանութեան, խախտում կատարողներին պատասխանատուութեան ենթարկելու մեխանիզմներ (գործիքակազմեր) եւ այլն:

«Մասնաւորապէս, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրուել են ՀՀ բնակչութեան իրաւունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի եւ Դաւիթ Բէկի հատուածներում Օգոստոսի 25-27ը դիտաւորութեամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրաւան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման եւ հումանիտար ճգնաժամի առաջ դիտաւորեալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղութեամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարեւանութեամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զէնքով սպառնալը, ահաբեկելու նպատակով աւտոբուսով (հանրակառքով) երեխաների կանգնեցնելը, Հայաստանում օրինական հիմունքներով գտնուող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու եւ այլ անօրինական պահանջներ ներկայացնելը եւ այլն:

«Կապան-Ճակատէն ճանապարհին ադրբեջանական, այսպէս կոչուած, անցակէտի պատճառով հումանիտար (մարդասիրական) լրջագոյն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գիւղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշէնի, Ծաւի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչութիւնը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից յետոյ ադրբեջանական զինուած ծառայողների ներկայութիւնն այդ ճանապարհի տարբեր հատուածներում ինքնին խաթարել է նշուած բնակավայրերի քաղաքացիական բնակչութեան ազատ տեղաշարժը, արձանագրուել են ճանապարհի մայթեզրին նրանց զէնքով ու դիմակաւորուած յայտնուելու փաստեր (այդ թւում՝ Նոյեմբերի 14ին): Պէտք է յիշել, որ 2021թ. Փետրուարի 26ին այս ճանապարհը մի քանի ժամով փակուել էր ադրբեջանական զինուած ծառայողների սադրանքի պատճառով:

«Եւս մէկ կարեւոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թէ դրանով վերացւում է Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհներին ներկայ ադրբեջանական զինուած ու դիմակաւորուած ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչութեան ու յատկապէս նրանց տեղակայման դիրքերի հարեւանութեամբ գտնուող համայնքների բնակիչների կեանքին ու անվտանգութեանը:

«Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայութիւններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց եւ դրա համար չեն պատժուել:

«Պատերազմից յետոյ ադրբեջանական իշխանութիւնները խորացրել հայատեացութիւնն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինուած ծառայողներն այդ ճանապարհներին են յայտնուել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականութեան արդիւնքում (այս փաստերը հաստատւում են ապացոյցներով):

«Երկու երկրների միջեւ տեղի չի ունեցել սահմանազատում կամ սահմանագծում:

«Ուստի, ադրբեջանական զինուած ծառայողների ներկայութիւնն ինքնին մեր գիւղերի մօտ ու ճանապարհներին ՀՀ բնակչութեան իրաւունքների խախտում է:

«Հայաստանի հանրային իշխանութեան ցանկացած մարմին, այդ թւում՝ ՀՀ անվտանգութեան խորհուրդը պարտաւոր է իր գործունէութեան մէջ, նաեւ հրապարակային յայտարարութիւններում ղեկավարուել մարդու իրաւունքների պահանջներով եւ չի կարող անել այնպիսի յայտարարութիւններ, որոնք ոտնահարում կամ վտանգում են մարդու իրաւունքները կամ դրանց պաշտպանութիւնը դարձնում են անհնար»:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement