ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահութիւնը ԼՂ Հակամարտութեան Կարգաւորման Միակ Ձեւաչափն Է. Արցախի ԱԳՆ

By Asbarez | Monday, 17 January 2022



ԱՐՑԱԽԻ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը (ԱԳՆ) յայտարարութեամբ մը պատասխանեց Ատրպէյճանի նախագահին հեգնական մօտեցումին` ուղղուած ԵԱՀԿի Մինսքի խումբի համանախագահութեան` հաստատելով, որ անիկա Ղարաբաղեան տագնապի լուծման միակ ձեւաչափն է։

Ստորեւ` յայտարարութիւնը․

«Մի շարք լրատուամիջոցներին վերջերս տուած  հարցազրոյցում Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատեաց, ապակառուցողական, ծաւալապաշտական բառապաշար եւ գաղափարներ` հնչեցնելով դրանց  համապատասխանող ծրագրեր ու նպատակներ:

«Նման քաղաքականութիւնը միջազգային իրաւունքի, միջազգային մարդասիրական իրաւունքի եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կոպտագոյն խախտում է: Այն նպատակ ունի տորպեդացնելու (թորփիլահարելու, հարուածելու)  խաղաղութեան հաստատման ու կայունութեան պահպանման նախաձեռնութիւններն ու ապամոնտաժելու գոյութիւն ունեցող ձեւաչափերը:

«Ադրբեջանի ղեկավարը յատուկ թիրախաւորել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան եւ համանախագահող երկրներից մէկի` Ռուսաստանի Դաշնութեան կողմից Արցախում իրականացուող խաղաղապահ առաքելութեանը` անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունէութեան դէմ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բոլոր կողմերի միջեւ համաձայնեցուած միակ ձեւաչափը:

«Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զօրակազմի առաքելութիւնն Արցախում եւ անընդունելի համարում նրանց գործունէութեան վրայ ստուեր գցելու ցանկացած փորձ:

«Արցախի Հանրապետութեան ԱԳՆն խստիւ դատապարտում է Ադրբեջանի պահուածքը` համոզուած լինելով, որ պետական մակարդակով իրականացուող այսպիսի քաղաքականութիւնը պէտք է արժանանայ համապատասխան գնահատականի նաեւ միջազգային հանրութեան կողմից»:

Միւս կողմէ, Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները Ատրպէյճանի սադրանքները դատապարտող հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեցին.

«2020 Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Ադրբեջանը Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան սահմաններին պարբերաբար լարուած իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախաւորելով հայկական երկու հանրապետութիւնների խաղաղ բնակչութեանը:

«Վերջին օրերին աւելի յաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարուել տասնամեակներ շարունակ վարած հայատեաց քաղաքականութիւնից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղութեան օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան՝ միջազգային կառոյցների համար երբեմն հնչեցուող յայտարարութիւնների անկեղծութիւնը:

«2020 աշնանը Արցախի ժողովրդի դէմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցութեամբ սանձազերծուած եւ մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով ուղեկցուած  Ադրբեջանական յարձակումները, չնայած Մինսքի խմբի համանախագահ երկրներից մէկի՝ Ռուսաստանի Դաշնութեան խաղաղարար ջանքերի, շարունակւում է այլ մեթոդներով, եւ այդ ամէնը պարբերաբար բորբոքւում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապէս հնչեցուող սպառնալիքներով, մասնաւորապէս կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկուող միջանցքի անվտանգութիւնը:

«Հայաստանի ղեկավարութեան, միջազգային կառոյցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամէնի անտեսումն ու համարժէք արձագանգների բացակայութիւնը սխալ ազդանշան են դարձել հարեւան երկրի ղեկավարի համար, ով, մոռացութեան տալով եւրոպական հեղինակաւոր կառոյցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտաւորութիւնները, հիմա էլ հաւակնում է ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնութիւնից, Միացեալ Նահանգներից եւ Ֆրանսիայից կազմուած ԵԱՀԿ Մինսքի խմբի գործունէութեան սահմանափակմանը:

«Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը 1992 թուականից յանձն առած եւ տեւական ժամանակ տարածաշրջանային կայունութեանը իր նպաստը բերած վերոնշեալ հեղինակաւոր կառոյցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթոյլատրելի ու գնահատում որպէս բացայայտ արհամարհանք միջազգային իրաւունքի եւ միջազգային հանրութեան ջանքերի նկատմամբ:

«Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարութեան նման պահուածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարուածութիւնը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական  քաղաքականութեան չէզոքացման եւ այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրաւունքի դաշտ վերադարձնելու համար»:

comments

Advertisement